Լյարդի ցիռոզ

Լյարդի ցիռոզ
Անգլերեն անվանումը՝ Cirrhosis of the Liver

Ցիռոզը ծանր հիվանդություն է, որի հիմքում ընկած են լյարդի բջիջների մեռուկացումը և դրանց փոխարինումը սպիական հյուսվածքով։

Լյարդը կենսական կարևոր օրգան է, որը կատարում է տարբեր անփոխարինելի գործառույթներ։ Ցիռոզը լյարդի կայուն սպիացումն է, որը պատճառվում է լյարդային տարբեր հիվանդություններով և վիճակներով, օրինակ՝ հեպատիտներ և ալկոհոլի չարաշահում։ Թեև ցիռոզն անբուժելի հիվանդություն է, վաղ ախտորոշումը և բուժումը կարող են հետաձգել կամ լավագույն դեպքում ընդմիջել հիվանդության զարգացումը, մեղմացնել լյարդի ախտահարումն ու վնասումը և նվազեցնել բարդությունների ռիսկը։

Ի՞նչ է ցիռոզը

Ցիռոզն առաջանում է, երբ լյարդը անդառնալի կերպով վնասված է և վերջինիս առողջ հյուսվածքները փոխարինված են շարակցական (սպիական) հյուսվածքով (ֆիբրոզ)։

Ցիռոզը զարգանում է տարիների ընթացքում՝ ի վերջո հանգեցնելով լյարդի գործունեության խանգարման։ Երբ ցիռոզը բերում է լյարդային անբավարարության, առաջ է գալիս կյանքին սպառնացող ծանր վիճակ։

Ի՞նչն է ցիռոզի զարգացման պատճառը

Ցիռոզ կարող է առաջացնել այն ամենն, ինչը կարող է ախտահարել լյարդը ու վնասել լյարդի բջիջները։ Սակայն, ավելի հաճախ ցիռոզի զարգացման պատճառներ են հանդիսանում՝

Ցիռոզի այլ պատճառներից են լյարդի աուտոիմուն հիվանդությունները և որոշ ժառանգական հիվանդությունները (օրինակ՝ հեմոքրոմատոզ)։

Ցիռոզի ախտանիշները

Ցիռոզի նշաններն աստիճանաբար ի հայտ են գալիս լյարդի գործունեության խանգարմանը զուգընթաց։ Դրանք կարող են ներառել՝

  • ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
  • հեշտ արյունահոսում և հեմոռագիկ սինդրոմ (լյարդում մակարդման գործոնների արտադրության ընկճման, թրոմբոցիտների քանակի նվազման հետևանքով)
  • մաշկի քոր
  • դեղնուկ՝ մաշկի և աչքերի սպիտակենու դեղին երանգավորում՝ բիլիռուբինի նյութափոխանակության խանգարման հետևանքով
  • որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում (ասցիտ)
  • ախորժակի անկում, ընդհուպ մինչև լրիվ բացակայություն (անոռեքսիա)
  • նողկանքի զգացում և փսխում
  • ոտնաթաթերի այտուց
  • մարմնի կշռի կորուստ, նիհարում և հյուծում (մկանների ատրոֆիա)
  • խիստ սևացած, մուգ կամ ձութանման կղանք
  • շշմածություն, քնկոտություն և խոսքի աղավաղում (լյարդային անբավարարության ֆոնի վրա զարգացող էնցեֆալոպաթիայի հետևանքով)
  • ջերմության բարձրացում և դող
  • ձեռքերի ափերի կարմրություն (ափերի էրիթեմա կամ «լյարդային ափեր») և կարմիր «լաքապատ» լեզու
  • մաշկի վրա անոթացանցի տեսանելիություն (անոթային «աստղիկներ»)
  • տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա)։

Ցիռոզի բուժումը

Ցիռոզը վերջնական բուժում չունի, սակայն հնարավոր է մեղմացնել հիվանդության ախտանիշները, դանդաղեցնել զարգացումը և կրճատել բարդությունների ռիսկը։

Բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ՝

  • դադարեցնել ալկոհոլի օգտագործումը
  • կարգավորել մարմնի կշիռը (առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն)
  • ընդունել որոշ դեղեր՝ ցիռոզի պատճառ հանդիսացած հիվանդությունները բուժելու համար (օրինակ՝ հեպատիտ C, աուտոիմուն հիվանդություններ, լյարդի ժառանգական հիվանդություններ)։

Հեռուն գնացած ցիռոզը կարող է առաջացնել լյարդային անբավարարություն, որի միակ բուժման տարբերակը լյարդի փոխպատվատումն է։

Եթե ձեզ մոտ ախտորոշել են լյարդի ցիռոզ, ապա կարևոր է ալկոհոլային խմիչքներից լիարժեք հրաժարվելը։ Դուք կարող եք նաև ձեր սննդակարգում սահմանափակել կերակրի աղը և ավելացնել թարմ մրգերը և բանջարեղենները, ինչպես նաև սպիտակուցներից աղքատ սննդամթերքները։ Աշխատեք հեռու մնալ վարակներից՝ պահպանելով անձնական հիգիենայի նորմերը։

Ցիռոզի կանխարգելումը

Ցիռոզի կանխարգելման լավագույն ուղին ալկոհոլի օգտագործման սահմանափակումն է, հեպատիտ B-ի դեմ պատվաստվելը, անվտանգ սեռական կյանքը և միայն միանվագ ստերիլ ասեղների կամ ներարկիչների օգտագործումը (հեպատիտների կանխարգելում):

Հոդվածը վերանայվել է՝ 12-06-2019