Սիրտ-թոքային վերակենդանացում


Ընթերցելը կպահանջի 3 րոպե  |  Անգլերեն անվանումը. Cardiopulmonary Resuscitation (CPR)

Cpr

Սիրտ-թոքային վերակենդանացումն առաջին օգնության միջոցառում է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը կանգ է առել:

Սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:

Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության (սրտի) կանգից վայրյաններ անց և դրսևորվում հետևյալ նշաններով՝

  • գիտակցության բացակայություն
  • շնչառության բացակայություն
  • անոթազարկի (պուլսի) բացակայություն կենտրոնական (քնային) զարկերակի վրա
  • բբերի առավելագույն լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո)
  • բբերի լուսային ռեակցիայի բացակայություն:

Սիրտ-թոքային վերականդանացումը ներառում է տուժողի կրծքավանդակի սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևոր օրգանների (առաջին հերթին՝ գլխուղեղի) թթվածնով մատակարարումը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կլինիկական մահը վերաճի անդառնալի կենսաբանական մահվան:

Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա՝

  • համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ բուժօգնություն
  • եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին
  • եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններրին:

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները կազմված են հետևյալ հաջորդական քայլերից:

  • Վտանգ. ստուգեք, թե արդյոք դուք ինքներդ գտնվո՞ւմ եք վտանգավոր իրավիճակում կամ տեղանքում՝ բարձր լարման էլ. հոսանքի լարեր, թափվող քարեր, երթևեկող մեքենաներ, ծուխ, թունավոր կամ պայթյունավտանգ գազերի ու հեղուկների արտահոսք, թունավոր օձեր, հոսող կամ խորը ջրեր և այլն: Մի փորձեք ձեր կյանքը վտանգի ենթարկել և մինչև տուժածին մոտենալը համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է ձեր և շրջապատի մարդկանց համար:
  • Պատասխան (արձագանք). ստուգեք, թե արդյոք տուժողը որևէ կերպ պատասխանո՞ւմ է կամ արձագանքո՞ւմ է ձեր ազդակներին: Դուք կարող եք ձայն տալ («դուք ինձ լսո՞ւմ եք»), հասարակ հրահանգներ հնչեցնել (բացել, փակել աչքերը և այլն), մեղմ թափահարել տուժողի ուսերը, նրա մոտ ցավային ռեակցիա առաջացնել և այլն: Եթե նա որևէ պատասխան չի տալիս, անցեք օգնության հաջորդ քայլերին:
  • Կանչեք օգնություն. անհապաղ զանգեք 1-03 (շտապ բուժօգնություն), 911 (փրկարար ծառայություն) կամ 1-02 (հերթապահ ոստիկանական ծառայություն) և արագ, բայց ճիշտ նկարագրեք ձեր գտնվելու հասցեն կամ վայրը:
  • Շնչուղիներ. ստուգեք, թե արդյոք տուժողի շնչուղիները անցանելի՞ են: Հեռացրեք նրա վերին շնչուղիներն ակնհայտորեն խցանող, բերանում կամ քթում առկա ամեն ինչը՝ փսխման զանգվածներ, արյուն, սննդամթերք, պոկված ատամներ, պրոթեզներ և այլն, որից հետո նուրբ կերպով գլուխը քիչ ետ թեքեք և բարձրացրեք ստորին ծնոտը (բացառությամբ նորածինների):
  • Շնչառություն. ստուգեք, թե արդյոք տուժողը նորմալ շնչո՞ւմ է, խանգարվա՞ծ է նրա շնչառությունը, թե՞ ընդհանրապես չի շնչում: Եթե տուժողը նորմալ շնչում է, ապա նրան զգուշությամբ բերեք «կողքի ապահովության դիրքի», որը թույլ է տալիս, որպեսզի անգիտակից մարդու շնչուղիները թքով կամ փսխման զանգվածներով չխցանվեն: Հակառակ պարագայում, եթե տուժողի շնչառությունը խիստ ընկճված է կամ բացակայում է (հետևեք նրա կրծքավանդակի շարժումներին), սկսեք բուն սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
  • Անոթազարկ (պուլս). շնչառությունը գնահատելու հետ միասին ստուգեք, թե արդյոք տուժողի պուլսը շոշափվո՞ւմ է, ինչը թույլ կտա մոտավորապես հասկանալ, թե արդյոք նրա սիրտը բաբախո՞ւմ է: Չափահաս տուժողի անոթազարկը ստուգեք նրա քնային զարկերակի վրա (պարանոցի վրա, կոկորդի աջ կամ ձախ կողմում):
  • Սիրտ-թոքային վերակենդանացում. ձեր մի ձեռքի ափի հիմը դրեք տուժողի կրծքավանդակի կենտրոնում, որից հետո ձեր մյուս ձեռքը դրեք է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, ձեր ձեռքերը պահեք արմնկային հոդերում ուղիղ և տուժողի իրանին ուղղահայաց և կատարեք նրա կրծոսկրի խորը և արագ 30 սեղմում (մոտավորապես՝ 1 վայրկյանում 2 սեղում): Ուշադրություն դարձրեք, որպեսզի սեղմումները լինեն կտրուկ և ռիթմիկ, վերից վար: 30 հատ սեղմում կատարելուց հետո մի պահ դադարեցրեք սրտի մերսումը, խորը ներշնչեք և, փակելով տուժողի քիթը, ձեր բերանով խորը արտաշնչեք-ներփչեք տուժողի բերանով այնպես, որպեսզի նրա կրծքավանդակը քիչ վեր բարձրանա: Շարունակեք 30 սեղմում-1 ներփչում ցիկլն այնքան ժամանակ, մինչև օգնությունը ժամանի:
  • Դեֆիբրիլյացիա. կատարվում է ժամանած շտապ բուժօգնության անձնակազմի կողմից, որի նպատակը սրտի արյդունավետ կծկումները վերականգնելն է։

Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն ավելի մանրամասն ներկայացված են մեր մեկ այլ առանձին հոդվածում:

2018 © Medex.am | Նյութից մեջբերումներ կատարելիս հղումը Medex.am-ին պարտադիր է: