Տագնապ և տագնապային խանգարումներ

Տագնապ և տագնապային խանգարումներ
Անգլերեն անվանումը՝ Anxiety

Անհանգստության և տագնապի զգացումը մեր կյանքի տարբեր դրվագներում կարող է խիստ օգտակար լինել։

Տագնապը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ տարբեր խնդրահարույց և «կասկածելի» իրավիճակներում կանխազգալու հնարավոր վտանգը և պահպանելու մեր անվտանգությունը։

Սակայն տագնապային խանգարումով բազմաթիվ մարդկանց վախը կարող է դառնալ իրենց ամենօրյա կյանքի մշտական ուղեկիցը։ Սա արդեն ոչ թե պաշտպանական հույզ է, այլ առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա բացասաբար ազդող վիճակ։ Այն ազդում է մարդու աշխատանքի, շփումների ու փոխհարաբերությունների, քնի, կենտրոնանալու և առօրյա գործերը կատարելու վրա։

Տագնապային հիվանդություններով մարդիկ չեն կարողանում դադարեցնել ակնհայտ ոչ կարևոր բաների մասին անհանգստանալուց ու վախենալուց և իրավիճակներն ընկալում են որպես շատ ավելի վտանգ պարունակող, քան իրականում են։ Նման դեպքերում մշտական վախն ու տագնապը վերացնում են այդ մարդու՝ կյանքից հաճույք ստանալու զգացումը, խոչընդոտում են նրա աշխատանքը, այլ մարդկանց հետ հարաբերությունները և խեղաթյուրում ինքնագնահատականը։ Այնուամենայնիվ, սա բուժելի վիճակ է, և առաջին քայլը տագնապի «թեմային» ծանոթանալն է։

Տագնապային շեղումներն ամենատարածված հոգեկան հիվանդություններն են: Բազմաթիվ երկրներում 4 անձից 1-ն իր կյանքի որևէ շրջանում ունենում է հիվանդագին տագնապ։ Կանանց մոտ տագնապն ավելի տարածված է, որի պատճառն անհայտ է։

Տարբերում են տագնապային խանգարումների տարբեր տեսակներ, որոնք դրսևորվում են տարբեր առանձնահատկություններով։ Այնուամենայնիվ, անկախ տագնապային խանգարման տեսակից, բոլոր դեպքերում էլ տագնապն ազդում է մարդու առօրյա գործերի վրա։

Տագնապը կարող է խանգարել ինչ-որ գործի վրա կենտրոնանալու ձեր ունակությանը, ինչպես նաև տանը, աշխատանքի վայրում կամ դպրոցում սովորական խնդիրների լուծմանը։ Այն սովորաբար ուղեկցվում է քնի խանգարումների հետ։ Տագնապի հիվանդություններով մարդիկ հաճախ դժվարությամբ են հաղթահարում սթրեսային իրավիճակը։ Տագնապին ուղեկցող մյուս մշտական նշաններն են շնչառության հաճախացումը, ուժեղ սրտխփոցի զգացումը և գլխապտույտը։

Տագնապի հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ մեկ կամ մի քանի գործոնների զուգակցումը՝ ժառանգական նախատրամադրվածություն, մշտական սթրես, ընտանեկան գործոններ, ֆիզիկական հիվանդությունների առկայություն կամ ծանր վնասվածներ։

Եթե ձեզ մոտ առկա են տագնապի ախտանիշներ, զրուցեք ձեր բժշկի հետ, որ նա կարողանա հնարավորինս վաղ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել կամ առաջարկել տագնապը վերացնելու այլ ուղիներ։