Ալերգիկ ռեակցիաներ. բուժում

Ալերգիկ ռեակցիաներ. բուժում

Թեթև ալերգիկ ռեակցիաները հաճախ որևէ բուժում չեն պահանջում, սակայն պետք է հիշել, որ ցանկացած պահի դրանք կարող են վերափոխվել սուր, երբեմն նաև՝ կյանքին սպառնացող խանգարումների:

Ալերգիկ ռեակցիայի բուժումը բաղկացած է հետևյալ քայլերից:

  • Ալերգենից խուսափում. բժիշկը կարող է օգնել, որ ճանաչեք ձեր ալերգիայի պատճառային կամ նպաստող գործոնները: Դուք ևս կարող եք նպաստել այս գործին: Երբ գիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում ձեր ալերգենը (օրինակ՝ սննդամթերքի կոնկրետ տեսակ, կոնկրետ դեղամիջոց, օդի փոշի և այլն), հաջորդ քայլը բժշկի հետ միասին այդ ալերգենից խուսափելու արդյունավետ ուղիներ գտնելն է: Գուցե զարմանալի հնչի, սակայն սա ալերգիաներից խուսափելու կամ ախտանիշները մեղմացնելու ամենակարևոր քայլն է:
  • Դեղեր. կախված ձեր ալերգիայի տեսակից, բժիշկը կարող է նշանակել որոշ դեղամիջոցներ, որի նպատակը ձեր իմունային համակարգի գերակտիվությունը կարգավորելն է, ինչպես նաև գանգատները և մյուս ախտանիշները մեղմացնելը: Բժիշկը կարող է նշանակել առանց դեղատոմսի վաճառվող կամ դեղատոմսով դուրս գրվող դեղեր և այլ միջոցներ, օրինակ՝ հակահիստամիններ պարունակող հաբեր, հեղուկներ, քթային սփրեյներ, աչքի կաթիլներ և այլն:
  • Իմունային բուժում. ծանր կամ այլ մեթոդներով լիարժեքորեն չբուժվող ալերգիաների դեպքում բժիշկը կարող է առաջարկել ալերգենային իմունաբուժում: Այս բուժումը ներառում է մաքրված ալերգենային մզվածքի ներարկումների շարք, որը սովորաբար շարունակվում է մի քանի տարվա ընթացքում: Իմունաբուժման մեկ այլ տարբերակ էլ ենթալեզվային հաբերն են, որոնք կարող են օգտակար լինել որոշ փոշիներից առաջացած ալերգիկ ռեակցիաները ճնշելիս:
  • Անհետաձգելի էպինեֆրին (ադրենալին). գերսուր կամ կայծակնային ալերգիկ ռեակցիայի ժամանակ անհետաձգելի բուժօգնություն իրականացնող բժիշկը կարող է օգտագործել Էպինեֆրին, որի նպատակը ձեր կյանքը փրկելն է:

Հոդվածը վերանայվել է՝ 15-04-2021