Կրծքահեղձուկ. բուժում

Կրծքահեղձուկ. բուժում

Կան կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի բուժման տարբեր հնարավորություններ, ներառյալ՝ կենսակերպի փոփոխություններ, դեղեր, անգիոպլաստիկա և ստենտավորում կամ աորտո-կորոնար շունտավորում:

Բուժման նպատակը ձեր ախտանիշների ծանրության և հաճախականության նվազեցումն է և սրտամկանի ինֆարկտի ու մահվան ելքի ռիսկի կրճատումը:

Այնուամենայնիվ, եթե ունեք ոչ կայուն կրծքահեղձուկ կամ ի հայտ են եկել սովորականից տարբերվող ետկրծոսկրային ցավեր (օրինակ՝ սկսվում են հանգիստ վիճակում), ուրեմն կա անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնության կարիք:

Դեղամիջոցներ

Եթե միայն ապրելակերպի փոփոխությունները չեն օգնում ձեր կրծքահեղձուկի մեղմացմանը, ուրեմն դուք հավանաբար ունեք որոշ դեղամիջոցներ ընդունելու կարիք:

  • Նիտրատներ. նիտրատները հաճախ օգտագործվում են կրծքահեղձուկի բուժման մեջ: Դրանք թուլացնում և լայնացնում են արյունատար անոթները՝ թույլ տալով, որ ավելի շատ արյուն հոսի ձեր սրտամկանով: Դուք կարող եք ընդունել որևէ նիտրատ, երբ ունեք կրծքահեղձուկով պայմանավորված կրծոսկրի շրջանում անհարմարավետություն կամ պատրաստվում եք որևէ ֆիզիկական գործ անել, որը կարող է նպաստել ցավային նոպայի առաջացմանը, ինչպես նաև որպես կրծքահեղձուկի երկարատև կանխարգելիչ միջոց: Նիտրատներից ամենատարածվածը Նիտրոգլիցերինի հաբերն են, որոնք պետք է ընդունել լեզվի տակ դնելով:
  • Ասպիրին. Ասպիրինը կրճատում է արյան մակարդման ունակությունը՝ հեշտացնելով սրտի նեղացած պսակային զարկերակներով արյան հոսքը: Արյան մակարդուկների կանխարգելումը նաև կարող է նվազեցնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Սակայն, մի՛ սկսեք ինքնուրույն ընդունել Ասպիրին, քանի դեռ այդ մասին չեք զրուցեք ձեր բժշկի հետ: Սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ կրծքահեղձուկի բուժման մեջ Ասպիրինը նշանակվում է ամենօրյա ցածր դեղաչափով:
  • Մակարդուկը կանխարգելող դեղեր. որոշ դեղեր, օրինակ՝ Կլոպիդոգրելը (Պլավիքս), Պրասուգրելը (Էֆֆիենտ) և Տիկագրելորը (Բրիլինտա) կարող են օգնել արյան մակարդուկների կանխարգելմանը՝ խոչընդոտելով արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) միաձուլվելը (ագրեգացիա): Այս դեղերից մեկնումեկը կարող է նշանակվել, եթե Ասպիրինը ձեզ հակացուցված է:
  • Բետա պաշարիչներ (բլոկատորներ). բետա-բլոկատորները ազդում են՝ արգելափակելով էպինեֆրին (ադրենալին) հորմոնի ազդեցությունները, որի արդյունքում սիրտը կծկվում է ավելի թույլ և ավելի դանդաղ՝ նվազեցնելով արյան ճնշումը: Բետա-բլոկատորները նաև օգնում են արյունատար անոթների թուլացմանը և «բացվելուն», որի շնորհիվ բարելավվում է արյան հոսքը և կանխարգելվում կրծքահեղձուկը:
  • Ստատիններ. ստատինները դեղեր են, որոնք օգտագործվում են արյան խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու համար: Դրանք ազդում են՝ արգելափակելով օրգանիզմում խոլեսթերինի արտադրման համար պահանջվող նյութերից մեկը: Ստատինները նաև օգնում են արյունատար պատերի ճարպային կուտակումերում առկա խոլեսթերինի հետներծծմանը՝ կանխարգելելով անոթների հետագա նեղացումը և խցանումը: Ստատինները նաև ունեն սրտի զարկերակների վրա բազմաթիվ այլ օգտակար ազդեցություններ:
  • Կալցիումական անցուղիների պաշարիչներ (բլոկատորներ). կալցիումական անցուղիների բլոկատորները, որոնք կոչվում են նաև կալցիումի ներհակորդներ (անտագոնիստներ), ազդում են զարկերակային պատի մկանային բջիջների վրա և թուլացնում ու լայնացնում այդ զարկերակները, որի արդյունքում բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը և մեղմանում կամ կանխարգելվում է կրծքահեղձուկը:
  • Արյան ճնշումը նվազեցնող դեղեր. եթե ունեք բարձր արյան ճնշում (զարկերակային հիպերտենզիա), դիաբետ, սրտային անբավարարության կամ քրոնիկ երիկամային հիվանդության նշաններ, բժիշկը հավանաբար կնշանակի արյան ճնշումը նվազեցնող դեղեր: Կան բարձր արյան ճնշումը կարգավորղ դեղերի երկու հիմնական խմբեր՝ անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (անգլերեն հապավումը՝ ACEI) և անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ (ARBs):
  • Ռանոլազին (Ռանեքսա). Ռանեքսան կարող է օգտագործվել միայնակ կամ այլ հակահեղձուկային դեղերի հետ զուգակցված (կալցիումի անտագոնիստներ, բետա-բլոկատորներ կամ Նիտրոգլիցերին):

