Կրծքավանդակային ցավեր. բուժում

Կրծքավանդակային ցավեր. բուժում

Կրծքավանդակի շրջանի ցավի բուժումը կախված է առաջացման պատճառից:

Դեղամիջոցներ

Ստորև ձեզ ենք ներկայացնում կրծավանդակային ցավերի ամենատարածված պատճառների բուժման մեջ կիրառվող դեղամիջոցների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

  • Զարկերակները լայնացնող դեղամիջոցներ. սովորաբար ենթալեզվային հաբի տեսքով տրվող Նիտրոգլիցերինը թուլացնում է սրտի զարկերակները, և արյունը կարողանում է ավելի հեշտությամբ հոսել դրանց նեղացած լուսանցքով: Որոշ բարձր արյան ճնշման դեղեր նույնպես թուլացնում և լայնացնում են արյունատար անոթները:
  • Ասպիրին. եթե բժիշկը կասկածում է, որ ձեր կրծքավանդակային ցավը կապված է սրտային հիվանդության հետ, հավանաբար կառաջարկի Ասպիրին:
  • Թրոմբոլիտիկ դեղամիջոցներ. սրտամկանի ինֆարկտի դեպքում բժիշկը կարող է նշանակել արյան մակարդուկը (թրոմբ) տարալուծող դեղամիջոցներ՝ ուղղված խցանված սրտի պսակային զարկերակով արյան հոսքի և սրտամկանի արյունամատակարարման վերականգնմանը։
  • Հակամակարդիչներ. եթե սիրտը կամ թոքերը սնուցող զարկերակներից մեկնումեկում ձևավորվել է արյան մակարդուկ (թրոմբ), բժիշկը կարող է նշանակել արյան մակարդելիությունն արգելակող («արյունը ջրիկացնող») դեղամիջոցներ, որոնք կարող են կանխարգելել նոր մակարդուկների առաջացումը կամ առկա մակարդուկների մեծացումը:
  • Թթվայնությունը չեզոքացնող դեղամիջոցներ. եթե կրծքավանդակային ցավի պատճառը ստամոքաթթվի դեպի կերակրափող ետհոսքն է (ռեֆլյուքս), բժիշկը կարող է առաջարկել ստամոքսի թթվի քանակը նվազեցնող կամ չեզոքացնող դեղամիջոցներ:
  • Հակադեպրեսանտներ. եթե ունեք խուճապի նոպաներ, բժիշկը կարող է նշանակել հակադեպրեսանտներ, որոնք կօգնեն խուճապի ախտանիշների մեղմացմանն ու վերահսկմանը: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ որևէ հոգեթերապևտիկ միջոցառում, օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա:

Վիրաբուժական և այլ միջամտություններ

Կրծավանդակային ցավերի ամենավտանգավոր պատճառների բուժման մեջ բժիշկը կարող է առաջարկել նաև որոշ վիրաբուժական և այլ միջամտություններ:

  • Անգիոպլաստիկա և ստենտավորում. եթե կրծքավանդակային ցավը կապված է սիրտը սնուցող զարկերակներից մեկնումեկի արգելափակմամբ, սրտային վիրաբույժը կարող է անցկացնել սրտի կաթետերիզացիա, որը ներառում է կորոնարոգրաֆիան (պսակային զարկերակների «ռեալ ժամանակի» մեջ ռենտգենոգրաֆիա) և նեղացած կամ խցանված զարկերակի ստենտավորում՝ լայնացում մեղաղական պարույրով: Վերջինս նեղացած զարկերակը պահում է բաց վիճակում՝ ապահովելով սրտամկանի համարժեք արյունամատակարարումը: Միջամտությունը (մյուս անվանումն է՝ «անգիոպլաստիկա») տևում է 30 րոպեից մինչև 3 ժամ, իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո և որևէ ցավ չեք զգում:
  • Աորտո-կորոնար շունտավորում. Պսակային անոթի շունտավորումը մեծ վիրահատություն է, որի ժամանակ սրտային վիրաբույժը վերցնում է առողջ երակի որևէ հատված (սովորաբար՝ ստորին վերջույթներից) և մի ծայրը կարում աորտային, իսկ երկրորդ ծայրը՝ պսակային զարկերակի ճյուղին՝ նեղացումից ներքև: Այսպիսով, արյան համար ստեղծվում է այլընտրանքային հոսքագիծ՝ շրջանցելով պսակային զարկերակի խցանված հատվածը:
  • Աորտայի վերականգնում. եթե առկա է աորտայի շերտազատման վտանգ (կյանքին սպառնացող վիճակ), բժիշկը կարող է առաջարկել անևրիզմայի վերականգնում (բաց վիրահատության ձևով կամ ներանոթային անևրիզմայի վերականգնումով` արյունատար անոթների միջով դեպի աորտա հասնելով):
  • Թոքի վերափչում. եթե ունեք թոքի կոլապս, բժիշկը կարող է կրծքավանդակի խոռոչ ներմուծել խողովակ թոքի «շնչառությունը»՝ շնչառական շարժունակությունը վերականգնելու համար:

Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021