Խոլեցիստիտ. բուժում
06-05-2020
1 րոպե

Սուր խոլեցիստիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, որպեսզի լեղապարկի բորբոքման ընթացքը խիստ վերահսկվի:
Ավելի հաճախ հիվանդանոց ընդունվելուց հետո 2-3 օրվա ընթացքում լեղապարկը վիրահատական ճանապարհով հեռացվում է (կոչվում է «խոլեցիստէկտոմիա»): Եթե հակացուցումներ չկան, ապա խոլեցիստէկտոմիան կարող է կատարվել լապարոսկոպիկ եղանակով, երբ լեղապարկի հեռացումը իրականացվում է որովայնի տարբեր մասերում մի քանի փոքր կտրվածքների միջոցով:
Վիրահատությունից հետո լյարդում արտադրվելուց հետո լեղին առանց հեռացված լեղապարկում պահեստավորվելու արտահոսում է դեպի ձեր 12-մատնյա աղիք: Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ենթարկված մարդիկ հետվիրահատական շրջանում ավելի քիչ ցավեր են ունենում, ինչպես նաև նվազում է բարդությունների առաջացման ռիսկը (օրինակ՝ հետվիրահատական վարակներ):
Հիվանդանոցում բժիշկը (որպես կանոն՝ բժիշկ-վիրաբույժը) կազմակերպում է նաև ձեր ախտանիշների կառավարում: Բուժումը կարող է ներառել հետևյալ միջոցառումները՝
- սնուցում. առաջին հերթին, հիվանդանոցում ձեզ հավանաբար կարգելվի որևէ սնունդ կամ հեղուկ օգտագործելը, որպեսզի ձեր բորբոքված լեղապարկին «հանգիստ տրվի»
- ներերակային կաթիլային հեղուկներ. այս բուժումն օգնում է ջրազրկումը կանխարգելելուն, ընդհանուր ինտոքսիկացիան մեղմացնելուն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ներերակային (արտաաղիքային) սնուցումը կազմակերպելուն
- վարակի դեմ հակաբիոտիկներ. եթե ձեր լեղապարկը բորբոքված է, ապա բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ՝ սովորաբար թիրախավորելով աղիքային միկրոֆլորայի մաս կազմող աղիքային ցուպիկը (E. coli) և բակտերոիդները (Bacteroides)
- ցավազրկողներ. ցավազրկող դեղերը կարող են օգնել ցավի կառավարմանը՝ մինչև լեղապարկի բորբոքումը մեղմանա
- քարերի հեռացման միջոցառումներ. բժիշկը կարող է առաջարկել էնդոսկոպիկ հետադարձ (ռետրոգրադ) խոլանգիոպանկրեատոգրաֆիա (անգլերեն հապավումը՝ ERCP), որի նպատակը լեղապարկի ծորանը կամ ընդհանուր լեղածորանը խցանած քարերի ոչ վիրահատական հեռացումն է:
Խոլեցիստիտի ժամանակ դուք պետք է անցնեք քիչ ճարպեր պարունակող սննդակարգի: Ձեզ կարող են նշանակել նաև լեղային քարերը տարալուծող դեղեր:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021