Հակադեպրեսանտային դեղեր (հակադեպրեսանտներ)

Հակադեպրեսանտային դեղեր (հակադեպրեսանտներ)
Անգլերեն անվանումը՝ Antidepressant Medicines, Antidepressants

Բոլորին էլ հատուկ է տրամադրության ժամանակավոր անկման շրջանները, սակայն կան մարդիկ, ում մոտ տխրության այս ժամանակաշրջանները ձգվում են շաբաթներ, ամսիներ և անգամ տարիներ:

Տրամադրության անկման նման ձգձգվող շրջանները կարող են լինել դեպրեսիայի արդյունք՝ հիվանդություն, որը բացասաբար է ազդում ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա:

Հոգեբույժները սովորաբար առանձնացնում են դեպրեսիայի բուժման երեք տարբերակներ՝

  • կենսակերպի փոփոխություններ, օրինակ՝ հոգեներգործուն նյութերից ձերբազատվելը կամ առնվազն դրանց նվազ քանակների օգտագործումը, կանոնավոր ֆիզիկական վարժանքները, առողջ քնի սովորույթների ուսուցանումը և կիրառումը, սննդակարգի առողջացումը, աշխատանք-կյանք բալանսի ներդաշնակեցումը, ռելաքսացիան, մեդիտացիան և այլն
  • հոգթերապևտիկ բուժման մեթոդներ
  • դեղեր, ներառյալ հակադեպրեսանտային դեղերը կամ, ինչպես ավելի հաճախ ասում են բժիշկները՝ հակադեպրեսանտները:

Այս հոդվածում լուսաբանվում են միայն հակադեպրեսանտների վերաբերյալ որոշ օգտակար տեղեկությունները:

Ի՞նչ են հակադեպրեսանտները

Հակադեպրեսանտները դեղեր են, որոնք նշանակվում են դեպրեսիայի, տագնապի խանգարման և հարակից հիվանդությունների և վիճակների բուժման մեջ (օրինակ՝ սնման խանգարում, կպչուն-սևեռուն և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ:

Հակադեպրեսնատ ընդունող յուրաքանչյուր անձ պետք է կանոնավոր կերպով այցելի իր բժշկին:

Հակադեպրեսանտներն արդյունավետ են չափավորից մինչև ծանր դեպրեսիաների ժամանակ, մինչդեռ թույլ դեպրեսիայի ժամանակ կարող են բուժական ազդեցություն չդրսևորել: Վերջինիս ժամանակ ավելի նպատակահարմար են հոգեթերապևտիկ միջոցառումները:

Հակադեպրեսանտները կարող են նշանակվել միայնակ, սակայն դրանց արդյունավետությունը զգալիորեն աճում է, երբ զուգակցվում են բուժման այլ տեսակների, օրինակ՝ հոգեթերապևտիկ միջացառումների հետ (վարքային կոգնիտիվ կամ միջանձնային բուժումներ):

Հակադեպրեսանտներ ընդունելու որոշումը պետք է իրականացվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Ինչպե՞ս են հակադեպրեսանտներն ազդում

Հակադեպրեսանտներն ազդում են գլխուղեղում արտադրվող մի շարք քիմիական նյութերի արտադրության և փոխանակության վրա, որոնք ներգրավված են հուզական աշխարհի (էմոցիաներ) և շարժառիթների (մոտիվացիաներ) կարգավորման մեջ:

Կա՞ն արդյոք հակադեպրեսանտների տարբեր տեսակներ

Այո, հակադեպրեսանտային ազդեցությամբ դեղերը բաժանվում են տարբեր ենթախմբերի՝ ըստ ազդեցության կամ ըստ քիմիական կառուցվածքի: Ըստ ազդեցության տեսակի մի խմբում դասակարգված հակադեպրեսանտները կարող են ունենալ միանման ազդեցություններ:

Հակադեպրեսանտներից ամենահաճախ նշանակվող խումբը սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները (ՍՀԸԱ) կամ ինհիբիտորներն են (ՍՀԸԻ) (անգլերեն՝ SSRI): Այս խմբի դեղերը պարտադիր չէ, որ ունենան ավելի մեծ ազդեցություն, քան այլ խմբի հակադեպրեսանտները, սակայն դրսևորում են ավելի քիչ և ավելի մեղմ կողմնակի ազդեցություններ:

