Տագնապային խանգարումների տեսակները

Տագնապային խանգարումների տեսակները

Տագնապային խանգարումները մի շարք հիվանդությունների խումբ է, որոնք ունեն ընդհանուր ախտանիշներ

Բազմաթիվ մարդիկ տարբեր իրավիճակների հետ առնչվելիս զգում են տագնապի խանգարումներում ներառված հիվանդությունների ախտանիշների մեծ մասը։ Եթե այդ ախտանիշները սկսում են բացասաբար ազդել կյանքի տարբեր ոլորտների և փոխհարաբերությունների վրա, միայն այդ ժամանակ կարող է խոսք գնալ տագնապային խանգարման մասին։

Տագնապային խանգարումների հիմնական տեսակները ներկայացվում են ստորև։

Գեներալիզացված տագնապային խանգարում

Գեներալիզացված տագնապային խանգարումը սովորական իրավիճակների վերաբերյալ չափազանցեցված և անվերահսկելի անհանգստությունն է, օրինակ՝ առողջություն, աշխատանք և ֆինանսաներ։

Սոցիալական ֆոբիա կամ սոցիալական տագնապային խանգարում

Սոցիալական ֆոբիան անհիմն վախն է հասարակությունից և մարդկային շփումներից ու փոխհարաբերություններից։ Սոցիալական ֆոբիան մարդկանց ստիպում է հրաժարվել հանրային կամ աշխատանքային գործերից, քանի որ նրանք վախենում են շրջապատի վերաբերմունքից։ Օրինակներից են փողոցի անցորդների հայացքներից վախենալը կամ մարդկանց մեջ լինելու վախը։

Խուճապի (պանիկ) խանգարում

Պանիկ խանգարումը բնորոշվում է կանոնավոր խուճապի նոպաներով (չհիմնավորված վախի հանկարծակի և բուռն դրվագներ), որոնք ուղեկցվում են հևոցով, գլխապտույտով և արտաքին այլ նշաններով։

Ագորաֆոբիա

Ագորաֆոբիան հաճախ կապված է խուճապի խանգարման հետ և ներառում է խուճապի նոպա ունենալու վախից դրդված որոշ մարդաշատ իրավիճակներից և վայրերից խուսափելը (հրապարակներ, մարդկանց ամբոխ, շուկաներ):

Հատուկ ֆոբիաներ

Հատուկ (սպեցիֆիկ) ֆոբիաները կոնկրետ մեկ իրավիճակի հետ կապված անհիմն վախերն են, օրինակ՝ կենդանիներից, միջատներից, կոնկրետ վայրերից կամ մարդկանցից։ Օրինակ, կլաուստորֆոբիան վախն է փակ տարածություններից, հետերոֆոբիան՝ վախը հակառակ սեռից և այլն։

Կպչուն-սևեռուն խանգարում

Կպչուն-սևեռուն խանգարումը ներառում է անցանկալի կպչուն մտքերը (օբսեսիաներ) և դրանց հաջորդող կրկնվող գործողությունները (կոմպուլսիաներ)՝ որպես տագնապը հաղթահարելու ճանապահ։ Նման դեպքերում մարդուն թվում է, որ, եթե նա չիրականացնի այդ գործողությունները, ինչ-որ վատ բան տեղի կունենա։

Պոստտրավմատիկ սթրեսային խանգարում

Պոստտրավմատիկ կամ հետվնասվածքային սթրեսային խանգարումն այն է, երբ կյանքում կրած կամ ականատես եղած տրավմատիկ իրավիճակից հետո վախի զգացումները կայուն կերպով մնում են երկար ժամանակ։ Այն կարող է ներառել հուսահատեցնող հիշողությունները, դրանց մասին ժամանակ առ ժամանակ ուղեղում առկայծող հուշերը («ֆլեշբեքերը»), գիշերային մղձավանջները և քնի խանգարումները։

Անկախ այն հանգամանքից, թե տագնապային խանգարման որ տեսակն է ձեզ մոտ ախտորոշվել, հիշեք, որ ձեր հիվանդությունը բուժելի է։ Խորհրդատվությունը, ապրելակերպի փոփոխությունները և դեղերը կարող են օգնել, որ հաղթահարեք և վերահսկեք ձեր ախտանիշները։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021