Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. ախտորոշում

Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. ախտորոշում

Կոլոռեկտալ քաղցկեղը կարող է զարգանալ առանց որևէ վաղ նախազգուշացնող նշանի:

Կոլոռեկտալ քաղցկեղը մինչև քաղցկեղի վերածվելը և մարմնի այլ շրջաններ տարածվելը կարող է մի քանի տարվա ընթացքում աճել հաստ աղու պատի ներսի կողմից որպես պոլիպ: Հաճախ այս գերաճերից կարող է քիչ քանակությամբ արյուն հոսել և դուրս գալ կղանքով դեռևս այն ժամանակ, երբ քաղցկեղի որևէ այլ ախտանիշ դեռևս չի դրսևորվել:

Սա քաղցկեղի վաղ զարգացման այն փուլն է, որ քաղցկեղի որևէ ակնհայտ ախտանիշ չունեցող մարդկանց սքրինինգային թեստով կարող է հայտնաբերվել պոլիպի կամ քաղցկեղացած պոլիպի առկայություն: Այս փուլում հայտնաբերված քաղցկեղը կարող է հեշտությամբ և արդյունավետ բուժվել:

Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգը ներառում է այսպես կոչված կղանքում թաքնված արյան հայտնաբերման թեստ, որն օգտագործվում է կղանքում չնչին քանակությամբ (արտաքինից չերևացող) արյուն հայտնաբերելու համար: Թաքնված արյան առկայությունը թույլ է տալիս շարունակել ախտորոշիչ փնտրտուքը, սակայն դեռ չի նշանակում, որ առկա է քաղցկեղ:

Թաքնված արյան թեստը պարզ և ոչ ինվազիվ սքրինինգային թեստ է, որը թեև 100%-ոց ճշգրիտ թեստ չէ, սակայն եթե կատրավում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, ապա կարող է կոլոռեկտալ քաղցկեղից մահացության ռիսկը նվազեցնել 15-25%-ով, քանի որ թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռևս զարգացման ամենավաղ փուլում:

Եթե թաքնված արյան թեստը դրական է, ապա բժիշկը կարող է ձեզ ուղեգրել կոլոնոսկոպիայի: Սա էնդոսկոպիկ ախտորոշիչ մեթոդ է, որի ժամանակ ձեր հետանցքից ներմուծվում է ազատ ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող ճկուն խողովակ և «ներսից» դիտվում ուղիղ և սիգմայաձև աղիների պատերը: Ընդ որում, կոլոնոսկոպիայի ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպներ կամ հյուսվածքային նմուշներ, որոնք ուղարկի լաբորատորիա՝ հյուսվածաբանական հետազոտության (կոչվում է «բիոպսիա»):

Կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման համար կարող է առաջանալ այլ հետազոտությունների անհրաժեշտություն ևս:

  • Արտաքին զննում և պատմություն. մարմնի արտաքին զննումը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել ընդհանուր առողջական վիճակի մասին և հայտնաբերել որոշ անսովոր նշաններ, օրինակ՝ հետանցքի շրջանում ուռածություն: Պացիենտի առողջությանը վերաբերող սովորույթների (օրինակ՝ աղիների գործունեություն) հետազոտումը և նախկինում կրած հիվանդությունների մասին տեղեկանալը նույնպես բժշկին կարող է տալ օգտակար ախտորշիչ տեղեկատվություն:
  • Ուղիղ աղիքի մատային զննում. մատային ռեկտալ զննմամբ բժիշկը կարող է հայտնաբերել ուղիղաղիքային արտասովոր նշաններ՝ ուռուցքանման գոյացություն, պնդացած շրջաններ և այլն:
  • Բարիումային հոգնա. սա բարիում (արծաթագույն մետաղական նյութ) պարունակող լուծույթը ուղիղ աղիք ներմուծելուց հետո մի շարք ռենտգեն պատկերումներն են: Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ուղիղ աղիքի լուսանցք աճած ուռուցքանման գոյացություններ:
  • Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրագիա (ՄՌՏ). ՀՏ-ն թույլ է տալիս ստանալ մի շարք օրգանների միաժամանակյա եռաչափ պատկերները: Իսկ ՄՌՏ-ն կարող է արտածել մանրակրկիտ եռաչափ պատկերներ և ներկայացնել ուռուցքների տարածումը դեպի հարակից հյուսվածքներ:
  • Պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԵՏ). ՊԷՏ-ը ռադիոակտիվ գլյուկոզի ներարկումն է, որից հետո հատուկ արտածելիս քաղցկեղային բջիջները երևում են ավելի բաց գույնի:
  • Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային գոյացությունը՝ օգտագործելով գերձայնային հաճախականության ալիքներ: Այս հետազոտությամբ կարելի է հասկանալ քաղցկեղի դեպի հարակից հյուսվածքներ տարածման չափը:
  • Բիոպսիա. կոլոնոսկոպիայի ընթացքում կատարված բիոպսիան թույլ է տալիս հաստ կամ ուղիղ աղիքից նմուշառված հյուսվածքի մեջ հայտնաբերել քաղցկեղային բջիջներ:

Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021