Դիաբետի բարդություններ

Դիաբետի բարդություններ
Անգլերեն անվումը՝ Complications of Diabetes

Արյան գլյուկոզի կայուն բարձր մակարդակը ժամանակի ընթացքում վնասում է գրեթե բոլոր հյուսվածքները և օրգան-համակարգերը։

Շաքարային դիաբետի կամ շաքարախտի բարդությունները ծանրացնում են հիվանդության ընթացքը։ Ավելին, դրանց մի մասը կարող են հիվանդի կյանքին լուրջ վտանգ ներկայացնել։ Առողջ ապրելակեպը և արյան գլյուկոզի մակարդակի արդյունավետ հսկողությունը զգալի կերպով նվազեցնում են դիաբետի բարդությունների զարգացման հավանականությունը։

Սրտային հիվանդություններ և ինսուլտ

Դիաբետով մարդիկ ունեն սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի նկատմամբ բարձրացած ռիսկ, ինչը կապված է արյան գլյուկոզի բարձր ցուցանիշների, զարկերակային բարձր ճնշման և խոլեսթերինի մակարդակի բարձրացման են։ Դուք կարող եք ձեր բժշկի կամ էնդոկրինոլոգի հետ քննարկել ձեզ մոտ առկա սրտային ռիսկի գործոնների նվազեցման ուղիները։

Ընդհանուր առմամբ, դիաբետի ժամանակ սրտանոթային հիվանդությունների ռիսկը կարելի է նվազեցնել հետևյալ ճանապարհներով՝

Արյան բարձր ճնշում

Արյան բարձր ճնշումը (գերճնշում, հիպերտոնիա կամ հիպերթենզիա) կարող է հանդիսանալ դիաբետի զարգացման ռիսկի գործոններից մեկը։ Սակայն, գերճնշումը կարող է դրսևորվել նաև որպես դիաբետի բարդություններից մեկը և ավելի բարդացնել դիաբետի մյուս բարդությունների ընթացքը։ Այս պատճառներից ելնելով խիստ կարևոր է, որպեսզի ձեր արյան ճնշումը լինի մշտական հսկողության ներքո, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակվեն համապատասխան հակագերճնշումային դեղեր։

Բժշկին այցելելու օրերին արյան ճնշման չափումներից անկախ, դուք պետք է ձեր ճնշումը չափեք առնվազն՝

  • յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, եթե ձեր զարկերակային ճնշումը նորմալ է
  • յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, եթե ձեր ճնշումը բարձր է
  • յուրաքանչյուր 4-8 շաբաթը մեկ, եթե ստանում եք ճնշումը կարգավորող դեղեր։

Մաշկ

Մանր անոթների և նյարդաթելերի դիաբետիկ վնասումը մաշկը կարող են դարձնել խիստ չոր և ճաքճքված։ Նման դեպքերում մաշկի վիճակը կարող է ավելի վատանալ, եթե ենթարկվում է հաճախակի կոպիտ լվացմանը, շատ տաք ջրի կամ արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը։

Ձեր մաշկի վիճակը բարելավելու համար դուք կարող եք՝

  • լվացվելուց օգտվել ոչ թե տաք, այլ գոլ ջրից
  • օգտվել pH-բալանսավորված օճառներից կամ նվազեցնել օճառների օգտագործումը
  • սահմանափակել բաղնիքում լողանալու կամ ցնցուղ ընդունելու ժամանակահատվածը (օճառաջուրը սրբում-մաքրում է ձեր մաշկի պաշտանիչ ճարպային շերտը)
  • մի քանի րոպե ժամանակ հատկացնել և մինչև լվացվելը կամ անկողին մտնելը ձեր ամբողջ մարմինը օծել մաշկը խոնավացնող որևէ քսուքով
  • առանց ուշացնելու դիմել համապատասխան բժշկին, եթե ձեր մաշկային քերծվածքը բորբոքվել է, դարձել է ցավոտ կամ առկա է արտադրություն։

