Սուր շնչառական դիսթրես համախտանիշ. բուժում

Սուր շնչառական դիսթրես համախտանիշ. բուժում

ՍՇԴՀ բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում:

ՍՇԴՀ բուժման ժամանակակից մոտեցումներում առաջնային տեղ է տրվում արյան թթվածնի մակարդակի բարելավմանը և կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի օժանդակող բուժմանը: Բժիշկները նաև փորձում են գտնել և բուժել ՍՇԴՀ առաջացնող պատճառը:

Թթվածին

Որպեսզի ձեր արյան հուն ավելի շատ թթվածին մուտք գործի, բժիշկները օգտագործում են այս երկու մեթոդներից մեկնումեկը:

  • Լրացուցիչ թթվածին կամ օժանդակող թթվածնաբուժում. թեթև ախտանիշների դեպքում կամ որպես միջանկյալ միջոց թթվածինը տրվում է ձեր քթին և բերանին կիպ հարմարեցված դիմակի միջոցով:
  • Մեխանիկական օդափոխություն. ՍՇԴՀ-ով մարդկանց մեծ մասն ունի թոքերի արհեստական օդափոխության կարիք (ԹԱՕ, ռուսերեն՝ ИВЛ): «Արհեստական շնչառության» դիմելիս բժիշկներն ուշադրություն են դարձնում արտաշնչման վերջում դրական ճնշմանը (PEEP), ինչը ալվեոլները պահում է բաց վիճակում և կանխում դրանց կոլապսի ենթարկվելը, շնչուղիների միջին ճնշմանը, որը նպաստում է հեշտ կոլապսվող ալվեոլների բացվելուն և արձանագրում է հեմոդինամիկ վիճակը և պլատոյի ճնշմանը, որը համարվում է ալվեոլների գերծանրաբեռնման հսկման ցուցիչ: Հետազոտությունները վկայում են, որ ցածր շնչառական ծավալով օդահարումն այն հիմնական ցուցանիշն է, որը զգալիորեն նվազեցնում է ՍՇԴՀ-ով մարդու մահվան ռիսկը։

Հեղուկներ

Ներերակային հեղուկների քանակների աչալուրջ կառավարումը խիստ կարևոր է, քանի որ չափից դուրս շատ հեղուկներ ներմուծելը կարող է խորացնել թոքերի այտուցը, իսկ անբավարար ծավալների պատճառով կարող են խորանալ շոկը և բազմաօրգանային անբավարարությունը:

Դեղեր

ՍՇԴՀ-ով մարդկանց սովորաբար նշանակվում են որոշ դեղեր, որպեսզի՝

  • կանխարգելվեն կամ բուժվեն վարակները
  • մեղմացվեն ցավը, անհարմարավետության զգացումն ու անհանգստությունը
  • կանխարգելվի ստորին վերջույթներում և թոքերում արյան մակարդուկների առաջացումը
  • նվազեցվի ստամոքսի ռեֆլյուքսը
  • մեղմացվի շնչառական սարքին հիվանդի ռեֆլեկտոր դիմադրությունը (հանգստացնող կամ քնաբեր միջոցներ)
  • կանխարգելվեն ՍՇԴՀ այլ բարդությունները
  • կանխարգելվի թերսնուցումը:

Հոդվածը վերանայվել է՝ 23-04-2021