Գրքեր
Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի վարման կլինիկական ուղեցույց

Սույն ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացույցների վրա հիմնված տեղեկություններ և ապացուցողական խորհուրդներ պրեէկլամպսիայի և էկլամպսիայի վերաբերյալ, և բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը:
Հաստատված է ՀՀ ԱՆ հրամանով. (նախագիծ)
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից։
Ուղեցույցի գրականական աղբյուր են հանդիսացել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG; The Management of Severe Pre-Eclampsia/Eclampsia), Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների միության (SOGC; Diagnosis, Evaluation, and Management of the Hypertensive Disorders of Pregnancy), Մեծ Բրիտանիայի Առողջապահության և որակյալ խնամքի ազգային ինստիտուտի (NICE; Hypertension in pregnancy: diagnosis and management), Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG; Hypertension in Pregnancy) և Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կառավարության Առողջապահության դեպարտամենտի (Hypertensive disorders of pregnancy) համանուն ուղեցույցները, ինչպես նաև ԱՄՆ Ազգային միացյալ կոմիտեի 7-րդ հրապարակումը (JNC-7; Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure), ԱՄՆ Զարկերակային գերճնշման ազգային կրթական ծրագրի հղիության ժամանակ զարկերակային գերճնշման աշխատանքային խմբի հրապարակումը (NHBPEP; Report of the National High Blood Pressure Education Program Working Group on High Blood Pressure in Pregnancy) և PubMed, EMBASE, Cochrane Library, National Guideline Clearinghouse և UpToDate շտեմարանների արդի տվյալները։
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում, հիմք է ընդունվել Մեծ Բրիտանիայի մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) և Կանադայի կանխարգելիչ առողջապահության օպերատիվ խմբի կողմից առաջարկվող դասակարգումները:
Ուղեցույցի խորհուրդները ձևակերպելիս՝ ըստ Մեծ Բրիտանիայի մանկաբարձ- գինեկոլոգների թագավորական քոլեջի կողմից առաջարկվող դասակարգման, կիրառվել է խորհուրդների ուժի գնահատման հնգաստիճան համակարգ՝ «A», «B», «C», «D», որոնք հիմնված են բարձրից մինչև ցածր որակի ապացուցողական տվյալների վրա, և «I», որը հիմնված է ուղեցույցը մշակող աշխատանքային խմբի կլինիկական փորձի վրա: Ըստ Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների միության կողմից առաջարկվող դասակարգման խորհուրդների ուժերն ունեն «A», «B», «C», «D», «E» և «I» աստիճանները, և յուրաքանչյուր խորհրդի դեպքում խորհուրդի ուժը ներկայացվում է տվյալ խորհրդի հիմքում ընկած ապացուցողական տվյալների որակին կից, որոնք ունեն «I», «II-1», «II-2», «II-3», «III» մակարդակները։
Ուղեցույցի տեղայնցաման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Բոլոր խորհուրդները քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի անդամների կողմից անդամների կողմից (արձանագրությունը կցվում է): Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց:
Ուղեցույցը նախատեսված է պրեէկլամպսիայի և էկլամպսիայի վարման մեջ ներառված մասնագետների համար՝ մանկաբարձ-գինեկոլոգներ։