Հակափսիխոտիկ դեղեր (հակափսիխոտիկներ)

Հակափսիխոտիկ դեղեր (հակափսիխոտիկներ)

Հակափսիխոտիկ դեղերը կամ հակափսիխոտիկները դեղեր են, որոնք կարող են օգնել փսիխոզի ախտանիշների մեղմացմանը:

Փսիխոզը հոգեկան առողջության լուրջ խնդիր է, որն ազդում է գլխուղեղի գործունեության վրա:

Կան հակափսիխոտիկների տարբեր տեսակներ: Երբեմն դրանք առաջացնում են կողմնակի ազդեցություններ: Զրուցեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ այն մասին, թե ո՞ր դեղը կարող է լավագույնս օգնել ձեզ:

Ի՞նչ են հակափսիխոտիկ դեղերը

Հակափսիխոտիկները դեղեր են, որոնք նշանակվում են փսիխոզի բուժման մեջ: Փսիխոզը մի հիվանդություն է, որի ժամանակ դժվար է իրականը (ռեալը) տարբերակել անիրականից (ոչ ռեալից): Հակափսիխոտիկները կարող են նաև օգնել տագնապի և աժիտացիայի, ինչպես նաև տրամադրության, մտածողության և այլ մարդկանց հետ շփման խնդիրների մեղմացմանը:

Երբեմն փսիխոզ առաջանում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն որևէ լուրջ հոգեկան հիվանդություն, օրինակ՝ շիզոֆրենիա, բիպոլյար խանգարում կամ ծանր դեպրեսիա: Այն կարող է առաջացնել խառնաշփոթ մտածողություն, զառանցանքներ (երբ դուք համոզված եք, որ շրջապատն իրական չէ), պարանոյա (այլոց անհիմն կասկածելը կամ չհավատալը) կամ հալյուցինացիաներ (ցնորքներ, երբ դուք տեսնում, լսում կամ զգում եք բաներ, որոնք իրականում չկան): Հակափսիխոտիկ դեղերը կարող են օգնել այս ախտանիշների մեղմացմանը կամ երբեմն նաև՝ անհետացմանը:

Որոշ դեպքերում հակափսիխոտիկ դեղերի բուժական ազդեցությունն ավելի ուժեղ և կայուն է դառնում, երբ դեղերի ընդունումը զուգակցվում է այլ՝ ոչ դեղորայքային բուժման մեթոդների հետ, օրինակ՝ հոգեբույժի կամ հոգեթերապևտի (կլինիկական հոգեբանի) կողմից իրականացվող հոգեթերապիա, կոգնիտիվ-վարքաբանական թերապիա և համայնքային աջակցություն:

Հակափսիխոտիկ դեղերի տեսակները

Կան հակափսիխոտիկների երկու հիմնական տեսակներ՝

  • «տիպիկ» հակափսիխոտիկներ (հայտնի են նաև որպես «առաջին սերնդի» դեղեր), որոնք համարվում են ավելի հին և բազմաթիվ տարիներ օգտագործվող (և լավագույնս ուսումնասիրված) դեղեր
  • «ատիպիկ» հակափսիխոտիկներ («երկրորդ սերնդի» դեղեր), որոնք սկսել են արտադրվել և օգտագործվել վերջին տասնամյակի ընթացքում:

Ներկայում ատիպիկ հակափսիխոտիկները նշանակվում են շատ ավելի հաճախ, սակայն որոշ մարդիկ նախընտրում են կամ որոշ դեպքերում ցուցված են հին սերնդի դեղերը: Դեղերի ընտրության հարցը կարող է լավագույնս որոշել ձեր բժիշկը՝ հաշվի առնելով ձեր առողջական վիճակը և նախապատվությունը:

Հակափսիխոտիկների մեծ մասը հաբ է, որը նշանակվում է ամենօրյա ընդունման ձևով: Այլ դեղեր կարող են նշանակվել որպես կանոնավոր ներակումներ (կոչվում են «դեպո» դեղեր), որոնք օրգանիզմի կողմից յուրացվում և ազդում են դանդաղորեն՝ մի քանի շաբաթվա ընթացքում: Որոշ մարդիկ նախընտրում են հենց «դեպո» ներարկումները, որը թույլ է տալիս ազատվել ամենօրյա դեղերը խմելը չմոռանալու մտահոգությունից:

Հակափսիխոտիկ դեղերի օգտագործման օգուտները

Հակափսիխոտիկ դեղերի օգտագործման գլխավոր օգուտը փսիխոզի ախտանիշների վերահսկելը կամ կառավարելն է: Սովորաբար հակափսիխոտիկների այս ազդեցությունն իր լավագույն մակարդակին է հասնում (կախված դեղի տեսակից) մինչև 6 շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են դեղի բարերար ազդեցությունը զգալ արդեն առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ոմանց համար բուժական ազդեցությունը կարող է դրսևորվել միայն ամիսներ անց:

Ուստի, եթե ձեզ նշանակել են որևէ հակափսիխոտիկ դեղամիջոց, ավելորդ շտապողականության փոխարեն պետք է համբերել: Շատ կարևոր է, որ ձեզ նշանակված դեղի ընդունումն ընդհատելու ձեր մտադրության կամ հաբերից ընդհանրապես հրաժարվելու դեպքում տեղեկացնեք այդ մասին ձեր բժշկին:

Հակափսիխոտիկ դեղերի կողմնակի ազդեցությունները

Ինչպես մնացած այլ բազմաթիվ դեղեր, հակափսիխոտիկները նույնպես կողմնակի ազդեցություններից զերծ չեն: Այս խմբի դեղերը տարբեր մարդկանց մոտ կարող են առաջացնել տարբեր անցանկալի երևույթներ: Որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ՝

  • քնկոտություն
  • մարմնի կշռի ավելացում
  • մկանների ձգվածություն կամ շարժողական գերակտիվություն
  • բերանի չորություն
  • տեսողական խանգարումներ (մշուշոտ տեսադաշտ)
  • գլխապտույտի զգացողություն
  • փորկապություն, սրտխառնոց կամ մարսողական խանգարումներ
  • սեռական ունակության կամ ցանկության փոփոխություններ:

Զրուցեք ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ հակափսիխոտիկների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ձեր մտահոգությունների մասին: Հաճախ հնարավոր է մեղմացնել կամ վերացնել դեղերի առաջացրած կողմնակի երևույթները:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2020