Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. սննդակարգը վիրահատությունից հետո

Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. սննդակարգը վիրահատությունից հետո

​Եթե կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշումը հաստատվելուց հետո ձեր հաստ աղու մի մասը հեռացրել են, ապա հավանական է, որ վիրահատությունից հետո ձեր աղիների պարունակությունը դառնա ավելի ջրիկ, քանի որ մնացած հաստ աղին ավելի քիչ քանակությամբ ջուր կարող է ներծծել

Սա նշանակում է, որ հաստ աղու մասնահատումից հետո դուք կարող եք ունենալ փորլուծության կամ զուգարանից շտապ օգտվելու ցանկության կրկնվող դրվագներ:

Եթե փորլուծությունը ձեզ համար դառնում է խնդրահարույց, ապա տեղեկացրեք այդ մասին ձեր բժիշկներին, քանի որ կան դեղեր, որոնք կարող են մեղմացնել ձեր ախտանիշները:

Դուք նաև կարող եք զգալ, որ վիրահատությունից հետո առաջին մի քանի ամսվա ընթացքում որոշ սննդատեսակներ նպաստում են փորլուծության կամ աղիների գործունեության հետ կապված այլ գանգատների առաջացմանը կամ սրացմանը: Այս իմաստով, խնդրահարույց կարող են դառնալ հետևյալ մթերքները՝

  • բջջանքով հարուստ մրգեր և բանջարեղեններ, օրինակ՝ լոբի, կաղամբ, խնձոր և բանան
  • գազալցված ըմպելիքներ և գարեջուր:

Նման դեպքերում խորհուրդ է տրվում ժամանակավորապես սահմանափակել ձեր սննդակարգում բջջանքի մասնաբաժինը: Օրինակ, բջջանքից աղքատ կարող են լինել՝

  • սպիտակ հացամթերքները և սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքները (օրինակ՝ հրուշակեղեն)
  • կրեմային կրեկերներ
  • թեյի թխվածքաբլիթներ
  • եգիպտացորների շիլա կամ փաթիլներ
  • լավ եփված և կեղևազերծված բանջարեղեններ և մրգեր:

Օգտակար կարող են լինել նաև հետևյալ խորհուրդները՝

  • խմեք առատ հեղուկներ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր
  • կրճատեք օրվա ընթացքում խմվող սուրճի քանակը (կոֆեինը կարող է խթանել աղիների գործունեությունը և սրացնել փորկապությունը)
  • կերեք փոքր չափաբաժիններով և մինչև կուլ տալը սնունդը լավ ծամեք
  • անանուխի ջուրը կարող է օգնել կուտակված գազերի հեռացմանը և թեթևացնել աղիների փքվածությամբ պատճառված անհարմարավետության զգացումը:

Օգտակար կարող է լինել, եթե դուք պահեք ձեր սննդի օրագիր և գրանցեք տարբեր սննդամթերքների ազդեցությունը ձեր աղիների գործունեության վրա:

Եթե կարծում եք, որ վիրահատությունից հետո ձեր աղիների հետ կապված խնդիրները երկարաձգվում են կամ չեք կարողանում լիովին պահպանել առողջ սննդակարգ, ապա դիմեք ձեր բժշկին: Անհրաժեշտության դեպքում, ձեզ կարող է խորհուրդներ տալ նաև դիետոլոգը:

Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021