Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. բուժում

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. բուժում

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) բազմաթիվ մարդիկ ունեն հիվանդության թեթև ձևերը, որոնց դեպքում ծխախոտի օգտագործումը դադարեցնելուց բացի քիչ բուժում է պահանջվում:

Նույնիսկ ԹՔՕՀ-ի ծանր դեպքերում հնարավոր է արդյունավետ բուժում, որը կարող է վերահսկել ախտանիշները, դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը, կրճատել բարդությունների և սրացումների ռիսկը, ինչպես նաև բարձրացնել կյանքի որակը:

Ծխախոտից ձերբազատում

ԹՔՕՀ-ի բուժման սկիզբն ու թերևս ամենակարևոր կետը բոլոր տեսակի ծխախոտի օգտագործումից հրաժարվելն է: Ծխելը դադարեցնելը կարող է կանխարգելել հիվանդության վատթարացումը և օգնել շնչառության բարելավմանը: Սակայն ոչ բոլոր ծխողներն են կարողանում հեշտությամբ ազատվել ծխախոտից, հատկապես, եթե նախորդ փորձերը եղել են անհաջող:

Զրուցեք ձեր բժշկի հետ նիկոտինին փոխարինող արտադրանքների և դեղերի մասին, որոնք կարող են օգնել ծխախոտի օգտագործումից ձերբազատվելուն: Միևնույն ժամանակ, թույլ մի տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն և խուսափեք ծխով լի միջավայրերից:

Դեղամիջոցներ

Բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցների մի քանի տեսակներ, որոնք կօգնեն ԹՔՕՀ-ի ախտանիշների մեղմացմանը և բարդությունների բուժմանը: Բժիշկը ձեզ կառաջարկի, որ որոշ դեղեր ընդունեք կանոնավոր կերպով, այլ դեղեր՝ միայն անհրաժեշտության դեպքում:

Բրոխալայնիչներ (բրոնխոդիլատատորներ)

Այս դեղամիջոցները սովորաբար վաճառվում են որպես ինհալյատորներ: Դրանք թուլացնում են բրոնխների մկանները և լայնացնում այս օդատար խողովակները՝ հեշտացնելով շնչառությունը և մեղմացնելով հազը: Կախված ձեր հիվանդության ծանրության աստիճանից, բժիշկը կարող է նշանակել կարճաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատր, որի կարիքը գուցե զգաք ֆիզիկական ակտիվությունից առաջ կամ երկարատև ազդեցության բրոնխոդիլատատոր, որն ունի կանխարգելիչ նշանակություն և սովորաբար օգտագործվում է ամեն օր: Այլ դեպքերում ձեզ կարող է նշանակվել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցության դեղեր:

Կարճաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատորներից են՝

  • Ալբուտերոլ (ՊրոԷըր HFA, Վենտոլին HFA և այլն)
  • Իպրատրոպիում (Ատրովենտ HFA)
  • Լևալբուտերոլ (Քսոպենեքս)։

Երկարաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատորներից են՝

  • Ակլիդինիում (Դուդորզա Պրեսսէըր)
  • Արֆորմոտերոլ (Բրովանա)
  • Ֆորմոտերոլ (Պերֆորոմիստ)
  • Ինդակատերոլ (Արկապտա Նեոինհեյլեր)
  • Տիոտրոպիում (Սպիրիվա)
  • Սալմետերոլ (Սերեվենտ)
  • Ումեկլիդինիում (Ինկրուզ Էլլիպտա)։

Ինհալացիոն ստերոիդներ

Ինհալացիոն կորտիկոստերոիդային դեղամիջոցները կարող են մեղմացնել շնչուղիների բորբոքումը և օգնել սրացման կանխարգելմանը: Կողմնակի ազդեցություններից են արյունազեղումները, բերանի խոռոչի վարակները և ձայնի խռպոտությունը: Կորտիկոստերոիդներն առանձնահատուկ օգտակար են այն մարդկանց, ովքեր նշում են ԹՔՕՀ-ի հաճախակի սրացումներ:

Ինհալացիոն ստերոիդների օրինակներից են՝

  • Ֆլուտիկազոն (Ֆլովենտ HFA)
  • Բուդեսոնիդ (Պուլմիկորտ Ֆլեքսհեյլեր)

Համակցված (կոմբինացված) ինհալյատորներ

Որոշ դեղամիջոցներ պարունակում են բրոնխոդիլատատորներ և ինհալացիոն ստերոիդներ: Այսպիսի համակցված դեղամիջոցներից են՝

  • Ֆլուտիկազոն և Վիլանտերոլ (Բրեո Էլլիպտա)
  • Ֆլուտիկազոն, Ումեկլիդինիում և Վիլանտերոլ (Տրելեջի Էլլիպտա)
  • Ֆորմոտերոլ և Բուդեսենիդ (Սիմբիկորտ)
  • Սալմետերոլ և Ֆլուտիկազոն (Ադվէրը HFA, ԷըրԴուո Դիջիհեյլեր և այլն)։

Կան նաև մի քանի տեսակի բրոնխոդիլատատորներ պարունակող համակցված դեղամիջոցներ: Դրանց օրինակներից են՝

  • Ակլիդինիում և Ֆորմոտերոլ (Դուակլիր Պրեսէըր)
  • Ալբուտերոլ և Իպրատրոպիում (Կոմբիվենտ Ռեսպիմատ)
  • Ֆորմոտերոլ և Գլիկոպիրրոլատ (Բեվեսպի Էիրոսֆեր)
  • Գլիկոպիրրոլատ և Ինդակատերոլ (Ուտիբրոն)
  • Օլօդատերոլ և Տիոտրոպիում (Ստիոլտո Ռեսպիմատ)
  • Ումեկլիդինիում և Վիլանտերոլ (Անորո Էլլիպտա)։

Ներքին ընդունման (օրալ) կորտիկոստերոիդներ

ԹՔՕՀ-ի ավելի ծանր ընթացքի շրջանում, երբ կան չափավոր կամ ծանր սրացումներ, ներքին ընդունման կորտիկոստերոիդների կարճատև (օրինակ՝ հնգօրյա) բուժման կուրսը կարող է կանխարգելել ախտանիշների հետագա վատթարացումը: Այնուամենայնիվ, այս դեղերի երկարաժամկետ օգտագործումը կարող է առաջացնել ծանր կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ քաշի ավելացում, դիաբետ, օստեոպորոզ, կատարակտ և վարակների ռիսկի բարձրացում:

Ֆոսֆոդիէսթերազ-4 արգելակիչներ (ինհիբիտորներ)

ԹՔՕՀ-ի ծանր ձևերով և քրոնիկ բրոնխիտի ախտանիշների դրսևորումների ժամանակ հաստատված դեղերից է Ռոֆլումիլաստը (Դալիռեսպ), որը նվազեցնում է շնչուղիների բորբոքումը և թուլացնում-բացում այդ ուղիները: Տարածված կողմնակի ազդեցություններից են փորլուծությունը և քաշի կորուստը:

Թեոֆիլին

Երբ այլ բուժումներն արդյունավետ չեն կամ դրանց գինը կարևոր նշանակություն ունի, բժիշկը կարող է նշանակել Թեոֆիլին (Էլիքսոֆիլին, Թեո-24, Թեոքրոն)՝ ավելի էժան դեղամիջոց, որը կարող է բարելավել շնչառությունը և կանխարգելել ԹՔՕՀ-ի վատթարացման դրվագները: Կողմնակի ազդեցությունները դեղաչափակախյալ են և կարող են ներառել՝ սրտխառնոց, գլխացավ, արագացած սրտազարկ և դող (տրեմոր), ուստի բուժման ընթացքում կարող է առաջանալ արյան հետազոտությամբ Թեոֆիլինի մակարդակի ստուգման պարբերաբար թեստեր:

Հակաբիոտիկներ

Շնչառական վարակները, օրինակ՝ սուր բրոնխիտը, թոքաբորբը և գրիպը, կարող են սրացնել ԹՔՕՀ-ի ախտանիշները: Հակաբիոտիկները կարող են օգնել ԹՔՕՀ-ի սրացման դրվագների բուժմանը, սակայն խորհուրդ չի տրվում այս դեղամիջոցներն օգտագործել կանխարգելիչ նպատակով: Որոշ հետազոտություններ վկայում են, որ որոշ հակաբիոտիկներ, օրինակ՝ Ազիթրոմիցինը (Զիտրոմաքս), կարող են կանխարգելել ԹՔՕՀ-ի սրացման դրվագները, սակայն կողմնակի ազդեցությունները և հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող են սահմանափակել դրանց օգտագործումը:

Թոքային թերապիաներ

Բժիշկները հաճախ օգտագործում են այս լրացուցիչ բուժումներն այն մարդկանց համար, ովքեր ունեն չափավոր կամ ծանր ԹՔՕՀ։

  • Թթվածնային բուժում. եթե ձեր արյան մեջ թթվածնի պարունակությունը բավարար չէ, կարող եք ունենալ լրացուցիչ թթվածնային բուժման կարիք: Կան տարբեր տեսակի սարքեր, որոնք կարող են օգտագործվել թթվածնաբուժման համար: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ:
  • Թոքային վերականգնողական ծրագիր. այս ծրագրերը սովորաբար ներառում են կրթությունը, վարժանքները և խորհրդատվությունը: Ձեզ հետ կարող են աշխատել տարբեր մասնագետներ:
  • Տանը օգտագործվող օդափոխության թերապիա. առկա տվյալները վկայում են, որ BiPAP սարքերի տնային պայմաններում օգտագործումը կարող է օգնել շնչառության բարելավմանը և նվազեցնել արյան մեջ ածխաթթու գազի կուտակումը (հիպերկապնիա), որոնց արդյունքում կրճատվում է հիվանդանոցային բուժման կարիքը:

Սրացումների բուժում

Նույնիսկ շարունակական բուժման պայմաններում ԹՔՕՀ-ը կարող է մի քանի օրով կամ շաբաթներով սրվել, երբ հիվանդության ախտանիշները որևէ պատճառով (շնչառական վարակներ և բորբոքման այլ խթանիչ գործոններ) կամ առանց որևէ պատճառի վատթարանում են (շնչառության վատթարացում, հազի սաստկացում, խորխի բնույթի փոփոխություններ և այլն): Նման իրավիճակներում անհետաձգելի բուժման բացակայության պայմաններում կարող է զարգանալ շնչառական անբավարարություն:

Երբ առկա է ԹՔՕՀ-ի սրացում, ձեր բուժմանը կարող են ավելացվել լրացուցիչ դեղամիջոցներ (օրինակ՝ հակաբիոտիկներ, ստերոիդներ կամ երկուսն էլ), օժանդակող թթվածնային բուժում կամ բուժում հիվանդանոցային պայմաններում:

Վիրահատական բուժում

Վիրահատական բուժում կարող է առաջարկվել որոշ դեպքերում, երբ առկա է ծանր էմֆիզեմա, որի բուժումը միայն դեղամիջոցներով բավարար արդյունավետ չէ: Կախված իրավիճակից, հիվանդության ծանրության աստիճանից և ձեր ընդհանուր առողջական վիճակից, բժիշկը կարող է ձեզ առաջարկել՝

  • թոքի ծավալի կրճատման վիրահատություն
  • թոքի փոխպատվաստում
  • բուլէկտոմիա:

Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021