Առողջական խնդիրներ
Դեպրեսիան դեռահասների մոտ
2 րոպե
Հինգ երեխայից կամ դեռահասից մեկն ունի հոգեկան առողջության որևէ խնդիր կամ խանգարում։
18-24 տարեկան երիտասարդների մոտ գրանցվում է հոգեկան խանգարումների ամենաբարձր տարածվածությունը։
Դեռահասների մոտ դեպրեսիայի հիմնական առանձնահատկությունները
- Տարիքային այս խմբում դեպրեսիային պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ։ Պատանեկան ինքնասպանությունն այս խմբում առաջատար մահվան պատճառն է։
- Դեռահասի անկայուն հոգեկան վիճակը և հուզումը հաճախ դժվար է լինում տարբերակել դեպրեսիվ հիվանդությունից, հատկապես, երբ նա ընտանիքում ստանձնում է նոր դերակատարություն և հայտնվում է անկախության, ուսումնական կամ աշխատանքային որոշումներ կայացնելու խճճված ազդեցությունների ներքո։
- Դեռահասների շրջանում ինչպես կենսաբանական, այնպես էլ զարգացման գործոնները կարող են նպաստել դեպրեսիայի զարգացմանը։ Եթե երիտասարդի մոտ կասկածվում է բիպոլյար խանգարում կամ փսիխոզ, ապա անհրաժեշտություն է առաջանում մանրակրկիտ հետազոտել հնարավոր ժառանգական պատճառները։
- Դժվարությունները նույնականացնելու գործում օգտակար կարող է լինել դեռահասի կյանքի տարբեր ոլորտների գնահատումը՝ դպրոց, ընտանիք, հասակակիցներ, ինտիմ կամ սեռական հարաբերություններ, սեռականություն։
Դեռահասների մոտ դեպրեսիայի նշանները
Դեպրեսիայի ենթարկված դեռահասը կարող է չդրսևորել հիվանդության բացահայտ նշաններ։ Դեռահասի մոտ դեպրեսիան կարող է սկսվել անսովոր վարքագծերի դրսևորմամբ, օրինակ՝
- շրջապատից և բոլորից մեկուսացում
- դպրոցական առաջադիմության վատացում
- բարձր ռիսկային վարքագծերի դրսևորում (օրինակ՝ մեքենայի խելահեղ վարում, ոչ համարժեք սեռական ներգրավվածություն)
- ալկոհոլի և թմրամիջոցների փորձարկում և կայուն օգտագործում։
Ո՞ւմ դիմել
Եթե դուք կարծում եք, որ ձեր տղան կամ աղջիկը ունեն դեպրեսիա, առաջին քայլը բժշկին կամ հոգեկան առողջության ծառայությանը դիմելն է։ Դեռահասի մոտ դեպրեսիայի ախտորոշումը ոչ հազվադեպ բավականին բարդ գործընթաց է։ Ձեր տղային կամ աղջկան կարող են առաջարկել հոգեկան առողջության գնահատման ընդլայնված հարցազրույց։ Կարող է նաև անհրաժեշտություն ծագել, որեպեսզի հոգեթերապևտը կամ հոգեբույժը ձեր թույլտվությամբ հանդիպեն և զրուցեն դեռահասի դասախոսների, ընտանիքի մյուս անդամների և ընկերների հետ։
Երբեմն դեռահասը կարող է կտրուկ հրաժարվել որևէ բժշկական ծառայությունից օգտվելուց։ Նման դեպքում նրան կօգնի ոչ թե ձեր զայրույթը կամ պարտադրանքը, այլ մտերմիկ զրույցը, որին կարող եք ներգրավել նաև մարդկանց, ում ձեր տղան կամ աղջիկը հավատում են և վերաբերվում մեծ հարգանքով։
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2019 վերանայվել է՝ 25-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: