Մեջքի ցավ. բուժում

Մեջքի ցավ. բուժում

Մեջքի ցավի դեպքերի մեծ մասը տնային բուժմամբ մինչև մեկ ամսվա ընթացքում բարելավվում է:

Այնուամենայնիվ, թեկուզ հազվադեպ, մեջքի ցավը կարող է ի հայտ գալ որպես լուրջ հիվանդության ախտանիշներից մեկը: Բազմաթիվ դեպքերում մեջքի ցավը կարող է տևել ամիսներ շարունակ, սակայն միայն քիչ թվով մարդկանց մոտ այն կարող է լինել ուժեղ ու կայուն:

Շատ ավելի հաճախ առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները և տեղային տաքացնող միջոցները կարող են լինել բավարար: Սակայն անկողնային ռեժիմ խորհուրդ չի տրվում:

Շարունակե՛ք ձեր ակտիվ կյանքն այնքան, որքան կարող եք: Փորձեք թեթև վարժանքներ, օրինակ՝ քայլք կամ առօրյա գործեր: Դադարեցրեք դրանք, եթե ցավը սաստկանում է, սակայն ցավի վախից ելնելով մի փորձեք ամբողջովին պասիվանալ: Եթե տնային բուժումները մի քանի շաբաթվա ընթացքում չեն օգնում, բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի ուժեղ դեղեր կամ այլ թերապիաներ:

Դեղեր

Կախված մեջքի ցավի տեսակից, բժիշկը կարող է առաջարկել տարբեր խմբերի դեղամիջոցներ:

  • Դեղատոմս չպահանջող ցավազրկողներ. ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն (Ալեվե) կարող են մեղամացնել մեջքի ցավը: Սակայն, նկատի ունեցեք, որ այս դեղամիջոցների գերօգտագործումը կարող է առաջանել լուրջ կողմնակի ազդեցություններ: Եթե սովորական ցավազրկողները չեն օգնում, բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ազդող ՈՍՀԲԴ:
  • Մկանային ռելաքսանտներ. եթե թույլից մինչև չափավոր ցավը սովորական ցավազրկողներով չի մեղմանում, բժիշկը կարող է նշանակել որևէ մկանային ռելաքսանտ: Նկատի ունեցեք, որ այս դեղամիջոցները կարող են առաջացնել թույլ գլխապտույտ և քնկոտություն:
  • Տեղային ցավազրկողներ. նրբաքսուքների (կրեմ), լուծույթների, յուղերի կամ կպչուն սպեղանիների ձևով արտադրվող այս դեղամիջոցները ներծծվում են մաշկով և թողնում ցավազրկող ազդեցություն։
  • Թմրաբեր ցավազրկողներ. օփիոիդներ պարունակող դեղամիջոցները, օրինակ՝ Օքսիկոդոն կամ Հիդրոկոդոն, կարող են կարճատև նշանակվել խիստ ուժեղ մեջքի ցավի ժամանակ: Քրոնիկ ցավերի դեպքում թմրաբեր ցավազրկողների օգտագործումը ցուցված չէ:
  • Հակադեպրեսանտներ. հակադեպրեսանտների որոշ տեսակներ, օրինակ՝ Դուլօքսետին (Սիմբալտա) և եռացիկլիկ հակադեպրեսանտ Ամիտրիպտիլին, անկախ իրենց հակադեպրեսանտային ազդեցությունից, ունեն քրոնիկ մեջքի ցավը մեղմացնող ունակություն:

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել վարժանքներ, որոնք բարելավում են ձեր իրանի ճկունությունը, ամրապնդում մեջքը և որովայնի մկանները, ինչպես նաև շտկում ձեր կեցվածքը: Այս վարժանքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ցավերի կրկնման կանխարգելմանը: Ֆիզիոթերապևտը նաև կարող է սովորացնել, թե ինչպես ձեր շարժումները դարձնել ավելի «խելամիտ», որոնք չեն առաջացնում մեջքի ցավեր:

Վիրահատական և այլ միջամտություններ

Մեջքի ցավի բուժման համար ձեզ կարող են առաջարկվել նաև մի շարք միջամտություններ:

  • Կորտիզոնի ներարկումներ. եթե բուժման այլ տարբերակները չեն օգնում մեջքի ցավի մեղմացմանը և վերջինս ճառագայթվում է ներքև՝ դեպքի ոտքեր, բժիշկը կարող է առաջարկել էպիդուրալ տարածության մեջ Կորտիզոնի և տեղային թմրացնող այլ լուծույթի ներարկում: Կորտիզոնը օգնում է նյարդարմատների շուրջը բորբոքման մեղմացմանը, սակայն ցավազրկող ազդեցությունը սովորաբար տևում է միայն մեկ կամ երկու ամիս: Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները պարզել են, որ այն այդքան էլ արդյունավետ չէ գոտկային ցավի բուժման համար։
  • Ռադիոհաճախային նեյրոտոմիա. այս միջոցառման ժամանակ մաշկով մինչև ցավացող շրջան ներմուծվում է բարակ ասեղ, որով ռադոալիքներ են ուղղորդվում մոտակա նյարդեր՝ արգելակելով ցավային ազդանշանների դեպի գլխուղեղ հաղորդումը:
  • Իմպլանտացված նյարդային խթանիչներ. այս դեպքում մաշկի տակ ներդրվում է փոքր սարք, որը էլեկտրական ազդանշաններ է ուղղորդում նյարդերին՝ արգելակելով ցավայինները։
  • Վիրահատություն. եթե ունեք չմեղմացող մեջքի ցավ, որը ճառագայթվում է ներքև՝ դեպի ոտքեր կամ բերում նյարդի ճնշմամբ պայմանավորված հարաճուն մկանային թուլության, կարող է առաջարկվել «մեծ» վիրահատություն: Վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այն դեպքերում, եթե մեջքի ցավի պատճառը ողնաշարի այլ կառուցվածքային խնդիրներն են, օրինակ՝ միջողնային սկավառակի ճողվածք կամ սպինալ սթենոզ (ողնաշարային խողովակի նեղացման), որոնք բուժման այլ տարբերակներով չեն բարելավվում:

Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021