Քրոնիկ հազ. բուժում
12-05-2021
1 րոպե

Քրոնիկ հազի բուժումը մեծապես կախված է պատճառից:
Սա նշանակում է, որ քրոնիկ հազի պատճառի ախտորոշումը վճռորոշ նշանակություն ունի արդյունավետ բուժման համար: Բազմաթիվ դեպքերում քրոնիկ հազն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառ:
Եթե ներկա ծխող եք, քննարկեք բժշկի հետ, թե ինչպես է հնարավոր առավել հեշտությամբ դադարեցնել ծխախոտի օգտագործումը: Եթե ընդունում եք ԱՓՖ արգելակիչ հանդիսացող որևէ դեղամիջոց, բժիշկը կարող է փոխարինել մեկ այլ խմբի հաբով, որը որպես կողմնակի ազդեցություն հազ չի առաջացնում:
Քրոնիկ հազը բուժելիս բժիշկը կարող է առաջարկել հետևյալ խմբերի դեղամիջոցները:
- Հակահիստամինայիններ, կորտիկոստերոիդներ և դեկոնգեստանտներ. այս դեղամիջոցները համարվում են հազ առաջացնող ալերգիայի և հետքթային հոսքի ստանդարտ բուժման միջոցներ:
- Ասթմայի ինհալացիոն միջոցներ. ասթմայով պայմանավորված հազի ամենաարդյունավետ բուժումները ներառում են կորտիկոստերոիդները և բրոնխոդիլատատորները (բրոնխոլիտիկներ), որոնք կրճատում են բորբոքումը և բացում թոքային օդուղիները:
- Հակաբիոտիկներ. եթե քրոնիկ հազի պատճառը բակտերիալ, սնկային կամ միկոբակտերիալ վարակներն են, բժիշկը կարող է նշանակել տվյալ վարակի դեմ ուղղված դեղամիջոցներ:
- Թթվի արգելակիչներ. երբ ապրելակերպի փոփոխությունները չեն մեղմացնում թթվային ռեֆլյուքսը, բժիշկը կարող է առաջարկել ստամոքսաթթվի արտադրությունն ընկճող դեղամիջոցներ: Որոշ դեպքերում կարող է առաջանալ վիրահատության ցուցում:
Հազն ընկճող (հակահազային) դեղամիջոցներ
Մինչև հազի պատճառը որոշելը և բուժում նշանակելը բժիշկը նաև կարող է կարճ ժամանակով նշանակել հազն ընկճող դեղամիջոցներ, որոնք մեղմացնում են հազը՝ որպես գանգատ, սակայն չեն բուժում հազի պատճառը:
Կարևոր է իմանալ, որ նույնիսկ դեղատոմս չպահանջող հազի դեմ դեղամիջոցներն անվտանգ չեն և ունեն կողմնակի ազդեցություններ, հատկապես՝ մինչև 2 տարեկան երեխաների դեպքում:
Հազը մեղմացնելու համար մի տվեք նման դեղամիջոցներ մինչև 6 տարեկան երեխաներին: Խուսափեք նաև մինչև 12 տարեկան երեխաներին նման դեղամիջոցներ տալուց:
Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021