Դիաբետիկ նեֆրոպաթիա. բուժում

Դիաբետիկ նեֆրոպաթիա. բուժում

Դիաբետիկ նեֆրոպաթիայի բուժման առաջին քայլը ձեր դիաբետի և, ըստ անհրաժեշտության՝ նաև արյան բարձր ճնշման արդյունավետ բուժումն ու հսկողությունն է:

Եթե դուք ունեք շաքարային դիաբետ և ձեր արյան գլյուկոզը և զարկերակային ճնշումը պատշաճ վերահսկվում են, ապա դուք կարող եք կանխարգելել կամ հետաձգել երիկամների գործունեության խանգարումը՝ նեֆրոպաթիան, ինչպես նաև դիաբետի մյուս բարդությունների զարգացումը:

Դեղեր

Հիվանդության վաղ փուլերում ձեր բուժման պլանը կարող է ներառել բազմաթիվ դեղերի ընդունում, որոնք կարող են օգնել տարբեր խնդիրների հաղթահարմանը:

  • Բարձր արյան ճնշման կառավարում. որպես բարձր արյան ճնշումը բուժող կամ կանխարգելող դեղամիջոցներ բժիշկները լայնորեն նշանակում են անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ և անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (ԱԸՊ): Ընդ որում, խորհուրդ չի տրվում միաժամանակ նշանակել այս երկու խմբերի դեղերը, քանի որ աճում է դրանց կողմնակի ազդեցությունների ռիսկը: Հետազոտությունները վկայում են, որ բուժման թիրախը պետք է լինի զարկերակային ճնշման 140/90 մմ ս.ս.-ից ցածր ցուցանիշների վրա կայունացումը՝ կախված ձեր տարիքից և սրտանոթային հիվանդությունների ընդհանուր ռիսկի գնահատականից:
  • Բարձր արյան գլյուկոզի կառավարում. որոշ դեղեր կարող են օգնել դիաբետիկ նեֆրոպաթիայով հիվանդների մոտ բարձր արյան գլյուկոզի (հիպերգլիկեմիա) կառավարմանը: Հետազոտությունները վկայում են, որ գլիկեմիայի թիրախը պետք է լինի գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c) 7%-ից ցածր ցուցանիշների վրա կայունացումը:
  • Բարձր խոլեսթերինի նվազեցում. արյան խոլեսթերինը նվազեցնող դեղերը՝ ստատինները նշանակվում են բարձր խոլեսթերինը բուժելու և մեզում սպիտակուցը (պրոտեինուրիա) նվազեցնելու համար:
  • Ոսկրերի առողջության բարելավում. ձեր ոսկրերն առողջ պահպանելու համար կարևոր է ընդունել այնպիսի դեղեր, որոնք կարգավորում են կալցիումի ֆոսֆատի հավասարակշռությունը:
  • Մեզում սպիտակուցի վերահսկում. դեղերը հաճախ կարող են նվազեցնել մեզում «ալբումին» կոչվող սպիտակուցի քանակը (կոչվում է նաև «միկրոալբումինուրիա») և բարելավել երիկամների գործունեությունը:

Բժիշկը ձեզ կարող է առաջարկել պարբերական այցեր և լաբորատոր հետազոտություններ, որպեսզի ստուգի երիկամների գործունեությունը և հասկանա, թե արդյոք դիաբետով պատճառված ձեր երիկամային հիվանդությունը մնում է կայո՞ւն, թե՞ հարաճուն զարգանում է:

Հարաճուն զարգացած դիաբետիկ երիկամային հիվանդության բուժումը

Դիաբետի ժամանակ երիկամների ախտահարումը սկզբնական շրջանում արտահայտվում է միկրոալբումինուրիայի տեսքով (երբ միայն ալբումինային սպիտակուցներն են դուրս է գալիս մեզի հետ), այնուհետև՝ պրոտեինուրիայի տեսքով (երբ ընդհանուր սպիտակուցներն են դուրս է գալիս մեզի հետ), որի հետևանքով էլ ի վերջո զարգանում է քրոնիկ երիկամային անբավարարություն:

Եթե, այնուամենայնիվ ձեզ մոտ դիաբետի պատճառով երիկամների ախտահարումը հասել է իր վերջնային փուլին՝ երիկամային անբավարարությանը, ապա բժիշկը կարող է առաջարկել միջոցներ, որոնք օժանդակում կամ փոխարինում են ձեր երիկամների գործունեությանը կամ թեթևացնում են ձեր գանգատները:

  • Երիկամային դիալիզ. հեմոդիալիզը բուժման մեթոդ է, որի նպատակը ձեր արյունից նյութափոխանակության արգասիքները և ջրի ավելցուկը հեռացնելն է, երբ երիկամներն այլևս ունակ չեն իրականացնելու այս գործառույթը: Հեմոդիալիզը կազմակերպվում է շաբաթական մի քանի անգամ հեմոդիալիզի կենտրոն այցելություններով, որտեղ ձեզ միացնում են «արհեստական երիկամի» սարք, իսկ վերջինս էլ ժամանակավորապես իր վրա է վերցնում երիկամների գործունեությունը՝ զտելով արյունը ոչ անհրաժեշտ կամ ավելցուկային նյութերից: Կախված ձեր առողջական վիճակից և երիկամների գործունեությունից, հեմոդիալիզի յուրաքանչյուր միջոցառում կարող է տևել 3-5 ժամ:
  • Փոխպատվաստում. որոշ իրավիճակներում լավագույն տարբերակը երիկամի կամ երիկամ-ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումն է, որը նախատեսվում է, եթե կան վիրահատության ցուցումներ: Փոխպատվաստման վիրահատությունը պահանջում է ընդգրկուն նախապատրաստական միջոցառումներ:
  • Ախտանիշների կառավարում. եթե ձեզ մոտ ախտորոշվել է քրոնիկ երիկամային անբավարարություն և դուք հրաժարվում եք կամ այլ պատճառներից ելնելով չի իրականացվում հեմոդիալիզ կամ երիկամի փոխպատվաստում, ապա բժիշկներին այլ բան չի մնում, քան մոտակա ամիսների ընթացքում մեղմացնել ձեր գանգատներն ու անհանգստացնող ախտանիշները:

Ապագա բուժման հնարավորությունները

Ապագայում դիաբետիկ նեֆրոպաթիայով հիվանդներին կարող է մեծ օգնություն պարգևել վերականգնող՝ ռեգեներատիվ դեղերի հայտնագործումը: Այս ուղղությամբ ներկայում տարվում են լուրջ հետազոտական աշխատանքներ: Միևնույն ժամանակ հետազոտողները փորձարկում են նաև դիաբետիկ նեֆրոպաթիայի ժամանակ ցողունային բջիջներով բուժման ուղղությունը:

Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021