Դիաբետի տեսակները

Սովորաբար տարբերում են շաքարային դիաբետի կամ շաքարախտի երեք հիմնական տեսակներ` 1-ին տիպի, 2-րդ տիպի և հղիների դիաբետ:

1-ին տիպի դիաբետ

1-ին տիպի դիաբետը համարվում է աուտոիմուն հիվանդություն, երբ իմունային համակարգը սկսում է «գրոհել» և ախտահարել սեփական հյուսվածքները՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները։ 1-ին տիպի դիաբետով մարդիկ, այսպիսով, պետք է բնական ինսուլինի անբավարարությունը «լրացնեն» ինսուլին դեղով։ Որպես կանոն, ինսուլինը նշանակվում է հիվանդի ողջ կյանքի ընթացքում։

Հիվանդությունը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում է երեխաների և երիտասարդների մոտ։ 1-ին տիպի դիաբետը երբեմն անվանում են որպես «ինսուլինակախյալ դիաբետ» կամ «պատանեկան դիաբետ»։

2-րդ տիպի դիաբետ

2-րդ տիպի դիաբետը կապված է ժառանգական և ապրելակերպի հետ փոխկապակցված ռիսկի գործոններից: Ապացուցված է, որ դիաբետի այս տեսակի զարգացմանը կարող են նպաստել անառողջ սննդակարգը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը և մարմնի ավելցուկային կշիռը կամ գիրությունը (ճարպակալում)։ Սա դիաբետի «ինսուլին ոչ կախյալ» տարբերակն է։

2-րդ տիպի դիաբետով մարդիկ կարող են հիվանդությունը կառավարելի դարձնել՝ իրենց ապրելակերպն ավելի առողջ դարձնելու միջոցով։ Սակայն, ոչ հազվադեպ անհրաժեշտ է լինում նաև ընդունել որոշ հակադիաբետային դեղեր, իսկ ծանր դեպքերում՝ նաև ինսուլին։

2-րդ տիպի դիաբետը հիմնականում հանդիպում է 40-ն անց չափահասների շրջանում, թեև վերջին տարիներին գրանցվում է հիվանդության «երիտասարդացում»։

Գեստացիոն (հղիների) դիաբետ

Գեստացիոն դիաբետը հանդիպում է հղիության ժամանակ։ Սովորաբար դիաբետի այս տեսակը կնոջ ծննդաբերությունից հետո անհետանում է, սակայն բարձրացնում է նրա մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը։

Հղիների դիաբետը կարելի է վերահսկելի դարձնել առողջ սննդակարգի և ֆիզիկապես ակտիվ ապրելակերպի միջոցով։ Որոշ դեպքերում, հատկապես հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում արյան շաքարի մակարդակը կայունացնելու համար ընդունել դիաբետի դեղեր, այդ թվում՝ ինսուլին։

Դիաբետի (շաքարախտի) մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր բժշկից կամ բժիշկ-էնդոկրինոլոգից։

Հոդվածը վերանայվել է՝ 28-05-2020