Գլխի թեփոտում. բուժում

Գլխի թեփոտում. բուժում

Գլխի թեփոտումը և գլխամաշկի քորը գրեթե միշտ հնարավոր է վերահսկել:

Թեթև թեփոտման ժամանակ նախ փորձեք ամեն օր թույլ շամպունով լվանալ գլուխը, որ քչացնեք ճարպը և մաշկի բջիջների կուտակումները: Եթե սա չի օգնում, փորձեք գլխի թեփի բուժման շամպուններ: Գուցե կարիք առաջանալ փորձարկելու տարբեր շամպուններ մինչև գտնեք ձեր խնդիրը լավագույնս վերացնող շամպունի տեսակը: Նկատի ունեցեք, որ բուժումը կարող է լինել կրկնակի կամ երկարատև:

Եթե խնամքի որևէ արտադրանքից ի հայտ են գալիս գլխամաշկի քոր, ծակծկոցներ կամ այրոցի զգացողություն, դադարեցրե՛ք օգտագործումը: Եթե առաջանում է ալերգիկ ռեակցիա, օրինակ՝ մաշկի ցանավորում, եղնջացան կամ դժվարաշնչություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապօգնություն:

Գլխի թեփոտման դեմ օգտագործվող շամպունները դասակարգվում են ըստ ազդող դեղամիջոցի:

  • Ցինկի պիրիթիոնի շամպուններ (DermaZinc, Head & Shoulders, Jason Dandruff Relief 2 in 1). այս շամպունները պարունակում են հակաբակտերիալ և հակասնկային ազդեցությամբ ցինկի պիրիթիոն:
  • Խեժի հիմքով շամպուններ (Neutrogena T/Gel). ածուխի խեժը դանդաղեցնում է գլխամաշկի բջիջների մահացման և թեփի վերածվելու գործընթացը: Եթե մազերը բաց գույնի են, այս շամպունները կարող են գունազրկել դրանք, ինչպես նաև բարձրացնել արևի ճառագայթների նկատմամբ գլխամաշկի զգայունությունը:
  • Սալիցիլաթթու պարունակող շամպուններ (Neutrogena T/Sal, Baker's P & S և այլն). այս արտադրանքներն օգնում են թեփուկների հեռացմանը:
  • Սելենիումի սուլֆիդ պարունակող շամպուններ (Head & Shoulders Intensive, Selsun Blue և այլն). սելենիումի սուլֆիդն ունի հակասնկային ազդեցություն: Օգտագործեք այս շամպուններն այնպես, ինչպես հրահանգված է՝ վերջում լավ լվանալով գլուխը: Այս արտադրանքները կարղ են գունազրկել ձեր մազերը և գլխամաշկը:
  • Կետոկոնազոլային շամպուններ (Nizoral A-D). այս շամպումում առկա Կետոկոնազոլը հակասնկային դեղամիջոց է և կարող է ոչնչացնել գլխամաշկի վրա ապրող սնկիկները:

Եթե որևէ տեսակի շամպունն ինչ-որ ժամանակի ընթացքում լինում է օգտակար և հետո կորցնում իր արդյունավետությունը, փորձեք փոխարինել այն մեկ այլ տեսակով։

Ուշադիր ընթերցե՛ք և հստակորեն հետևե՛ք տարբեր տեսակի շամպունների շշիկների վրա առկա հրահանգները: Որոշ արտադրանքներ մինչև գլուխը լվանալը և պարզաջրելը պետք է թողնել մի քանի րոպե, մյուսները՝ արագորեն լվանալ: Սկսեք բուժական շամպուններ օգտագործել շաբաթական մեկից երեք անգամ, որից հետո որպես պահպանողական և կանխարգելիչ միջոց՝ շաբաթական մեկ անգամ կամ ավելի հազվադեպ:

Եթե բուժական շամպունի մի քանի շաբաթվա օգտագործումից հետո գլխի թեփը դեռևս պահպանվում է, զրուցեք բժշկի կամ մաշկաբանի հետ: Նման դեպքերում գուցե կարիք առաջանա օգտագործել ավելի ուժեղ բուժական շամպուններ կամ ստերոիդային լոսյոններ:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021