Ցիստիտ. բուժում

Ցիստիտ. բուժում

​Բակտերիալ վարակով պատճառված ցիստիտը հիմնականում բուժվում է հակաբիոտիկներով, իսկ ոչ վարակային ցիստիտի բուժումը կախված է հիվանդության առաջացման պատճառից:

Բակտերիալ ցիստիտի բուժումը

Բակտերիաներով հարուցված ցիստիտի բուժման մեջ հակաբիոտիկները համարվում են առաջին գծի միջոցներ: Բժիշկը նշանակում է որևէ հակաբիոտիկ՝ կախված ձեր ընդհանուր առողջական վիճակից և մեզում հայտնաբերված բակտերիայի տեսակից:

  • Առաջին անգամ ի հայտ եկած վարակ. ախտանիշները հաճախ զգալիորեն բարելավվում են հակաբիոտիկային բուժման առաջին 1-2 օրվա ընթացքում: Սակայն դա չի նշանակում, որ դուք կարող եք ինքնուրույն դադարեցնել բուժումը: Կախված հիվանդության ծանրության աստիճանից, բժիշկը հակաբիոտիկ նշանակում է մինչև 7 օրվա համար, և դուք պետք է ստանաք ձեր դեղն այնքան ժամանակ, որքան նշել է ձեր բժիշկը:
  • Կրկնակի վարակ. եթե ձեզ մոտ գրանցվել է միզուղիների վարակի կրկնություն, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա ավելի երկարատև հակաբիոտիկային բուժում, ինչպես նաև կուղեգրի միզուղիների հիվանդությունների ոլորտում մասնագիտացված մեկ այլ բժշկի խորհրդատվության (նեֆրոլոգ կամ ուրոլոգ): Որոշ դեպքերում կանանց կարող է խորհուրդ տրվել սեռական հարաբերությունից հետո որևէ հակաբիոտիկի եզակի դեղաչափի ընդունում:
  • Հիվանդանոցում ձեռք բերված վարակ. որպես ներհիվանդանոցային վարակ ի հայտ եկած միզուղիների վարակների հարուցիչները հաճախ կայուն են հակաբիոտիկների հաճախ կիրառվող տեսակների նկատմամբ: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել մեկ այլ՝ ավելի քիչ օգտագործվող հակաբիոտիկ, որի նկատմամբ բակտերիաները դեռևս չեն հասցրել կայունություն ձեռք բերել:

Հետդաշտանադադարային տարիքի կանայք առանձնակի «խոցելի» են ցիստիտի նկատմամբ: Որպես բուժման բաղկացուցիչ մաս, բժիշը նրանց կարող է հակացուցումների բացակայության դեպքում խորհուրդ տալ էստրոգենային հեշտոցային կրեմ, որը կարող է որոշակիորեն շտկել հորմոնային խանգարումը:

Ինտերստիցիալ ցիստիտի բուժումը

Ինտերստիցիալ ցիստիտի պատճառն անորոշ է, ուստի գոյություն չունի որևէ եզակի բուժման մեթոդ բոլոր դեպքերի համար: Նման դեպքերում բուժումն ավելի շուտ ուղղված է գանգատների և ախտանիշների մեղմացմանը, օրինակ՝

  • ներքին ընդունման և միզապարկի խոռոչ ներմուծվող դեղեր
  • միզապարկը տեղաշարժող միջոցառումներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները (օրինակ՝ միզապարկի խոռոչը ջրով կամ գազով լցնելը) կամ վիրահատություն
  • նյարդի խթանում, երբ թույլ էլեկտրական պուլսացվող ազդակների օգնությամբ մեղմացվում են կոնքային ցավերը և որոշ դեպքերում կրճատում միզարձակման հաճախականությունը:

Ոչ վարակիչ ցիստիտի այլ տեսակների բուժումը

Եթե դուք որոշակի քիմիական նյութերի նկատմամբ գերզգայուն եք (օրինակ՝ լոգանքի օճառներ կամ սպերմիցիդներ), ապա պետք է խուսափել նման նյութեր պարունակող արտադրանքներից:

Որպես քիմիոթերապիայի կամ ճառագայթային բուժման հետևանք առաջացած ցիստիտի բուժումը ներառում է ցավազրկումը և բավարար հեղուկներ խմելը, որպեսզի միզապարկը մաքրվի գրգռիչ նյութերից:

Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021