Հակաբեղմնավորման տարբերակները

Հակաբեղմնավորման տարբերակները
Անգլերեն անվանումը՝ Contraception Options

Ներկայում մատչելի են հղիությունը կանխող ամենատարբեր միջոցներ։

Հակաբեղմնավորիչների (բեղմնականխման) տեսակները

Պահպանակներ (տղամարդու և կնոջ)

Պահպանակները կանխարգելում են հղիությունը՝ թույլ չտալով, որ տղամարդու սերմնահեղուկը հասնի կնոջ արգանդ և բեղմնավորի ձվաբջիջը։ Պահպանակները նաև կանխարգելում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) և ՄԻԱՎ-ը, ընդհատելով այս վարակների փոխանցումը սեռական մի զուգընկերից մյուսին։

Որպես ՍՃՓՀ-ը կանխարգելող միջոցներ, պահպանակները կարող են օգտագործվել ինչպես հեշտոցային (վագինալ), այնպես էլ հետանցքային (անալ) կամ բերանային (օրալ) սեռական հարաբերությունների ժամանակ։

Համակցված հակաբեղմնավորիչ հաբեր

Համակցված (կոմբինացված) հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են երկու սինթետիկ (արհեստական ճանապարհով ստեղծված) իգական սեռական հորմոններ՝ էստրոգեն և պրոգեստերոն։ Այս հաբերը սովորաբար օգտագործվում են հղիությունը կանխելու համար, սակայն կարող են բժշկի կողմից նշանակվել նաև հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝

Միայն պրոգեստերոնային հակաբեղմնավորիչ հաբեր

Այս հաբերն էստրոգեն չեն պարունակում և նախատեսված են այն կանանց համար, ովքեր չեն կարող օգտագործել համակցված հաբեր (օրինակ՝ 35 տարեկանից բարձր կանայք, ծխող կանայք)։

Հակաբեղմնավորիչ իմպլանտներ և ներարկումներ

Հակաբեղմնավորիչ իմպլանտները և ներարկումները միայն պրոգեստերոն պարունակող երկարատև ազդեցության արդյունավետ դեղեր են, որոնք 99% արդյունավետությամբ կանխում են հղիությունը։ Ներարկումները կատարվում են 12 շաբաթը մեկ, իսկ իմպլանտները տեղադրվում են 3 տարին մեկ։

Դիաֆրագմաներ և թասակներ

Դիաֆրագմաները և թասակները կանանց կողմից կիրառվող թաղանթային մեխանիկական պատնեշներ են, որոնք տեղադրվում են հեշտոցի մեջ կամ արգանդի պարանոցի վրա և արգելափակում պարանոցի միջով տղամարդու սերմնահեղուկի մուտքը արգանդ։

Անհետաձգելի բեղմնականխում

Չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո (կամ, օրինակ, պահպանակը պատռվելու դեպքում) կինը կարող է օգտագործել անհետաձգելի բեղմնականխման հետևյալ երկու մեթոդներից մեկնումեկը՝

  • անհետաձգելի հակաբեղմնավորիչ հաբ
  • պղինձ պարունակող ներարգանդային պարույր։

Ներարգանդային միջոցներ

Ներարգանդային պարույրը (ՆԱՊ) փոքր T-աձև պլաստիկ-պղնձային հարմարանք է, որը տեղադրվում է արգանդի մեջ։ Կախված տեսակից, ՆԱՊ-ը կարող է պահվել արգանդում 5-10 տարի։

Գտնվելով արգանդի խոռոչում, ՆԱՊ-ը արագացնում է բեղմնավորված ձվաբջջի տեղափոխվելը դեռևս արգանդի խոռոչ։ Արդյունքում, բեղմնավորված ձվաբջիջը դեռևս չի ունենում արգանդի պատին կպչելու ունակություն, իսկ հղիությանը չնախապատրաստված արգանդն էլ՝ բեղմնավորված ձվաբջջի ներդրմանը։ Պղինձը ավելի է ուժեղացնում ՆԱՊ-ի բեղմնականխման ազեցությունը (ունի սպերմատոցիդ ազդեցություն)

ՆԱՊ-ը հղիության դառնալի կանխարգելման տեսակ է (այսինքն՝ հեռացնելուց հետո կինը կարող է դարձյալ հղիանալ)։ ՆԱՊ-ն ունի բեղմնականխման 99%-ոց արդյունավետություն։

ՆԱՊ-ի որոշ տեսակներ պարունակում են սինթետիկ հորմոններ, որոնք դանդաղ ազատվում և իրենց հերթին թողնում են հակաբեղմնավորիչ ազդեցություն։

ՆԱՊ-ը կարող է կիրառվել նաև որպես անհետաձգելի բեղմնականխման միջոց։

Ներարգանդային համակարգեր (ՆԱՀ)

Ի տարբերություն ՆԱՊ-ի, ՆԱՀ-ը հիմնված է սինթետիկ պրոգեստերոն հորմոնի դանդաղ ազատման վրա, որն էլ թողնում է բեղմնականխման ազդեցություն։ Սրանք նույնպես երկարատև (մինչև 5 տարի) և հուսալի հակաբեղմնավորիչներ են, որոնք կարող են օգտագործվել նաև առատ դաշտանի բուժման մեջ։

Տղամարդկանց ամլացում

Վազէկտոմիան կամ տղամարդու ամլացումը («ստերիլիզացիա») տեղային անզգայացման ներքո կատարվող փոքր վիրահատական միջամտություն է։ Սա անդառնալի միջամտություն է, ուստի պահանջում է տղամարդու տեղեկացված և գիտակցված որոշում։

Կանանց ամլացում

Սա կանանց անդառնալի անպտղունակ դարձնող փոքր վիրահատական մեթոդ է, որի ժամանակ հատվում կամ փակվում են կնոջ ֆալոպյան փողերը, որոնց միջով ձվաբջիջը ձվարաններից պետք է տեղափոխվեր դեպի արգանդ։ Այս մեթոդը նույնպես պահանջում է, որ կինը կայացնի տեղեկացված և գիտակցված որոշում։

Հեշտոցային օղ

Հեշտոցային օղը փոքր և փափուկ պլաստիկ օղ է, որը տեղադրվում է կնոջ հեշտոցի ներսում նրա դաշտանի 1-ին օրը և հեռացվում 21 օր անց և 7 օր անց տեղադրվում նորը։ Հեշտոցային օղն ունի մոտավորապես 4 մմ հաստություն և 5,5 սմ տրամագիծ։ Այս օղը պարունակում է սինթետիկ էստրոգեն և պրոգեստերով, ուստի այն չի կարելի տեղադնել այն կանանց, ովքեր չեն կարող ստանալ էստրոգեն-պարունակող հակաբեղմնավորիչ միջոցներ։

Բնական մեթոդ. ընտանիքի պլանավորում

Ընտանիքի պլանավորումը բնական մեթոդ է։ Այն հիմնված է կնոջ մարմնի ջերմաստիճանի վրա, որի միջոցով որոշվում է կնոջ դաշտանային ցիկլի ամենափոքր և ամենամեծ հավանական բեղմնավորման օրերը և ըստ այդմ պլանավորվում է կամ հղիության կանխումը կամ էլ ցանկալի հղիությունը։ Բնական ընտանիքի պլանավորումն ունի մոտավորապես 75%-ոց արդյունավետություն։

Ե՞րբ կարող եմ երեխա ունենալուց հետո կրկին օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ

Երեխայի ծնունդից ոչ շատ ժամանակ անց չի բացառվում, որ դուք դարձյալ հղիանաք, նույնիսկ եթե դուք ձեր նորածին մանկիկին կրծքով կերակրում եք և նույնսիկ եթե ձեր դաշտանները չեն վերականգնվել։ Ձվազատումը սկսվում է դաշտանից շուրջ երկու շաբաթ առաջ, այնպես որ ձեր պտղաբերությունը կարող է վերականգնվել մինչև դուք կտեսնեք ձեր հետծննդյան առաջին դաշտանը։

Նման դեպքերում դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որ ընտրեք ձեզ համար ամենաանվտանգ հակաբեղմնավորիչ միջոցը։

Տղամարդու և կնոջ պահպանակները կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ դուք արդեն պատրաստ եք սեռական հարաբերություններին։ Համակցված կամ միայն պրոգեստերոն պարունակող հաբերը, ինչպես նաև հակաբեղմնավորիչ իմպլանտները կարող են օգտագործվել ծննդաբերությունից 21 օր անց։ Այնուամենայնիվ, եթե դուք կրծքով կերակրում եք, խորհուրդ չի տրվում դիմել համակցված հաբերին, քանի որ դրանք կարող են ազդել ձեր կաթնատվության վրա։

Ծննդաբերությունից մոտ 6 շաբաթ անց դուք կարող եք օգտագործել հակաբեղմնավորիչ ներարկումները կամ դիաֆրագմաները և թասակները, իսկ 6-8 շաբաթ անց՝ ՆԱՊ-երը։

Ինչքա՞ն արդյունավետ են հակաբեղմնավորիչ միջոցները

Հակաբեղմնավորիչի արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝

  • ձեր տարիքից
  • ձեր սեռական հարաբերությունների հաճախականությունից
  • այն հանգամանքից, թե արդյոք դուք ճի՞շտ եք օգտագործում տվյալ հակաբեղմնավորիչ միջոցը։

Հակաբեղմնավորիչների մեծ մասը ճիշտ օգտագործվելու դեպքում ունի ավելի քան 99%, իսկ տղամարդու պահպանակը՝ շուրջ 98%-ոց հակաբեղմնավորիչ արդյունավետություն։

Հակաբեղմնավորիչներ և ՍՃՓՀ

Հակաբեղմնավորիչ միջոցների մեծ մասը չի կանխարգելում ՍՃՓՀ (օրինակ՝ գոնորեա)։ Տղամարդու պահպանակը միակ հակաբեղմնավորիչ միջոցն է, որն կանխարգելում է ինչպես հղիությունը, այնպես էլ ՍՃՓՀ։

Ուստի, հղիության կանխարգելման այլ միջոց, օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբ օգտագործելուց անկախ, ձեր սեռական հարաբերությունը պաշտպանված դարձնելու համար պետք է օգտագործել նաև պահպանակ։

Բեղմնականխման դադարեցումը

Բժշկի խորհրդով դուք կարող է կարիք ունենաք փոխելու ձեր հակաբեղմնավորման մեթոդը՝ կախված տարիքից, ծննդաբերելուց կամ ձեր սեռական կյանքի բնույթը փոփոխելուց։

Պտղաբերությունը սովորաբար սկսում է նվազել մոտ 37 տարեկանից սկսած, թեև դուք կարող եք շարունակել օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ՝ կանխելու ոչ ցանկալի հղիությունը։

Բազմաթիվ կանանց դաշտանադադարը սկսվում է 55 տարեկանում, որից հետո սովորաբար հակաբեղմնավորիչների օգտագործումը դառնում է ոչ նպատակահարմար։

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019