Սուր երիկամային անբավարարություն. բուժում

Սուր երիկամային անբավարարություն. բուժում

​Սուր երիկամային անբավարարության բուժումը, որպես օրենք, կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում:

Երիկամների սուր վնասմամբ մարդկանց մեծ մասը սովորաբար արդեն ստանում է հիվանդանոցային բուժում այն հիվանդության դեմ, որն առաջացրել է երիկամների գործունեության սուր խանգարում:

Հիվանդանոցային բուժման տևողությունը գլխավորապես կախված է սուր երիկամային անբավարարության զարգացումը պայմանավորված հիվանդությունից, ձեր ընդհանուր առողջական վիճակից, ինչպես նաև երիկամների գործունեության վերականգնման արագությունից:

Երիկամների վնասում պատճառող հիվանդության բուժում

Սուր երիկամային անբավարարության բուժումը ներառում է ձեր երիկամներն ի սկզբանե վնասող հիվանդության հայտնաբերումը և բուժումը: Բժշկի կողմից առաջարկվող բուժման տեսակը կախված է այդ հիվանդությունից (ախտորոշում), դրա ծանրության աստիճանից և ձեր ընդհանուր առողջական վիճակից, այդ թվում՝ ուղեկցող հիվանդություններից և առողջական խնդիրներից:

Բարդությունների բուժում՝ մինչև երիկամների գործունեության վերականգնումը

Բժիշկը նաև առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սուր երիկամային անբավարարության բարդությունների կանխարգելմանը կամ բուժմանը, որը թույլ կտա ժամանակ «շահել»՝ մինչև ձեր երիկամները վերականգնեն իրենց գործունեությունը: Այսպիսի բուժումը ներառում է տարբեր մոտեցումներ:

  • Արյան հեղուկների քանակի հավասարակշռությունը պահպանող բուժումներ. եթե ձեզ մոտ սուր երիկամային անբավարարությունը զարգացել է արյան մեջ հեղուկի պակասից (հիպովոլեմիա), ապա բժիշկը նշանակում է ներերակային հեղուկների ինֆուզիա: Այլ դեպքերում սուր երիկամային անբավարարության պատճառով կարող է զարգանալ հեղուկների ավելցուկ, որն էլ բերում է ձեռքերի և ոտքերի այտուցների առաջացման: Նման դեպքերում, հակառակ տրամաբանությամբ, բժիշկը նշանակում է միզամուղներ, որոնց օգնությամբ ձեր հյուսվածքներն ու արյունն ազատվում են ավելցուկային հեղուկներից:
  • Արյան կալիումի մակարդակի վերահսկման դեղեր. երբ ձեր երիկամները ի վիճակի չեն պատշաճ կերպով արյունը զտել կալիումից, բժիշկը կարող է նշանակել կալցիում, գլյուկոզ կամ Պոլիստիրենի սուլֆոնատի նատրիումական աղ, որի նպատակը ձեր արյան մեջ կալիումի կուտակման (հիպերկալեմիա) կանխարգելումն ու բուժումն է: Արյան կալիումի բարձր մակարդակը կարող է առաջացնել վտանգավոր անկանոն սրտխփոց (առիթմիա) և մկանային թուլություն:
  • Արյան կալցիումի մակարդակը վերականգնող դեղեր. եթե ձեր արյան կալցիումի մակարդակը կտրուկ նվազած է (հիպոկալցեմիա), բժիշկը խորհուրդ կտա կալցիումի ներերակային կաթիլային ինֆուզիա:
  • Արյունից թույները հեռացնող դիալիզ. երբ ձեր արյան մեջ թունավոր արգասիքները (օրինակ՝ կրեատինին և միզանյութ) հասնում են բարձր մակարդակի, անհրաժեշտություն է ծագում անցկացնելու ժամանակավոր հեմոդիալիզ, որը թույլ է տալիս արյունը զտել ավելցուկային արգասիքներից և հեղուկներից, ինչպես նաև երիկամներին «ազատել» նույն այս գործառույթից (որի վնասմամբ էլ պատճառվել է սուր երիկամային անբավարարություն): Դիալիզը հնարավորություն է տալիս նաև հեռացնել արյան մեջ կուտակված կալիումը:

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021