Ոտնաթաթեր

Դիաբետին ուղեկցող անոթային համակարգի ախտահարման պայմաններում վատթարանում է մարմնի «հեռավոր» շրջանների՝ ստորին վերջույթների արյունամատակարարումը, որի պատճառով սրունքներին և ոտնաթաթերին կարող են առաջանալ դժվար լավացող վերքեր (խոցեր), որոնք էլ հանգեցնեն ախտահարված վերջույթի անդամահատմանը (ամպուտացիա)։

Վերոնշյալ բարդությունների ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար զննել ոտնաթաթերը և առաջին իսկ գանգատների դեպքում առանց ուշացնելու դիմել ձեր բժշկին կամ նրա ուղեգրմամբ՝ համապատասխան մասնագետին (պոդիատրիստ)։

Ոտնաթաթերի դիաբետիկ ախտահարումը կանխարգելելու համար դուք կարող եք՝

  • պարբերաբար զննել ձեր ոտնաթաթերը և արտասովոր նշաններ տեսնելու դեպքում տեղեկացնել ձեր բժշկին (կարմրություն, այտուց, մեծ ճաքեր, բշտիկներ, վերքեր, խոցեր և այլն)։ Ոնտաթաթերը զննելիս առանձնակի ուշադրություն դարձրեք մատներին, դրանց միջև ընկած ծալքերին, եղունգների եզրերին և կրունկներին
  • ոտքերի եղունգները կտրել ուղիղ մկրատով
  • ամեն օր ձեր ոտքերի մաշկն օծել խոնավացնող քսուքներով (խուսափեք եգիպտացորենի հիմքի վրա պատրաստված քսուքներից)
  • կրել միայն կոպիտ կամ սրածայր կարեր չունեցող և մաքուր գուլպաներ (носки) կամ զուգագուլպաներ (чулки, колготки)
  • խուսափել կիպ և ոտնաթաթերը սեղմող գուլպաներից կամ զուգագուլպաներից
  • կրել միայն հարմար և ձեր ոտնաթաթերին ազատ նստող կոշիկներ
  • խուսափել ոտքերն անմիջական տաքացնող ազդեցություններից՝ ջեռուցիչներ, էլեկտրական կամ այլ ջեռակներ և այլն։

Աչքեր, քիթ և բերան

Նորմայում աչքերի, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթները պետք է լինեն մաքուր և խոնավ։ Դիաբետի ժամանակ լորձաթաղանթների պաշտպանական գործունեությունը խանգարվում է, ինչը կարող է հանգեցնել հետևյալ շեղումներին՝

  • աչքերի չորություն, որի դեպքում կարելի է աչքերի խոնավությունը զգալիորեն վերականգնել աչքերի որոշ կաթիլների՝ «արհեստական արցունքների» միջոցով
  • քթի խոռոչի չորություն, որի ժամանակ կարող եք օգտագործել քթի աղային սփրեյներ
  • բերանի չորություն, որը կարելի է մեղմացնել բերանի խոռոչը ջրով ողողելով կամ դիետիկ մաստակներով (շատ օգտագործելու դեպքում կարող է ի հայտ գալ փորլուծություն)։

Անհարմարության զգացումը չոր լորձաթաղանթների միակ հետևանքը չէ։ Կորցնելով իրենց պաշտպանիչ շերտը, այս լորձաթաղանթները կարող են հեշտությամբ գրգռվել կամ բորբոքվել։ Նման դեպքերում դիմեք ձեր բժշկին։

Ատամների խնամք

Շաքարային դիաբետը, հատկապես, եթե արյան գլյուկոզը ճիշտ չի վերահսկվում, կարող է հանգցնել ատամների և, ընդհանուր առմամբ, բերանի խոռոչի տարբեր խնդիրների։ Այս բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է բժշկի հսկողությամբ կայունացնել արյան գլյուկոզի մակարդակը և պարբերաբար այցելել ատամնաբույժին՝ ձեր բերանի խոռոչի առողջական վիճակը զննելու և ըստ անհրաժեշտության համապատասխան բուժում ստանալու համար։

Տեսողություն

Դիաբետիկ ռետինոպաթիան (աչքի ցանցաթաղանթի անոթային բարդություն) 60-ն անց մարդկանց կուրության հասնող հիմնական պատճառներից մեկն է։ Փաստերը վկայում են, որ ռետինոպաթիայի և արյան գլյուկոզի մակարդակի միջև գործում է հստակ փոխկապվածություն, ինչը նշանակում է, որ հսկողությունից դուրս մնալու դեպքում դիաբետիկ ռետինոպաթիայի հավանականությունը խիստ մեծանում է։

