Կրծքագեղձի ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ֆիբրոադենաման գեղձի բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքն է, որը հաճախ զարգանում է 15-35 տարեկան կանանց շրջանում։

Կրծքագեղձի ֆիբրոադենոման կարող է լինել պինդ, ավելի փափուկ և շրջապատող հյուսվածքներից հստակ սահմանազատվող։ Շոշափելիս այն սովորաբար խիստ շարժունակ է և մատերի տակից «փախչող»։ Հիմնականում տեղայնացված է լինում կրծքագեղձի վերին քառորդում:

Ֆիբրոադենոմաները երիտասարդ կանանց կրծքագեղձի ամենահաճախ հանդիպող ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցքներն են։ Հիվանդության վարումը կարող է ներառել ուռուցքի չափսերի և ձևի փոփոխության պարբերաբար հսկողությունը և բիոպսիան՝ գնահատելու վիրահատական հեռացման անհրաժեշտությունը։

Ֆիբրոադենոման կրծքագեղձում կարող է լինել ինչպես մեկ՝ եզակի գոյացության տեսքով, այնպես էլ բազմաթիվ:

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի ախտանիշները

Ֆիոբրոադենոմաները կրծքագեղձի պինդ ուռուցքներ են, որոնք սովորաբար՝

  • կլորավուն են
  • ունեն հարթ եզրագծեր (սահմաններ)
  • շարժուն են
  • պինդ կամ ռետինանման են
  • անցավ են։

Դուք կարող եք ունենալ մեկ կամ զույգ կրծքերում մեկ կամ ավելի շատ ֆիբրոադենոմատոզ ուռուցքային հանգույցներ։

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե դուք՝

  • ձեր կրծքերից մեկնումեկում կամ երկուսում հայտնաբերում եք նոր գոյացություն
  • նկատում եք ձեր կրծքերի հետ կապված որևէ այլ փոփոխություն
  • ձեր կրծքում նախկինում հայտնաբերված ուռուցքային գոյացությունը աճել-մեծացել է կամ փոխել է իր ձևը և կարծես թե սկսել է առանձնանալ շրջակա հյուսվածքներից։

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի պատճառները

Ֆիբրոադենոմայի պատճառներն անհայտ են, սակայն որոշակի դեր է տրվում վերարտադրողական հորմոնների հավասարակշռության խախտմանը։ Կրծքագեղձի ֆիբրոադենոմաները հաճախ կարող են առաջանալ ձեր վերարտադրողական տարիքում, մեծանալ հղիության կամ հորմոնային փոխարինող բուժման (ՀՓԲ) ընթացքում և փոքրանալ դաշտանադադարից հետո, երբ հորմոնային ակտիվությունը նվազում է։

Ֆիբրոադենոմայի տեսակները

Սովորական (հասարակ) ֆիբրոադենոմաներից բացի, ձեզ մոտ բժիշկը կարող է ախտորոշել բարորակ այս ուռուցքի հետևյալ տեսակները։

  • Բարդ (կոմպլեքս) ֆիբրոադենոմաներ․ այս ուռուցքները բջիջների գերաճի (հիպերպլազիա) պատճառով կարող են արագորեն աճել։ Ուռուցքի այս տեսակը սովորաբար ախտորոշվում է բիոպսիայով։
  • Պատանեկան ֆիբրոադենոմաներ․ սրանք կծքագեղձի ուռուցքների տարածված տեսակներն են, որոնք առաջանում են 10-18 տարեկան դեռահաս աղջիկների շրջանում։ Պատանեկան ֆիբրոադենոմաները կարող են աճել և մեծանալ, սակայն ավելի հաճախ ժամանակի ընթացքում փոքրանում և երբեմն անհետանում են։
  • Հսկա ֆիրբոադենոմաներ. այս տեսակը կարող է աճել և հասնել 5 սմ և ավելի մեծ տրամաչափով ուռուցքի։ Հսկա ֆիբրոադենոմաները ցուցված են վիրահատական հեռացման, քանի որ կարող են ճնշել շրջակա հյուսվածքները։
  • «Տերևանման» (ֆիլոիդ) ուռուցքներ․ ունենալով բարորակ բնույթ, որոշ ուռուցքներ կարող են չարորականալ (մալիգնիզացիա), ուստի ձեզ մոտ հայտնաբերելով նման տեսակի ֆիբրոադենոմա, բժիշկը հավանաբար կառաջարկի վիրահատական հեռացում։

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բարդությունները

Ֆիբրոադենոմաների մեծ մասը չեն բերում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացման։ Սակայն բարդ և տերևանման ֆիբրոադենոմաները կարող են քիչ բարձրացնել քաղցկեղի ռիսկը։

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի ախտորոշումը

Ձեզ հետ զրուցելուց հետո բժիշկը կզննի և կշոշափի ձեր երկու կրծքերը։

Որոշ ֆիբրոադենոմաներ շատ փոքր են, ուստի կարող են որևէ գանգատ չառաջացնել։ Նման դեպքերում օգնության է գալիս կրծքերի պատկերման մեթոդները՝ սոնոգրաֆիան և ախտորոշիչ մամոգրաֆիան։

Ախտորոշումը հաստատելու կամ այլ հիվանդություններից (օրինակ՝ քաղցկեղից) տարբերակելու նպատակով բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև ուռուցքային գոյացության ասպիրացիա (ներարկիչով ներծծում) կամ բիոպսիա՝ կենսանմուշն ուղարկելով հյուսվածաբանական հետազոտության։

Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բուժումը

Դեպքերի մեծ մասի համար ֆիբրոադենոման որևէ բուժում չի պահանջում, սակայն որոշ դեպքերում բժիշկը ձեզ կարող է առաջարկել ուռուցքային գոյացության վիրահատական հեռացում։

Ոչ վիրահատական բուժում

Եթե ձեր բժիշկն ունի տվյալներ, որոնք վկայում են ձեր կրծքագեղձի ուռուցքի ֆիբրոադենոմային բնույթի մասին, նա կարող է նաև առաջարկել ոչ վիրահատական բուժման որոշ մեթոդներ, հատկապես, եթե՝

  • վիրահատությամբ ձեր կրծքի ձևը կարող է խեղաթյուրվել
  • կա ուռուցքի ինքնուրույն փոքրացման դինամիկա
  • ուռուցքային հանգույցները բազմաթիվ են և ժամանակի ընթացքում իրենց չափսերով՝ անփոփոխ (այդ թվում՝ սոնոգրաֆիայով)։

Նման դեպքերում ընտրվում է սպասողական տակտիկա և կրծքագեղձի կանոնավոր հետազոտություն։

Վիրահատություն

Որոշ դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել ուռուցքի վիրահատական հեռացում (օրինակ՝ չարորակացման բարձր ռիսկ, ուռուցքի մեծ չափսեր, ժամանակի ընթացքում մեծացում և այլն)։

Վերջին տարիներին մեծ տարածում է ստացել ֆիբրոադենոմաների կրիոաբլացիան (հատուկ միջոցներով ուռուցքային հյուսվածքի սառեցում)։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021