Դիաբետ. պատճառներ

Դիաբետ. պատճառներ

Ըստ առաջացման պատճառի տարբերում են շաքարային դիաբետի երեք հիմնական տեսակներ` 1-ին տիպի, 2-րդ տիպի և հղիների դիաբետ:

Արյան մեջ գլյուկոզի մակարդակը գլխավորապես կարգավորվում է ինսուլին հորմոնի միջոցով։ Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում (պանկրեաս)։

Երբ մեր ընդունած սնունդը մարսվում է և սննդանյութերը, այդ թվում՝ գլյուկոզը ներծծվում է արյան հուն, ինսուլինը գլյուկոզը արյան հունից տեղափոխում է բջիջներ, որտեղ գլյուկոզը տրոհվում է՝ առաջացնելով էներգիա։ Ինսուլինը մասնակցում է նաև բջիջների կողմից գլյուկոզի յուրացմանը:

Սակայն, եթե ունեք դիաբետ, ձեր օրգանիզմը չի կարողանում գլյուկոզից ստանալ էներգիա, և սա այն պատճառով, որ չի արտադրվում բավարար քանակի ինսուլին, որի միջոցով գլյուկոզը կտեղափոխեր բջիջներ։

Երկրորդ դեպքում բավարար քանակով արտադրված ինսուլինը կարող է լինել «վնասված»՝ ոչ լիարժեք կամ «նորմալ չաշխատի»։

Երկու դեպքում էլ գլյուկոզը սկսում է մնալ ու կուտակվել արյան մեջ՝ առաջ բերելով արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում, որը կոչվում է հիպերգլիկեմիա։

1-ին տիպի դիաբետ

1-ին տիպի դիաբետը համարվում է աուտոիմուն հիվանդություն, երբ իմունային համակարգը սկսում է «գրոհել» և վնասել սեփական հյուսվածքները՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջները։ 1-ին տիպի դիաբետով մարդիկ, այսպիսով, կարիք ունեն բնական ինսուլինի անբավարարությունը «լրացնել» արտաքին ինսուլինով՝ ինսուլին դեղամիջոցով։ Ինսուլինը նշանակվում է հիվանդի ողջ կյանքի ընթացքում։

Հիվանդությունը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում է երեխաների և երիտասարդների մոտ։ 1-ին տիպի դիաբետը երբեմն անվանում են «ինսուլինակախյալ դիաբետ» կամ «պատանեկան դիաբետ»։

2-րդ տիպի դիաբետ

2-րդ տիպի դիաբետի զարգացումը պայմանավորված է ժառանգական և ապրելակերպի հետ կապված ռիսկի գործոններով: Ապացուցված է, որ դիաբետի այս տեսակի զարգացմանը կարող են նպաստել ավելցուկային քաշը կամ գիրությունը (հատկապես՝ որովայնային տիպի), անառողջ սննդակարգը կամ անբավարար ֆիզիկական ակտիվությունը։

2-րդ տիպը դիաբետի «ինսուլին ոչ կախյալ» տարբերակն է։

2-րդ տիպի դիաբետով մարդիկ կարող են հիվանդությունը կառավարելի դարձնել՝ ապրելակերպն ավելի առողջ դարձնելու միջոցով։ Սակայն, ոչ հազվադեպ անհրաժեշտ է լինում նաև ընդունել որոշ դեղեր, իսկ ծանր դեպքերում՝ նաև ինսուլին։

2-րդ տիպի դիաբետը հիմնականում հանդիպում է 40-ն անց չափահասների շրջանում, թեև վերջին տարիներին գրանցվում է հիվանդության «երիտասարդացում»։

Հեստացիոն (հղիների) դիաբետ

Հեստացիոն դիաբետը բնորոշ է հղիությանը։ Դիաբետի այս տեսակը սովորաբար ծննդաբերությունից հետո անհետանում է, սակայն բարձրացնում է կնոջ մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը։

Հղիների դիաբետը կարելի է վերահսկելի դարձնել առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվ ապրելակերպի միջոցով։ Որոշ դեպքերում, հատկապես հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում արյան շաքարի մակարդակը կայունացնելու համար ընդունել դիաբետի դեղեր կամ ինսուլին։

Դիաբետի (շաքարախտի) մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր բժշկից կամ բժիշկ-էնդոկրինոլոգից։

Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021