Գլխուղեղի ուռուցքներ
11-06-2019
2 րոպե

Գլխուղեղի ուռուցքն առաջանում է ոչ նորմալ՝ անկանոն աճող բջիջներից:
Գլխուղեղը կառավարում է ձեր մարմնի բոլոր շրջանները և դրանց գործունեությունը, ինչպես նաև «արտադրում» ձեր մտքերը: Գլուղեղի ուռուցքը կարող է խանգարել բոլոր այս գործառույթները:
Ի՞նչ է գլխուղեղի ուռուցքը
Երբ բջիջները սկսում են անկանոն և անկառավարելի կերպով բազմանալ, առաջացնում են ուռուցք (tumor): Ուռուցքները կարող են լինել բարորակ կամ չարորակ:
Բարորակ ուռուցքն աճում և մնում է նույն տեղում: Այն չի կարող տարածվել մարմնի այլ շրջաններ:
Բարորակ ուռուցքները քաղցկեղային չեն: Սակայն գլխուղեղի բարորակ ուռուցքը կարող է վնաս պատճառել, որը պայմանավորված է ուռուցքի աճի ու մեծացման շրջանով և գլխուղեղի հարակից շրջանները ֆիզիկապես (մեխանիկորեն) ճնշելով: Սա կարող է ստանալ կյանքին սպառնացող բնույթ կամ բացասաբար ազդել մարմնի այլ շրջանների գործունեության վրա: Նույնիսկ լինելով բարորակ, գլխուղեղի որոշ ուռուցքներ ունեն անհետաձգելի բուժման կարիք:
Չարորակ ուռուցքները քաղցկեղներն են: Դրանք կարող են տարածվել գլխուղեղի կամ մարմնի այլ շրջաններ: Գլխուղեղի չարորակ ուռուցքներն այլ կերպ կոչվում են գլխուղեղի քաղցկեղներ:
Որոշ բարորակ ուռուցքներ կարող են չարորականալ և վերածվել քաղցկեղի:
Գլխուղեղի ուռուցքների տեսակները
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել առաջնային կամ երկրորդային: Առաջնային ուռուցքը սկիզբ է առնում գլխուղեղից, մինչդեռ երկրորդային ուռուցքը քաղցկեղ է, որը մարմնի այլ շրջանից տարածվում՝ «մետաստազվում» է դեպի գլխուղեղ:
Կան գլխուղեղի ուռուցքի տարբեր տեսակներ: Ողնուղեղի ուռուցքների հետ միասին դրանք խմբավորվում են որպես «կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ»:
Գլխուղեղի ուռուցքները սովորաբար իրենց անվանումը ստանում են՝ կախված այն բանից, թե ինչ տեսակի բջիջներից են սկիզբ առել: Գլխուղեղի առաջնային ուռուցքներից ավելի հաճախ հանդիպում են գլիոմաները (ներառյալ՝ աստրոցիտոմաներ և գլիոբլաստոմաներ), մենինգիոմաները և մեդուլոբլաստոմաները:
Քաղցկեղների բազմաթիվ տեսակներ կարող են տարածվել դեպի գլխուղեղ՝ առաջացնելով գլխուղեղի երկրորդային ուռուցքներ կամ քաղցկեղներ: Դեպի գլխուղեղ ավելի հաճախ տարածվում են մելանոմաները, հաստ աղիների, կրծքագեղձի, երիկամի և թոքի քաղցկեղները:
Գլխուղեղի ուռուցքների ռիսկի գործոնները
Գլխուղեղի ուռուցքների ռիսկի գործոնները վերջնականապես ճշգրտված չեն:
Հազվադեպ մարդկանց մոտ կարող են գլխուղեղի ուռուցքներ զարգանալ ժառանգական գործոնների պատճառով (օրինակ՝ ճառագայթման ենթարկվածներ): Ներկայումս ընթանում են հետազոտություններ՝ ուղղված գլխուղեղի ուռուցքների ռիսկը բարձրացնող գեների հայտնաբերմանը:
Ի՞նչ տարածվածություն ունեն գլխուղեղի քաղցկեղները
ԿՆՀ ուռուցքների գրեթե կեսը քաղցկեղներ են:
Հոդվածը վերանայվել է՝ 07-02-2021