Դիաբետը կարող է առաջացնել նաև կատարակտ (աչքի ոսպնյակի թափանցիկության լրիվ կամ մասնակի կորուստ) և տեսողության խանգարման բերող այլ խնդիրներ։

Դիաբետի ժամանակ ձեր տեսողության խնդիրները կարող են որոշակիորեն կանխարգելվել, եթե դուք՝

  • պարբերաբար այցելեք ակնաբույժին և ստուգեք ձեր տեսողությունը և աչքերի վիճակը
  • կարգավորեք և կայուն պահեք ձեր արյան գլյուկոզի մակարդակը
  • կարգավորեք ձեր արյան ճնշումը
  • կարգավորեք ձեր արյան խոլեսթերինի մակարդակը
  • տեսողության հետ խնդիրներ հայտնաբերելու դեպքում առանց ուշացնելու դիմեք ակնաբույժին։

Միզապարկ և երիկամներ

Երիկամների գլխավոր ֆունկցիան արյունը նյութափոխանակության տարբեր արգասիքներից մաքրելն է։ Դիաբետը, լինելով երկարատև ընթացքով հիվանդություն, կարող է ժամանակի ընթացքում ախտահարել ձեր երիկամները, որի առաջին նշանը մեզում ալբումինի (միկրոալբումինուրիա) և սպիտակուցի հայտնվելն է (պրոտեինուրիա)։ Ալբումինը և սպիտակուցը կարող են ձեր մեզում ի հայտ գալ առանց երիկամների ախտահարման որևէ արտաքին նշանի կամ գանգատի, ուստի մեզում այս նյութերի որոշումը կարող է օգնել՝ հնարավորինս վաղ ախտորոշելու դիաբետիկ նեֆրապաթիան (երիկամների դիաբետիկ ախտահարումը)։

Դիաբետով մարդիկ ունեն նաև միզապարկի և երիկամների վարակային բորբոքումների նկատմամբ բարձրացած ռիսկ։ Միզասեռական հիգիենայի կանոնների պահպանումը, արյան գլյուկոզի մակարդակի և զարկերակային ճնշման կայուն կարգավորումը զգալի կերպով նվազեցնում են այս բարդության հավանականությունը։

Եթե ձեզ մոտ նկատել եք միզասեռական համակարգի գործունեության որևէ շեղում՝ մեզի պղտորացում և գույնի փոփոխություն, մեզից տհաճ հոտ, միզելուց վերցայլքային ցավեր և այլ նմանատիպ գանգատներ, առանց ձգձգելու դիմեք ձեր բժշկին։

Հոգեկան առողջություն

Դիաբետով հիվանդների շուրջ կեսի մոտ առաջանում են հոգեկան առողջության տարբեր խնդիրներ, առաջին հերթին՝ դեպրեսիա և անհանգստություն։ Հանդես գալով որպես դիաբետի հետևանք, ընկճված վիճակն ինքը կարող է ծանրացնել դիաբետի ընթացքը, քանի որ հոգեկան ընկճվածություն և անտարբերություն ունեցող մարդը սկսում է հեռանալ իր հիվանդության հետ կապված ամենօրյա գործերից (արյան գլյուկոզի չափում, դեղերի ընդունում, անձնական խնամք):

Նման դեպքերում իր խորհուրդներով և եթե անհրաժեշտ է, նաև՝ նշանակումներով ձեզ կարող է օգնել հոգեկան առողջության ոլորտի մասնագետը։

Սեռական կյանք

Դիաբետը, հատկապես անկառավարելի մնալու պարագայում, նվազեցնում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց սեռական հակումը։ Որոշ դեպքերում տղամարդկանց մոտ դիաբետը կարող է հանգեցնել իմպոտենցիայի։

Սեռախտաբանի (սեքսոպաթոլոգ) խորհրդատվությունը կարող է օգնել ձեզ՝ վերականգնելու ձեր սեռական առողջությունը։