Ամենօրյա քրոնիկ գլխացավեր. բուժում

Ամենօրյա քրոնիկ գլխացավեր. բուժում

Պատճառային հիվանդության բուժումը հաճախ դադարեցնում է հաճախակի գլխացավերը:

Սակայն, եթե որևէ պատճառ կամ հիվանդություն չի հայտնաբերվում, ապա բուժումը կենտրոնանում է ցավերի կանխարգելման վրա:

Կանխարգելման մոտեցումները տարբերվում են՝ կախված գլխացավի տեսակից և ցավազրկող դեղերի գերօգտագործման փաստից: Եթե օգտագործում եք ցավազրկող դեղեր ավելի հաճախակի, քան շաբաթվա երեք օրը, ապա առաջին քայլը բժշկի օգնությամբ այս դեղերից հրաժարվելն է:

Երբ դուք պատրաստ եք կանխարգելիչ բուժմանը, բժիշկը կարող է առաջարկել ցավազրկողների խմբին չպատկանող այլ դեղեր:

  • Հակադեպրեսանտներ. եռացիկլիկ հակադեպրեսանտները (օրինակ՝ Նորտրիպտիլին (Պամելոր)) կարող են նշանակվել քրոնիկ գլխացավերի բուժման մեջ: Աս դեղերը նաև կարող են օգնել դեպրեսիայի, անհանգստության, տագնապի և քնի խանգարումների բուժմանը, որոնք հաճախ ուղեկցում են ամենօրյա քրոնիկ գլխացավերին: Այլ հակադեպրեսանտները, օրինակ՝ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչերից Ֆլուքսետինը (Պրոզակ, Սարաֆեմ և այլն), նույնպես կարող են նշանակվել քրոնիկ գլխացավերին ուղեկցող դեպրեսիայի և տագնապի բուժման մեջ, սակայն բուն գլխացավը մեղմացնելու վերաբերյալ տվյալներ չկան:
  • Բետա-բլոկատորներ. այս դեղերը հաճախ նշանակվում են բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս, սակայն դեռևս մնում են որպես դրվագային միգրենային գլխացավերը կանխարգելող միջոցներ: Բետա-պաշարիչներից են՝ Ատենոլոլ (Տենորմին), Մետոպրոլոլ (Լոպրեսոր) և Պրոպրանոլոլ (Ինդերալ)։
  • Հակացնցումային դեղեր. որոշ հակացնցումային դեղեր դրսևորում են միգրենը և ամենօրյա քրոնիկ գլխացավերը կանխարգելող ազդեցություն: Հակացնցումայիններից են՝ Տոպիրամատ (Տոպամաքս), Նատրիումի դիվալպրոեքս (Դեպակոտ) և Գաբապենտին (Նեյրոնտին, Գրալիզե):
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ). որոշ ՈՍՀԲԴ, օրինակ՝ Նապրոքսենը (Անապրոքս, Նապրելան) կարող են օգտակար լինել, հատկապես, երբ փորձում եք հանել գերօգտագործվող այլ ցավազրկողներ: Դրանք կարող են նաև պարբերաբար օգտագործվել գլխացավերի սաստկացման ժամանակ:
  • Բոտուլոտոքսին. Բոտոքսի (OnabotulinumtoxinA) ներարկումները որոշ մարդկանց մոտ կարող են մեղմացնել գլխացավերը և նշանակվել այն անձանց, ովքեր չեն կարողանում լավ դիմակայել ամենօրյա քրոնիկ գլխացավերին: Բժիշկները Բոտոքսի հարցը քննարկում են հատկապես այն դեպքերում, երբ գլխացավերն ունեն քրոնիկ միգրենային բնույթ:

Ավելի ցանկալի է միայն մեկ դեղ ստանալը, սակայն, եթե մոնոթերապիան բավարար արդյունավետ չէ, բժիշկը կարող է համակցել մի քանի դեղեր:

Այլընտրանքային միջոցներ

Oժանդակող կամ այլընտրաքային բուժումները կարող են մեղմացնել բազմաթիվ մարդկանց գլխացավերը: Սակայն պետք է պահպանել զգուշություն, քանի որ բուժման այս եղանակները բավարար հետազոտված չեն:

  • Ասեղնաբուժություն. սա չինական ծագման հնագույն բուժման մեթոդ է, երբ կիրառվում են հատուկ խիստ բարակ ասեղներ, որոնք մտցնելով մարմնի որոշ շրջանների մաշկի մեջ՝ ներգործում են հատուկ կենտրոնների վրա: Որոշ հետազոտություններ վկայում են, որ ասեղնաբուժությունն օգնում է քրոնիկ գլխացավերի հաճախականության և ուժգնության մեղմացմանը:
  • Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). սա մի մեթոդ է, որի շնորհիվ դուք կարողանում եք կառավարել գլխացավերը դրանց նկատմամբ օրգանիզմի որոշ պատասխանները փոփոխելու միջոցով (մկանային լարվածություն, սրտի ռիթմ, մաշկի ջերմաստիճան և այլն):
  • Մերսում. մերսումը կարող է կրճատել սթրեսը, մեղմացնել ցավը և օգնել մարմնի թուլացմանը: Մերսումը կարող է առանձնահատուկ օգտակար լինել, եթե ծոծրակի, պարանոցի ետին մասում և ուսագոտում շրջանում կա մկանային լարվածություն:
  • Բույսեր, վիտամիններ և միներալներ. որոշ տվյալներ կան այն մասին, որ լվածաղիկ (թաղանդաստ, пиретрум) և հազի դեղ (белокопытник) բույսերը կարող են օգնել միգրենային գլխացավերի կանխարգելմանը կամ մեղմացնել դրանց ուժգնությունը: Վիտամին B2-ի (ռիբոֆլավին) բարձր դեղաչափը նույնպես կարող է մեղմացնել միգրենը: Կոենզիմ Q10 հավելումները կարող են օգնել որոշ անհատների: Ներքին ընդունման Մագնեզիումի սուլֆատը կարող է որոշ մարդկանց մոտ կրճատել գլխացավերի հաճախականությունը: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ: Նկատի ունեցեք, որ հղիության ընթացքում չի կարելի օգտագործել ռիբոֆլավին և վերանշյալ բույսերը:
  • Ծոծրակային նյարդի էլեկտրական խթանում. սա դեռևս փորձարկման փուլում գտնվող մեթոդ է:

Մինչև օժանդակող կամ այլընտրանքային որևէ միջոց փորձելը, զրուցեք բժշկի հետ հնարավոր ռիսկերի և օգուտների մասին:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021