Առողջական խնդիրներ

Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ

Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ

Time Read 3 րոպե

Կրոնի հիվանդությունը և կոլիտը (հայտնի է նաև որպես «խոցային կոլիտ») համարվում են աղիների բորբոքային հիվանդություններ:

Դրանք երկարատև ընթացքով հիվանդություններ են, որոնք առաջացնում են մարսողական խողովակի բորբոքում (ցավոտ այտուց և կարմրություն) և խոցոտում:

Կրոնի հիվանդությունը և կոլիտը կարող են զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ գրանցվում են 15-30 տարեկան երիտաստարդների մոտ:

Այս հիվանդությունների հիմնական ախտանիշներն են՝ փորլուծություն, որովայնային ցավեր և կծկանքներ (սպազմ), հոգնածության զգացում, ախորժակի անկում և մարմնի կշռի կորուստ: Գանգատները ժամանակ առ ժամանակ սաստկանում և մեղմանում են:

Այլ գանգատներից կարող են ի հայտ գալ նաև՝

Բորբոքումն իմունային համակարգի կողմից գործարկվող նորմալ պաշտպանական մեխանիզմ է՝ ուղղված, օրինակ, բակտերիաների կամ վիրուսների դեմ: Սովորաբար բորբոքումը մեղմանում և անհետանում է, երբ «օտարածին» պատճառը վերացվում է: Կրոնի հիվանդության և կոլիտի ժամանակ տեղ են գտնում իմունային համակարգի խնդիրներ, որի պատճառով բորբոքումը շարունակվում և խորանում է՝ վնասելով սեփական հյուսվածքները, մասնավորապես, մարսողական խողովակի պատը:

Ինչպես Կրոնի հիվանդության, այնպես էլ կոլիտի ախտորոշման համար գոյություն չունի որևէ հատուկ ախտորոշիչ հետազոտություն: Դրա փոխարեն մի քանի հետազոտությունների արդյունքները կարող են օգնել ախտորոշման հաստատմանը: Հաճախ նշանակվում է կոլոնոսկոպիա, որը, որպես էնդոսկոպիկ հետազոտության մի տեսակ, թույլ է «ներսից»՝ աղիների լուսանցքից դիտել աղիների լորձաթաղանթը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության վերցնել այդ լորձաթաղանթից փոքր նմուշ՝ հյուսվածաբանական հետազոտության համար (կոչվում է «բիոպսիա»):

Այս երկու հիվանդությունների միջև հիմնական տարբերությունը բորբոքման տեղակայումն է (տարածվածությունը) և խորությունը:

Կոլիտն ախտահարում է միայն հաստ աղիները, իսկ բորբոքումն ընդգրկում է միայն աղիների լորձաթաղանթի մակերեսային շերտերը: Կոլիտը երբեմն անվանում են նաև «խոցային կոլիտ» (կամ «ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ»), քանի որ կարող է առաջացնել հաստ աղիների լորձաթաղանթի ամբողջականության փոքր խախտումներ՝ խոցեր:

Կրոնի հիվանդությունը կարող է ախտահարել մարսողական խողովակի ցանկացած հատված՝ սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք, սակայն ավելի հաճախ տեղակայվում է բարակ աղիների վերջնային հատվածում՝ զստաղիքում (ileum) (այստեղից՝ «տերմինալ իլեիտ» անվանումը): Կրոնի հիվանդության մյուս առանձնահատկությունն այն է, որ բորբոքումը տարածվում է աղիքի պատի բոլոր շերտերի վրա (այստեղից՝ «տրանսմուրալ էներիտ» անվանումը):

Թեև Կրոնի հիվանդությունը և կոլիտը չեն կարող լիարժեք բուժվել, ախտանիշները կարելի է մեղմացնել՝ նշանակելով աուտոիմուն բորբոքումը մեղմացնող դեղեր: Երբեմն կարող է առաջարկվել նաև վիրահատական բուժում:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով