Տագնապի դեմ (տագնապամարիչ) դեղեր

Տագնապի դեմ (տագնապամարիչ) դեղեր

Տագնապի զգացումը որոշ իրավիճակներում նորմալ է, սակայն, երբ դուք ի վիճակի չեք հսկել ձեր անհանգստությունները և դրանք ազդում են ձեր առօրյա կյանքի վրա, դուք կարող եք ունենալ տագնապի խանգարում:

Տագնապը բարդ ու խճճված զգացում է, ուստի բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են ձեզ տալ տարբեր հարցեր, որպեսզի ամենայն մանրամասնությամբ հստակեցնեն ձեր բոլոր զգացումներն ու նշանները:

Հասկանալ տագնապը

Տագնապի խանգարումները տարածված են: Դրանք ունեն տարբեր տեսակներ, օրինակ՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), սոցիալական ֆոբիա և խուճապի խանգարում: Տագնապային խանգարմամբ մարդու մոտ նաև կարող է դրսևորվել դեպրեսիա:

Նման դեպքերում սովորաբար առաջին քայլը հոգեբանական բուժումն է: Բժիշկը կարող է ձեզ ուղեգրել կլինիկական հոգեբանի խորհրդատվության, իսկ վերջինս, որպես ձեր մտքերը և վարքագծերը փոփոխող հոգեբանական բուժման (hոգեթերապիա) տեսակ, կարող է առաջարկել կոգնիտիվ-վարքաբանական թերապիա:

Եթե ձեր տագնապի զգացումը չափավոր կամ ծանր է, ի լրումն հոգեբանական բուժման, բժիշկը կարող է նաև նշանակել որոշ դեղեր:

Տագնապի դեմ դեղեր

Տագնապի դեղերը ներառում են հակադեպրեսանտները և բենզոդիազեպինները:

  • Հակադեպրեսանտներ. կան հակադեպրեսանտների տարբեր տեսակներ, սակայն տագնապի բուժման մեջ ավելի հաճախ նշանակվում են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչերը և սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչերը: Այս դեղերը բարձրացնում են գլխուղեղում սերոտոնինի քանակը, որն էլ ազդում է ձեր տրամադրության վրա: Հակադեպրեսանտներով բուժումը սովորաբար շարունակվում է առնվազն 12 ամիս: Խստորեն հետևեք ձեր բժշկի նշանակումներին և սեփական նախաձեռնությամբ մի ընդհատեք ձեր բուժումը:
  • Բենզոդիազեպիններ. բեզնոդիազեպինները, որոնք հայտնի են նաև որպես «սեդատիվներ» կամ «տագնապամարիչ դեղեր» (անքսիոլիտիկներ), սովորաբար նշանակվում են կարճ ժամանակի ընթացքում տագնապի զգացումները մեղմացնելու համար: Բենզոդիազեպինների նշանակման կարճատևությունը (պակաս քան 1 ամիս և որքան կարճ, այդքան ավելի լավ) կարևոր է, քանի որ դրանք կարող են առաջացնել կախվածություն: Երբեմն բենզոդիազեպինները նշանակվում են նաև որպես քնին օժանդակող միջոցներ

Տագնապի դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն

Խմեք տագնապի դեղերն այնպես, ինչպես նշանակված է: Մի փորձեք փոփոխել դեղաչափն առանց նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Խուսափեք նաև ալկոհոլի օգտագործումից, քանի դեռ ստանում եք այս դեղերը:

Որոշ հակադեպրեսանտներ կարող են այլ դեղերի հետ միաժամանակ խմելիս առաջացնել վնասակար փոխազդեցություններ, ուստի, եթե մինչև հոգեկան առողջության մասնագետին դիմելը դուք ընդունում էիք որոշ դեղամիջոցներ կամ հավելումներ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:

Եթե տագնապի դեղերի հետ կապված ունեք որոշակի անհանգստություն, հարցերք ձեր բժշկին հետևյալի մասին՝

  • որո՞նք են ձեզ նշանակված դեղերի օգուտները
  • որո՞նք են ձեզ նշանակված դեղերի առավելությունները՝ համեմատած նույն ազդեցությամբ կամ նույն խմբի այլ դեղերի հետ
  • ինչպիսի՞ ռիսկերի հետ են կապված ձեր դեղերը
  • որո՞նք են հնարավոր կողմնակի ազդեցությունները:

Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021