Դիաբետիկ հիպոգլիկեմիա. բուժում

Դիաբետիկ հիպոգլիկեմիա. բուժում

Դիաբետիկ հիպոգլիկեմիայի բուժումը կախված է վիճակի առաջացման արագությունից, ծանրության աստիճանից և պատճառից:

Հիպոգլիկեմիայի վարումը

Եթե կարծում եք, որ ձեր արյան շաքարի մակարդակը կտրուկ ընկել է, առանց ուշացնելու ստուգեք արյան գլյուկոզի մակարդակը: Եթե ի վիճակի եք, փորձեք ուտել կամ խմել ինչ-որ բան, որը գլխավորապես կազմված է շաքարից կամ ածխաջրերից: Գերադասելի է մաքուր գլյուկոզը՝ հաբերի, գելի և այլ ձևերով:

Ավելի շատ ճարպեր պարունակող մթերքները, օրինակ՝ շոկոլադը, արյան գլյուկոզի արագ բարձրացում չեն ապահովում: Դիետիկ ըմպելիքները նույնպես անօգուտ են, քանի որ շաքար չեն պարունակում:

Որպես արյան շաքարի մակարդակն արագ բարձրացնող միջոց, խորհուրդ է տրվում՝

  • գլյուկոզի 4 հաբ
  • գլյուկոզի գելի մեկ չափաբաժին
  • 5-6 հատ պինդ կոնֆետ կամ մարմելադ
  • 120 մլ մրգահյութ կամ սովորական (ոչ դիետիկ) լիմոնադ կամ ոչ ալկոհոլային այլ ըմպելիք
  • 1 ճաշի գդալ (15 մլ) շաքարաջուր, եգիպտացորենի օշարակ կամ մեղր։

Սննդի կամ ըմպելիքի միջոցով 15 գրամ ածխաջրեր ընդունելը հաճախ բավարար է, որ արյան շաքարի մակարդակը վերադառնա անվտանգ միջակայք: Ստուգեք ձեր արյան շաքարը 15 րոպե հետո և, եթե վերջինիս մակարդակը մնում է խիստ ցածր, կրկնեք սննդի կամ քաղցր հեղուկների ընդունումը, քանի դեռ արյան գլյուկոզը չի անցել 3,9 մմոլ/լ-ը (70 մգ/դլ):

Երբ ձեր ինքնազգացողությունը բարելավվում է, ստացեք արտահերթ նախաուտեստ կամ ճաշ, որ կանխարգելեք արյան գլյուկոզի կրկնակի անկումը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ քիչ նվազեցնեք հաջորդ ինսուլինի դեղաչափը:

Անհետաձգելի բուժում

Գլյուկագոնը հորմոն է, որն արագորեն բարձրացնում է արյան շաքարը: Ծանր հիպոգլիկեմիայի ժամանակգլյուկագոնը կարող է ստանալ կյանք փրկող նշանակություն: Այս դեղամիջոցը մատչելի է անհետաձգելի ներարկման հավաքածուի կամ քթային սփրեյի ձևով: Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ձեր բժշկից:

Դժվար կառավարվող հիպոգլիկեմիա

Որոշ մարդիկ բժշկական «շտկումներից» անկախ ունեն հաճախակի և սուր հիպոգլիկեմիայի դրվագներ: Նման իրավիճակներում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ փորձեք արյան շաքարը պահել նորմալից ավելի բարձր միջակայքում:

Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ օգտագործեք գլյուկոզի մշտական վերահսկում (անգլերեն՝ continuous glucose monitor, CGM): Սա մաշկի տակ մտցված բարակ լար է, որը պարբերաբար չափում և ընդունիչ սարքին է ուղարկում արյան գլյուկոզի ցուցանիշները: Երբ արյան գլյուկոզի մակարդակը կտրուկ ընկնում կամ բարձրանում է, սարքը ազդանշան է տալիս: Բժիշկը նաև կարող է խորհուրդ, որ ձեզ մոտ մշտապես պահեք գլյուկագոն և սովորեք դրանից օգտվելու մեթոդը:

Հիպոգլիկեմիայի անտեղյակություն

Որոշ մարդիկ չունեն կամ չեն կարողանում տարբերակել հիպոգլիկեմիայի վաղ ախտանիշները: Նման դեպքերում բժիշկը կարող է սահմանել արյան գլյուկոզի ավելի բարձր թիրախային միջակայք:

Շատ կարևոր է, որ անկողին մտնելուց առաջ չափեք ձեր արյան գլյուկոզը և, եթե ունեք երեկոյան ժամերի համար սահմանված արյան գլյուկոզի թիրախային միջակայքից ցածր ցուցանիշներ, մինչև քնելը արտահերթ ընթրեք: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ գլյուկոզի մշտական վերահսկման (CGM) օգտագործում:

Հոդվածը վերանայվել է՝ 10-04-2021