Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. բուժում

Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. բուժում

​Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման լավագույն տարբերակը տարբեր ոլորտի մասնագետների համաձայնեցված նշանակումներն ու հսկողությունն է:

Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման տեսակը կախված է քաղցկեղի տարածվածությունից կամ տարածման ռիսկից: Թեև գրեթե բոլոր բուժումներն ունեն կողմնակի ազդեցություններ, շատ անգամ անցանկալի երևույթները կարող են արդյունավետ կերպով կառավարվել: Զրուցեք ձեր բժշկի հետ և խնդրեք նրան, որ բացատրի, թե բուժման ընթացքում ինչպիսի կողմնակի՞ ազդեցություններ կարող եք ակնկալել և ինչպե՞ս լավագույնս վերահսկել ու մեղմացնել դրանք:

Վիրահատությունն այս քաղցկեղի ստանդարտ բուժումն է: Քաղցկեղը և հարակից հյուսվածքները հեռացվում են այնպես, որ քաղցկեղային ախտահարված շրջաններ հնարավորինս չմնան: Սովորաբար հաստ աղու ազատ ծայրերը կրկին միացվում են միմյանց, որպեսզի պահպանվի աղիքի նորմալ գործունեությունը: Եթե որևէ պատճառով այս վերամիացումը հնարավոր չէ, ապա կղանքային արտաթորանքների հեռացման համար որովայնի պատին ստեղծվում է արհեստական բացվածք (կոլոստոմ): Ժամանակավոր կոլոստոմը կարող է երկրորդ վիրահատությամբ մի քանի շաբաթ անց փակվել: Ավելի պակաս, քան 5% դեպքերում անհրաժեշտություն է ծագում կոլոստոմը դարձնել մշտական:

Հաստ աղու վիրահատությունը համարվում է վիրաբուժական մեծ միջամտություն: Հիվանդանոցային բուժումը կարող է շարունակվել 5-10 օր, որից հետո 4-6 շաբաթ շարունակվում է վերականգնման շրջանը: Վաղ հայտնաբերված քաղցկեղի դեպքում սովորաբար լրացուցիչ ճառագայթային բուժման (ռադիոթերապիա) կամ քիմիոթերապիայի կարիք չի զգացվում: Այնուամենայնիվ, եթե քաղցկեղը բավականաչափ մեծացած է կամ արդեն տարածվել է ավշային հանգույցներ, ապա լավագույն արդյունք ապահովելու համար ձեզ կարող է առաջարկվել վիրահատության, ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի համակցված մոտեցում:

Քիմիոթերապիան օգտագործում է հակաքաղցկեղային դեղեր, որոնք օգնում են վիրահատությունից հետո մնացած քաղցկեղային բջիջների ոչնչացմանը, որոնք չեն կարող հայտնաբերվել, սակայն կարող են տարածվել ձեր մարմնի այլ շրջաններ: Վիրահատությանը հաջորդող քիմիոթերապիան կարող է հանդիսանալ արդյունավետ բուժում, որը կրճատում է քաղցկեղի կրկնության կամ վերադարձի հավանականությունը: Դեղերը սովորաբար տրվում են ձեռքի երակից, սակայն կան այլ մեթոդներ ևս:

Ճառագայթային բուժումը քաղցկեղային բջիջներին ոչնչացնելու համար օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ: Այն սովորաբար օգտագործվում է ուղիղ աղու քաղցկեղի վիրահատությունից առաջ, որպեսզի փոքրացվի քաղցկեղի չափսը և վիրահատությունը դառնա տեխնիկապես ավելի հեշտ: Ռադիոթերապիան օգտագործվում է նաև վիրահատությունից հետո՝ որպես քաղցկեղի կրկնության կամ վերադարձի հավանականությունը կրճատող մեթոդ: Բուժման տևողությունն ընտրվում է անհատապես.

Քիմիոթերապիան կարող է օգտագործվել նաև ճառագայթային բուժման հետ միասին

Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021