Պառկելախոցեր. բուժում

Պառկելախոցեր. բուժում

Պառկելախոցերի բուժումը ներառում է՝ մաշկի ախտահարված շրջանի վրա ճնշման թուլացում, վերքերի խնամք, ցավի վերահսկում, վարակի կանխարգելում և սննդակարգի բարելավում:

Բուժանձնակազմ

Ձեր բժշկական անձնակազմը կարող է կազմված լինել տարբեր մասնագետներից, այդ թվում՝

  • ընտանեկան բժիշկ, ով հետևում է բուժման պլանին
  • վերքերի բուժման ոլորտի բժիշկ կամ բուժքույր
  • բուժքույր, ով ապահովում է խնամք և տրամադրում վերքերի բուժման վերաբերյալ գիտելիքներ, հմտություններ և տեղեկատվական-կրթական նյութեր
  • ֆիզիոթերապևտ, ով օգնում է շարժունակության բարելավմանը
  • զբաղվածության թեևապևտ, ով օգնում է համապատասխան մակերևույթների բարելավման հարցերում (նստատեղ, թիկունք և այլն)
  • դիետոլոգ, ով հետևում է ձեր սնման կարիքներին և առաջարկում առողջարար սննդակարգեր
  • մաշկաբան
  • ելնելով իրավիճակից՝ նյարդավիրաբույժ, անոթային վիրաբույժ, օրթոպեդ կամ պլաստիկ վիրաբույժ։

Ճնշման նվազեցում

Պառկելախոցի բուժման առաջին քայլը այն առաջացնող պատճառական գործոնների, առաջին հերթին՝ մշտական ճնշման և շփման (հարուկի) նվազեցումն է:

  • Դիրքի փոփոխություն. եթե ունեք պառկելախոց, հաճախակի շուռ եկեք և փոփոխեք ձեր մարմնի դիրքը: Հաճախությունը կախված է հիվանդության զարգացման փուլից և հենվող մակերևույթի որակից:
  • Օժանդակող մակերեսներ. օգտագործեք ներքնակներ, հատուկ սպիտակեղեն և անկողնային պարագաներ, որոնք օգնում են նստելիս կամ պառկելիս «խոցելի» մաշկի պաշտպանությանը։

Վերքերի մաքրում և վիրակապում

Պառկելախոցերի խնամքը և բուժումը կախված է զարգացման փուլից (խոցի խորությունից): Ընդհանուր առմամբ, վերքի մաքրումը և վիրակապումը ներառում են հետևյալ միջոցառումները:

  • Վերքի մաքրում. եթե ախտահարված մաշկի ամբողջականությունը խախտված չէ, լվացեք այն թույլ մաքրող միջոցներով և նուրբ չորացրեք: Բաց վերքերի դեպքում վիրակապն ամեն անգամ փոխելիս վերքային մակերեսները լվացեք ստերիլ ջրով կամ աղաջրով:
  • Վերքի ծածկում. վիրակապն արագացնում է վերքի ապաքինումը՝ վերքային մակերևույթը պահելով խոնավ: Այն նաև խոչընդոտ է հանդիսանում վարակների դեմ և հարակից մաշկը պահում է չոր: Ըստ իրավիճակի, բժիշկը խորհուրդ կտա օգտագործել հատուկ ժապավեններ, թանզիֆներ, գելեր, փրփուրներ և խնամքի ու բուժման այլ միջոցներ: Գուցե կարիք լինի օգտագործել տարբեր վիրակապեր:

Վնասված կամ մեռուկացած հյուսվածների հեռացում

Ապաքինումն արագացնելու կամ հնարավոր դարձնելու համար վերքը պետք է ազատել վնասված, մեռուկացած կամ վարակված հյուսվածքներից: Այս միջոցառումը կատարում են բժիշկը կամ բուժքույրը:

Այլ միջոցառումներ

  • Ցավազրկողներ. ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն ) կամ Նապրոքսենը (Ալեվե) կարող են մեղմացնել առկա ցավերը: Դրանք նաև կարող են օգտակար լինել մարմնի դիրքը փոփոխելուց կամ վերքը խնամելուց առաջ կամ հետո: Վերքի մշակման ընթացքում նաև կարող են օգտագործվել տեղային ցավազրկող միջոցներ:
  • Առողջ սննդակարգ. առողջարար սննդանյութերով հարուստ սննդակարգը կարող է օգնել վերքի ապաքինմանը:

Վիրահատական միջամտություններ

Ապաքինվելու որևէ հավանականություն չունեցող մեծ պառկելախոցերը կարող են պահանջել վիրահատություն: Զրուցեք այս թեմայով վիրաբույժի հետ:

Հոդվածը վերանայվել է՝ 03-04-2021