Բժշկական միջամտություններ և վիրահատություն

Ապրելակերպի փոփոխությունները և դեղերը հաճախ օգտագործվում են կայուն կրծքահեղձուկի բուժման մեջ: Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտություն է ծագում դիմելու մի շարք միջամտությունների և վիրահատության:

  • Անգիոպլաստիկա և ստենտավորում. անգիոպլաստիայի ընթացքում (կոչվում է նաև միջմաշկային պսակային միջամտություն, անգլերեն հապավումը՝ PCI) ձեր նեղացած պսակային զարկերակի լուսանցք է ներմուծվում բարակ փուչիկ, որը փչելով լայնացվում է անոթը, որից հետո փոքր ցանցային պարույր (ստենտ) է տեղադրվում նույն զարկերակի նեղացած շրջանի լուսանցքում: Ստենտը զարկերակի նեղացած հատվածը պահում է մշտապես «բաց» վիճակում և չի թողնում, որ կրկին «փակվի»: Անգիոպլաստիկա և ստենտավորում առաջարկվում է, եթե դուք ունեք անկայուն կրծքահեղձուկ կամ եթե ապրելակերպի փոփոխությունները և դեղերը չեն կարողանում արդյունավետ կերպով բուժել ձեր քրոնիկ, կայուն կրծքահեղձուկը:
  • Պսակային անոթի շունտավորում. սա նույն արոտո-կորոնար շունտավորումն է՝ մեծ վիրահատություն, որի ժամանակ սրտային վիրաբույժը վերցնում է ձեր առողջ երակի որևէ հատված (սովորաբար՝ ստորին վերջույթներից), որի մի ծայրը կարում աորտային, իսկ երկրորդ ծայրը՝ պսակային զարկերակի ճյուղին՝ նեղացումից ներքև: Արդյունքում, ստեղծվում է արյան լրացուցիչ հոսքագիծ՝ շրջանցելով պսակային զարկերակի խցանված հատվածը: Շունտավորումը բարելավում է սրտամկանի արյունահոսքը և մեղմացնում կամ վերացնում է կրծքահեղձուկը: Այս վիրահատությունը կարող է առաջարկվել ինչպես անկայուն, այնպես էլ այլ բուժումներին պատասխան չտվող կայուն կրծքահեղձուկի դեպքում:
  • Արտաքին կոնտրպուլսացիա. արտաքին կոնտրպուլսացիայի ժամանակ (անգլերեն հապավումը՝ ECP) սրունքների, ազդրերի և կոնքի շուրջը տեղադրվում են տոնոմետրի մանժետին նմանվող օդապարկեր, որոնք փչելով բարելավվում է դեպի սիրտ հոսող արյունահոսքը: Բուժումը պահանջում է բազմակի այցելություններ: Ամերիկյան ուղեցույցների համաձայն բուժման այս տարբերակը կարող է օգնել ռեֆրակտեր կրծքահեղձուկի ախտանիշների մեղմացմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021