Հոդաբորբ. ինչպիսի՞ սնունդ ընդունել


Ընթերցելը կպահանջի 3 րոպե  |  Անգլերեն անվանումը. Arthritis and Diet

Arthritis Diet

Հոդաբորբերի ժամանակ որոշ սննդամթերքներ կարող են օգնել ցավերի մեղմացմանը և հիվանդության զարգացման դանդաղեցմանը։

Սա ապացուցվել է որոշ հետազոտություններով։ Սակայն, այլ էջերում դուք կարող եք հանդիպել նաև հոդաբորբերի ժամանակ «բուժող» ու «վնասող» մթերքների վերաբերյալ տարբեր պնդումների։

Հոդաբորբով, հատկապես ռևմատոիդ արթրիտով բազմաթիվ մարդիկ կարող են նշել, որ սննդամթերքի որոշ տեսակների և հիվանդության սրացման միջև իրենք «գտել» են որոշակի կապ։ Մյուսները հավատում են, որ թթվաշ մրգերը՝ կիտրոնը, նարինջը և թուրինջը (գրեյպֆրուտ), ինչպես նաև կարտոֆիլը, սմբուկը (բադրիջան) և սխտորը կարող են ուժեղացնել հոդաբորբի ախտանիշները։

Բոլոր դեպքերում, ինչ բնույթի հոդվածներ էլ ընթերցեք, հիշեք, որ, եթե ունեք հոդաբորբ, ապա առկա տվյալները կարող են տարբերվել այդ հոդվածի պնդումներից։

Ելնելով ապացուցված տվյալներից, հոդաբորբերի վերաբերյալ սննդամթերքները կարելի է բաժանել 3 խմբի՝ բարվոք, վնասաբեր և դեռևս չապացուցված ազդեցության։

«Լավ» սննդամթերքներից են՝

  • կալցիումով հարուստ մթերքներ
  • «լավ» ճարպեր՝ չհագեցած, օմեգա-3 և այլն։

«Վնասաբեր» սննդամթերքներից են՝

  • հագեցած ճարպեր
  • մարմնի զանգվածի ավելացմանը նպաստող սննդամթերքներ
  • եթե ունեք պոդագրա, ապա պուրիններով հարուստ մթերքներ (միս, ծովամթերք, խմորասնկեր պարունակող մթերքներ)։

Չապացուցված տվյալներով սննդամթերքներ

Սրանք մթերքներ են, որոնք, ըստ համընդհանուր կարծիքի կարող են հոդաբորբը սրացնել, սակայն նման ազդեցությունն ապացուցող որևէ տվյալ չկա։ Նման մթերքներից են՝

  • թթվաշ մթերքներ
  • կաթնամթերքներ
  • միս։

Առողջ, բալանսավորված սննդակարգ

Որոշ հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ որոշ մթերքներ կարող են մեղմացնել հոդացավերը և հոդերի բորբոքային փոփոխությունները։

«Բարերար» ազդեցությամբ մթերքները կազմում են առողջ սննդակարգի բաղադրիչները, որոնք կարող են զսպել հոդաբորբերի հարաճուն ընթացքը, ինչպես նաև նվազեցնել առողջական մի շարք բարդությունների ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային, օստեոպորոզի (թույլ և փխրուն ոսկերեր) և գիրության։

Եթե դուք երկար ժամանակի ընթացքում ընդունում եք ստերոիդ հակաբորբոքային դեղեր (կորտիկոստերոիդներ), ապա ձեզ մոտ բարձրանում է օստեոպորոզի զարգացման ռիսկը։ Նման դեպքերում դուք կարող եք օստեոպորոզի վտանգը նվազեցնել սննդակարգում ավելացնելով կալցիումով և վիտամին D-ով հարուստ սննդամթերքներ։

Կալցիումով հարուստ սննդամթերքներից են կաթնամթերքները՝ կաթ, պանիր և յոգուրտ, ընկույզները և սերմերը, ձկնամթերքները՝ սարդինաձուկ (сардина) և ծովային մանրաձկներ (снеток), հատկապես եթե վերջինս ուտում եք ոսկրերով հանդերձ։

Որևէ ապացույց չկա այն մասին, որ կաթնամթերքները կարող են առաջացնել հոդաբորբ։ Հակառակը, դրանք պարունակում են կալցիում, որն անհրաժեշտ է ամուր ոսկրերի համար և կարող է օգտակար լինել օստեոպորոզի բարձրացած ռիսկով անձանց համար։

Արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկում արտադրվող բնական վիտամին D-ն վերջինիս լավագույն աղբյուրն է, սակայն այս վիտամինն առկա է նաև յուղոտ ձկնատեսակներում և հարստացված սննդամթերքներում՝ հատիկավորների «փաթիլներ» (хлопья) և մարգարիններ։

Գնալով շատանում են տվյաներն այն մասին, որ միջերկրածովյան սննդակարգը հոդաբորբերի (և մի շարք այլ հիվանդությունների) դեպքում թողնում է բարվոք ազդեցություն։ Իսկ սա այն սննդակարգն է, որը կազմված է մեծ քանակի մրգերից և բանջարեղեններից, ձկնեղենից, հացահատիկային սննդամթերքներից, լոբազգիներից, նաև՝ չափավոր քանակի մսից։

Կարծիք կա, որ օմեգա-3-ով հարուստ սննդամթերքներն ունեն հակաբորբոքային ազեցություն և կարող են մեղմացնել հոդաբորբը։ Օմեգա-3-ով հարուստ սննդամթերքներից են յուղոտ ձկները, օրինակ՝ սարդինաձուկ (сардина), թյունիկ (скумбрия) և սաղմոն (лосось)։ Յուղոտ ձկնատեսակների առնվազն երկու չափաբաժին պետք է ընդգրկված լինի ձեր շաբաթական սննդակարգում։

Օմեգա-3-ով հարուստ են նաև ընկույզները և սերմերը (հատկապես կտավատը), հարստացված մարգարինները, հացահատիկները և բիո-ակտիվ յոգուրտային ըմպեիքները։

Պետք է նաև հաշվի առնել, որ որոշ սննդատեսակներ, օրինակ՝ ձկնային պաշտետները, չմշակված միսը և չպաստերիզացված կաթնամթերքները կարող են մեծացնել սննդային թունավորման ռիսկը։ Եթե դուք ընդունում եք ձեր իմունիտիեն ընկճող դեղեր, այստեսակ սննդից պետք է հրաժարվեք։

2018 © Medex.am | Նյութից մեջբերումներ կատարելիս հղումը Medex.am-ին պարտադիր է:

Հետաքրքրե՞ց. ծանոթացեք նույն թեմայով այլ նյութերին


→   Ռևմատոիդ արթրիտ
→   Հոդացավ և հոդերի այտուցվածություն
→   Օստեոարթրիտ
→   Հոդաբորբ