Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի ադենոմա
Անգլերեն անվանումը՝ Benign Prostate Hypertrophy, Prostate Hyperplasy

Շագանակագեղձի ադենոման այս օրգանի բարորակ գերաճն է, որը սովորաբար հանդիպում է 40-ն անց տղամարդկանց մոտ:

Չնայած իր բարորակ ընթացքին, մեծացած շագանակագեղձը կարող է առաջացնել տղամարդկանց միզարձակման և սեռական կյանքի հետ կապված խնդիրներ:

Շագանակագեղձի ադենոմայի մյուս անվանումներն են՝ շագանակագեղձի բարորակ հիպերտրոֆիա կամ բարորակ հիպերպլազիա։

Ի՞նչ է շագանակագեղձը և որտե՞ղ է այն գտնվում

Շագանակագեղձը (պրոստատ) միայն տղամարդկանց մոտ հանդիպող կենտ գեղձ է: Այն համարվում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի կարևոր օրգաններից մեկը: Շագանակագեղձն արտադրում է հեղուկ, որը հանդիսանում է սերմնահեղուկի բաղադրիչներից մեկը և սպերմատոզոիդներին պահում է ակտիվ և առողջ վիճակում:

Շագանակագեղձը գտնվում է առնանդամի հիմքի ետևում, միզապարկի տակ: Միզուկը՝ մեզը միզապարկից դեպի առնանդամ հասցնող խողովակը, անցնում է շագանակագեղձի միջով:

Ի՞նչ է շագանակագեղձի ադենոման

Շագանակագեղձի ադենոման այս օրգանի ոչ չարորակ մեծացումն է՝ բարորակ գերաճը (հիպերտրոֆիա կամ հիպերպլազիա): Շագանակագեղձը մեծանում է դանդաղ՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի ճնշելով միզապարկի հատակը և իր միջով անցնող միզուկը:

Ի՞նչն է շագանակագեղձի ադենոմայի պատճառը

Շագանակագեղձի ադենոմայի պատճառները մինչև վերջ բացահայտված չեն: Որպես հիմնական գործոն դիտարկվում է տարիքը (60-ն անց տղամարդկանց շուրջ կեսի մոտ կարող են դրսևորվել ադենոմայի նշանները): Տեստոստերոնի՝ արական սեռական հորմոնի մակարդակի նվազումը և ժառանգական գործոնները նույնպես կարող են շագանակագեղձի մեծացման գործոններ համարվել:

Շագանակագեղձի ադենոմայի ախտանիշները

Սովորաբար այս հիվանդության նշանները դրսևորվում են, երբ մեծացած շագանակագեղձը սկսում է սեղմել միզապարկը և ճնշել-նեղացնել իր միջով անցնող միզուկի լուսանցքը:

Շագանակագեղձի հիպերտրոֆիայի ախտանիշները կարող են ներառել՝

  • միզելուց միզապարկը լիարժեք դատարկելու անհնարինություն
  • մեզի շիթի բարակում
  • միզելու ցանկության հանկարծակի սկիզբ, որը բերում է հաճախամիզության և խաթարում գիշերային քունը
  • միզելու վերջում մեզի ինքնաբուխ արտահոսք
  • միզապարկի բորբոքման նշաններ (ցիստիտ):

Հազվադեպ, շագանակագեղձի ադենոման կարող է ազդել սեռական հարաբերության ունակության վրա՝ առաջ բերելով իմպոտենցիա կամ ցավոտ օրգազմ:

Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշումը

Ձեզ մոտ շագանակագեղձի ադենոման ախտորոշելու համար բժիշկը կարող է՝

  • զրուցել ձեզ հետ և զննել ձեզ
  • կատարել ռեկտալ (ուղիղաղիքային) մատային զննում, որի ժամանակ նա մատային շոշափումով գնահատում է ձեր շագանակագեղձի չափսերը, ձևը և պնդությունը
  • նշանակել արյան և մեզի հետազոտություններ
  • նշանակել շագանակագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, որին դուք պետք է ներկայանաք լցված («լիքը») միզապարկով
  • որոշ դեպքերում նշանակել շագանակագեղձի բիոպսիա (շագանակագեղձի քաղցկեղի կասկած):

Շագանակագեղձի ադենոմայի բուժումը

Շագանակագեղձի ադենոմայի բուժման մեթոդը կախված է այս հիվանդության ախտանիշների դրսևորման աստիճանից: Այն կարող է ներառել՝

  • որևէ բուժում չիրականացնելը, հատկապես այն դեպքերում, երբ ախտանիշները մեղմ են
  • դեղեր, որոնք թույլ կտան որոշակիորեն մեղմացնել գանգատները
  • վիրահատություն, երբ ադենոմայի ախտանիշները զգալի կերպով վնաս են հասցնում ձեր առօրյա կյանքին (օրինակ՝ շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա (TUR)):

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019