Հակադեպրեսանտների ավելի քիչ նշնակվող այլ խմբերն են՝

  • սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչներ (ՍՆՀԱ, անգլերեն՝ SNRI)
  • նորադրենալինի հետզավթման արգելակիչներ (ՆՀԱ, անգլերեն՝ NRI)
  • Տրիցիկլիկ (կամ եռցիկլիկ) հակադեպրեսանտներ (ՏՑԱ, անգլերեն՝ TCA)
  • Մոնոամին օքսիդազ Ա-ի դարձելի արգելակիչներ (անգլերեն՝ RIMA)
  • Տետրացիկլիկ (կամ քառացիկլիկ) հակադեպրեսանտներ
  • Միանսերինի տետրացիկլիկ համարժեքներ
  • Մոնոամին օքսիդազի (ՄԱՕ) արգելակիչներ (ՄԱՕԱ, անգլերեն՝ MAOI)
  • մելատոնինէրգիկ հակադեպրեսանտներ:

Գոյություն ունեն դեպրեսիայի և տագնապի խանգարման տարբեր տեսակներ, ուստի ձեր բժիշկն ըստ կլինիկական նպատակահարմարության կարող է նշանակել այս կամ այն խմբի հակադեպրեսանտը: Միևնույն ժամանակ, նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց վրա կարող է թողնել տարբեր ազդեցություններ և կողմնակի ազդեցություններ, այնպես որ բժշկին անհրաժեշտ կլինի մեկ-երկու շաբաթ, որ «փորձարկի» և գտնի ձեր վիճակին համապատասխանող ամենաճիշտ դեղը:

Ինչպիսի՞ կողմնակի ազդեցություններ ունեն հակադեպրեսանտները

Բոլոր հակադեպրեսանտներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, սակայն դեպրեսիայով հիվանդների մեծ մասի համար դրանք մեղմ արտահայտված և տանելի են: Նման դեպքերում ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են գլխացավը, նողկանքի զգացումը, ընդհանուր թուլությունը և սեռական խնդիրները: Հաճախ այս երևույթները շարունակվում են միայն մի քանի շաբաթ և ինքնուրույն անհետանում են:

Շատ կարևոր է, որ դուք ձեր բժշկին տեղեկացնեք հակադեպրեսանտի այս կամ այն անցանկալի ազդեցության մասին: Նման դեպքերում նա կարող է շտկումներ անել դեղաչափի մեջ կամ մեկ դեղը փոխարինել մյուսով:

Հակադեպրեսանտների մեծ մասը կարող են փոխազդել նաև այլ դեղերի հետ: Սա նշանակում է, որ հակադեպրեսանտ նշանակած բժիշկը պետք է տեղեկացված լինի ձեր կողմից ընդունվող մյուս դեղերի և դրանց դեղաչափերի մասին:

Ի՞նչ ժամանակահատվածից հետո են սկսում հակադեպրեսանտներն ազդել

Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մեծ մասը տրամադրության բարելավում սկսում է զգալ 2-4 շաբաթ անց, սակայն այս դեղերի լիարժեք բարերար ազդեցությունը կարող է զարգանալ միայն 8 շաբաթ անց կամ ավելի ուշ: Սակավաթիվ մարդկանց մոտ ընդունման տևողությունից անկախ հակադեպրեսանտները կարող են չդրսևորել որևէ բուժական ազդեցեություն:

Հակադեպրեսանտներ ստացող յուրաքանչյուր մարդ, հատկապես առաջին մի քանի շաբաթը պետք է պարբերաբար այցելի իր բժշկին:

Ինչքա՞ն երկար ես պետք է ընդունեմ հակադեպրեսանտները

Հակադեպրեսանտներ ստացող մարդկանց մեծ մասի համար նման բուժումը սովորաբար շարունակվում է բուժական ազդեցությունները ի հայտ գալուց հետո առնվազն 6-12 ամիս: Սակայն սա բացարձակ ցուցանիշ չէ, ուստի ձեր պարագայում այն կարող է տևել ավելի կարճ կամ ավելի երկար:

Ինչպե՞ս դադարեցնել հակադեպրեսանտների ընդունումը

Աստիճանաբար և միայն ու միայն բժշկի ցուցմամբ:

Այս դեղերի մեծ մասի կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել որոշ անցանկալի ազդեցություններ, օրինակ՝ գլխապտույտ, սրտխառնոց կամ այլ տհաճ զգացողություններ:

Ուստի, դեղի ընդունման ձեզ նշանակած կարգի ցանկացած փոփոխությունը, այդ թվում՝ մի տեսակի դեղը մյուսով փոխարինելը կամ դեղաչափի կրճատումը պետք է կատարել միայն բժշկի հրահանգով և նրա հսկողության ներքո:

Արդյոք հակադեպրեսանտներն առաջացնո՞ւմ են կախվածություն

Որպես կանոն, հակադեպրեսանտները կախվածություն չեն առաջացնում, սակայն դրանց երկարատև ընդունումը կտրուկ դադարեցնելուց առաջ կարևոր է, որ զրուցեք ձեր բժշկի հետ՝ հնարավոր կողմնակի ազդեցություններից խուսափելու կամ մեղմացնելու համար: