Փորլուծություն. բուժում

Փորլուծություն. բուժում

Փորլուծության դեպքերի մեծ մասն ինքնուրույն, առանց որևէ բուժման մի քանի օրվա ընթացքում լավանում է:

Եթե փորլուծության դեմ փորձել եք ապրելակերպի փոփոխություններ և տնային միջոցներ և դրանք որևէ օգուտ չեն տվել, բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային կամ այլ բուժումներ:

  • Հակաբիոտիկներ. հակաբիոտիկները կարող են օգնել փորլուծության բուժմանը, եթե վերջինիս պատճառվել է բակտերիաներով կամ մակաբույծներով:
  • Հեղուկների փոխլրացմամբ բուժում. բժիշկը հավանաբար խորհուրդ կտա, որ փոխլրացնեք աղիներով կորցրած հեղուկներն ու աղերը: Չափահաս մարդկանց մեծ մասի համար սա կարող է սահմանափակվել ջրի, նորսրացված հյութերի կամ երկուսի օգտագործմամբ: Եթե հեղուկների ընդունումն առաջացնում է ստամոքսի խանգարում կամ փսխումներ, բժիշկը կարող է նշանակել հեղուկների ներերակային ինֆուզիոն բուժում (կաթիլային): Ջուրը համարվում է կորցրած հեղուկների լրացման լավ միջոց, սակայն այն չի պարունակում աղեր և էլեկտրոլիտներ, օրինակ՝ նատրիում և կալիում, որոնք անփոխարինելի դեր ունեն օրգանիզմի նորմալ նյութափոխանակության մեջ: Այս և մյուս էլեկտրոլիտները կարող եք ստանալ՝ խմելով ջրով նոսրացված մրգահյութեր, ուտելով ապուրներ կամ ծանր դեպքերում ստանալով ներերակային ինֆուզիոն աղային լուծույթներ: Նկատի ունեցեք, որ որոշ մրգերի, օրինակ՝ խնձորի հյութը կարող է վատացնել փորլուծությունը: Երեխաների ջրազրկումը կանխարգելելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ ներքին ընդունման (օրալ) ռեհիդրատացիոն հեղուկներ, իսկ ծանր դեպքերում՝ հիվանդանոցային պայմաններում ներերակային ինֆուզիոն լուծույթներ:
  • Դեղամիջոցների փոփոխություններ. եթե բժիշկը կասկածում է, որ փորլուծության պատճառն օգտագործվող հակաբիոտիկն է կամ մեկ այլ դեղամիջոց, կարող է խորհուրդ տալ նվազեցնել դրանց դեղաչափերը կամ փոփոխել օգտագործվող դեղամիջոցը:
  • Փորլուծության պատճառ հանդիսացող հիվանդության բուժում. եթե քրոնիկ փորլուծությունը պատճառվել է մեկ այլ լուրջ հիվանդությամբ (օրինակ՝ գրգռված աղիների համախտանիշ), խնդրի լուծումը հիմնական հիվանդության բուժման մեջ է: Նման դեպքերում բժիշկը ձեզ կարող է ուղեգրել մեկ այլ մասնագետի խորհրդատվության (օրինակ՝ գաստրոէնտերոլոգ):

Հոդվածը վերանայվել է՝ 11-05-2021