Ալկոհոլային հեպատիտ. բուժում

Ալկոհոլային հեպատիտ. բուժում

Ալկոհոլային հեպատիտի բուժումը ներառում է ալկոհոլից հրաժարվելը և լյարդի վնասման ախտանիշների բուժումը:

Ալկոհոլի օգտագործման դադարեցում

Ալկոհոլային հեպատիտ ախտորոշվելիս պետք է դադարեցնել ալկոհոլ խմելը և երբեք այլևս չօգտագործել որևէ տեսակի ալկոհոլային խմիչք: Սա լյարդի ախտահարումը հետզարգացնող կամ հիվանդության վատթարացումը կանխարգելող միակ հնարավոր տարբերակն է: Այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են օգտագործել ոգելից խմիչքներ, ավելի մեծ հավանականությամբ են առնչվում կյանքին սպառնացող առողջական խնդիրների հետ:

Եթե ունեք ալկոհոլային կախվածություն և ցանկանում եք դադարեցնել խմելը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ընդգրկվեք հատուկ բուժական ծրագրերից մեկնումեկում: Նկատի ունեցեք, որ կախվածություն ունենալիս ալկոհոլի կտրուկ դադարեցումը կարող է վտանգավոր լինել, ուստի բժշկի հետ քննարկեք առավել անվտանգ մեթոդները, այդ թվում՝ հիվանդանոցային պայմաններում դետոքսիկացիան:

Ալկոհոլային կախվածության բուժման տարբերակներից են՝

  • դեղամիջոցներ
  • խորհրդատվություն
  • անանուն ալկոհոլիկների կամ ինքնօգնության և աջակցության այլ խմբեր
  • արտահիվանդանոցային կամ համայնքային բուժական ծրագրեր:

Թերսնուցման բուժում

Բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ սննդակարգ, որ մեղմացվի և շտկվի առկա թերսնուցումը: Օգտակար կարող է լինել դիետոլոգի խորհրդատվությունը: Թերսնուցման բուժումը սովորաբար ներառում է անցում վիտամիններով և սննդանյութերով հարուստ սննդակարգին:

Ծանր թերսնուցման ժամանակ կարող է առաջանալ կարճաժամկետ ներերակային սնուցող միջոցների ստացում:

Լյարդի բորբոքումը մեղմացնող դեղամիջոցներ

Ալկոհոլային հեպատիտի ժամանակ բժիշկը կարող է խորհուրդ տալ՝

  • կորտիկոստերոիդներ. համակարգային կորտիկոստերոիդների կարճաժամկետ ընդունումը կարող է որոշակի արդյունք տալ ծանր ալկոհոլային հեպատիտի դեպքում, սակայն կորտիկոստերոիդներն ունեն լուրջ կողմնակի ազդեցություններ և չեն կարող նշանակվել այն անձանց, ովքեր ունեն երիկամային անբավարարություն, ստամոքսաղիքային արյունահոսության բարձր ռիսկ կամ որևէ վարակային հիվանդություն
  • Պենտօքսիֆիլին (Պենտօքսիլ). եթե կորտիկոստերոիդները հակացուցված են, բժիշկը կարող է խորհուրդ տալ այս հակաբորբոքային դեղամիջոցը, թեև ալկոհոլային հեպատիտի դեպքում արդյունավետությունը հստակ ապացուցված չէ:

Լյարդի փոխպատվաստում

Ծանր ալկոհոլային հեպատիտով բազմաթիվ մարդկանց մոտ մահվան ելքի ռիսկը բարձր է: Նման դեպքերում, երբ որևէ այլ բուժման տարբերակով չի հաջողվում որևէ զգալի արդյունք ստանալ, բժիշկը կարող է առաջարկել լյարդի փոխպատվաստում:

Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021