Փորկապություն. բուժում

Փորկապություն. բուժում

Քրոնիկ փորկապության բուժումը սովորաբար սկսվում է սննդակարգի և ապրելակերպի փոփոխություններից, որոնք կարող են օգնել աղիներով կղանքային զանգվածների տեղափոխմանը:

Եթե այսպիսի «շտկումները» չեն օգնում, բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ կամ վիրահատություն:

Սննդակարգ և ապրելակերպի փոփոխություններ

  • Ավելացրե՛ք սննդով ընդունվող բջջանքի քանակը. սննդակարգում բջջանքի (բջջանյութ) ավելացումը մեծացնում է կղանքային զանգվածի կշիռը և արագացնում աղիներով տեղափոխումը: Աստիճանաբար և ամեն օր ավելացրեք թարմ մրգերի և բանջարեղենների չափաբաժինը: Ընտրեք ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացատեսակներ և փաթիլներ: Բժիշկը ձեզ համար կընտրի անհատական «դեղաչափ», սակայն, ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1000 կալորիա սննդում ներառել 14 գրամ բջջանք: Նկատի ունեցեք, որ բջջանքով հարուստ սննդատեսակների կտրուկ ավելացումը կարող է առաջացնել աղիների փքվածություն (փորափքանք) և գազեր, ուստի հասեք ձեր թիրախին աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա ընթացքում:
  • Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը. ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է աղիների գալարակծկանքի ուժը: Փորձեք ֆիզիկապես ակտիվ լինել շաբաթվա օրերի մեծ մասը: Մինչև ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացումն անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
  • Մի՛ անտեսեք զուգարանից օգտվելու ցանկությունը. զուգարանից օգտվեք անշտապ՝ բավարար ժամանակ տրամադրելով աղիների երկարաձգված դատարկմանը:

Լուծողականներ

Կան լուծողական դեղամիջոցների մի քանի տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ազդեցության մեխանիզմով, թեև բոլորի նպատակն էլ աղիների գործունեության խթանումն է և կղազատման հեշտացումը: Լուծողական դեղամիջոցները խորհուրդ է տրվում ընդունել միայն կարճ ժամանակով և բժշկի հսկողությամբ։

  • Բջջանյութի հավելումներ. բջջանքային հավելումներն ավելացնում են կղանքային զանգվածի ծավալը՝ այն դարձնելով ավելի փափուկ և ավելի հեշտ հեռացվող: Բջջանքային հավելումներից են Պսիլիումը (Մետամուցիլ, Կոնսիլ և այլն), Կալցիումի պոլիկարբոֆիլը (ՖիբերԿոն, Էքվալակտին և այլն) և Մեթիլցելյուլոզը (Ցիտրուցել)։
  • Խթանիչներ. այս դեղամիջոցները խթանում են աղիների գալարակծկանքները: Օրինակներից են՝ Բիսակոդիլ (Կոռռեկտոլ, Դուլկոլաքս և այլն) և սեննոսիդները (Սենոկոտ, Էքս-Լաքս, Պերդիեմ):
  • Օսմոտիկներ. օսմոտիկ լուծողականներն օգնում են կղանքային զանգվածի ջրիկացմանը (աղիքային հյութերի արտադրության խթանում) և աղիքով տեղաշարժմանը: Օրինակներից են՝ Մագնեզիումի հիդրօքսիդ, Մագնեզիումի ցիտրատ, Լակտուլոզա (Խոլակ, Կանստիլակ և այլն), Պոլիէթիլեն գլիկոլ (Միրալաքս, Գլիկոլաքս)։
  • Լուբրիկանտներ. լուբրիկանտները, օրինակ՝ հանքային ձեթը օգնում են կղանքային զանգվածի աղիներով ավելի հեշտ տեղափոխմանը:
  • Կղանքի փափկացնողներ. այս միջոցներից են Նատրիումի դոկուսատը (Կոլացե) և Կալցիումի դոկուսատը (Սուրֆակ), որոնք աղիքներից արտաքաշված ջրի հաշվին խոնավացնում և փափկացնում են կղանքային զանգվածը:
  • Հոգնաներ և մոմիկներ. օճառափրփուրով կամ առանց դրա ծորակի ջրով հոգնան կարող է օգտակար լինել կղանքային զանգվածը փափկացնելու և աղիների գալարակծկանքներ հարուցելու առումով: Գլիցերինային կամ Բիսակոդիլային մոմիկները նույնպես օգնում են կղազատմանը՝ հանդես գալով որպես կղանքը փափկացնող և աղիների գործունեությունը խթանող միջոցներ:

Այլ դեղամիջոցներ

Եթե ազատ վաճառվող միջոցները չեն օգնում քրոնիկ փորկապությանը, բժիշկը կարող է նշանակել դեղատոմսով դուրս գրվող դեղեր, հատկապես, եթե ունեք գրգռված աղու համախտանիշ:

  • Դեղամիջոցներ, որոնք ջուրը ետ են քաշում դեպի աղիների լուսանցք. կան այս խմբին պատկանող և քրոնիկ փորկապության բուժման բազմաթիվ դեղամիջոցներ, օրինակ՝ Լուբիպրոստոն (Ամիտիզա), Լինակլոտիդ (Լինզես) և Պլեկանատիդ (Տրուլանսե): Այս դեղամիջոցները ջուրը ետ են քաշում դեպի աղիների լուսանցք և արագացնում կղանքային զանգվածների տեղաշարժումը:
  • Սերոտոնին-5-հիդրօքսիտրիպտամին 4-ի ընկալիչներ. Պրուկալոպրիդը (Մոտեգրիտի) օգնում է հաստ աղիքով կղանքային զանգվածի տեղաշարժմանը:
  • Ծայրամասային ազդող մյու-ընկալիչների ներհակորդներ (անտագոնիստներ). եթե փորկապությունն առաջացել է օփիոիդային ցավազրկողների պատճառով, այս խմբի դեղամիջոցները կարող են ետզարգացնել օփիոիդների ազդեցությունները և օգնել գալարակծկանքների վերականգնմանը: Օրինակներից են՝ Նալոքեգոլ (Մովանտիկ) և Մեթիլնալտրեքսոն (Ռելիստոր)։

Կոնքի հատակի մկանների ամրապնդում

Բիոֆիդբեքի վարժանքները կարող են օգնել կոնքի հատակի մկանների ճիշտ կծկման և թուլացման գործունեությանը: Կղազատման ընթացքում կոնքի հատակի մկանների ճիշտ ժամանակին թուլացումը կարող է օգնել կղանքի հեռացման հեշտացմանը:

Վիրահատություն

Վիրահատությունը կարող է ցուցված լինել, եթե քրոնիկ փորկապության պատճառն աղիքային խնդիրներն են, ռեկտոցելեն կամ կպումները:

Եթե կղանքային զանգվածների աղիքներով խիստ դանդաղած տեղաշարժը որևէ բուժմամբ չի բարելավվում, հաստ աղու մի հատվածի հեռացումը կարող է առաջարկվել որպես ծայրահեղ միջոց:

Հոդվածը վերանայվել է՝ 16-05-2021