Եթե կարծում եք, որ բուժօգնության կարիք ունեք, բժիշկը կհիմնվի ձեր խնդրի առաջացման պատճառի և առկա գանգատների վրա: Գլխապտույտի բուժումը կարող է ներառել դեղեր և հավասարակշռության վարժանքներ: Նույնիսկ եթե գլխապտույտի որևէ պատճառ չի հայտնաբերվում, բժշկի նշանակումները և բուժման այլ տարբերակները կարող են առնվազն օգնել ձեր ախտանիշների մեղմացմանը:
Դեղեր
Միզամուղներ. եթե ունեք Մենյերի հիվանդություն, բժիշկը կարող է նշանակել որևէ միզամուղ (դիուրետիկ) և խորհուրդ տալ, որ սննդակարգում քչացնեք կերակրի աղը: Նման զուգակցումը կարող է կրճատել գլխապտույտի դրվագների հաճախականությունը:
Գլխապտույտը և սրտխառնոցը մեղմացնող դեղեր. որոշ դեղեր, այդ թվում՝ հակահիստամինային և հակախոլիներգիկ (օրինակ՝ Մեկլիզին կամ Հիոսցին բութիլբրոմիդ (Սկոպոլամին)) միջոցներ, կարող են անմիջապես մեղմացնել վերտիգոն, գլխապտույտը և սրտխառնոցը: Դրանց մեծ մասը կարող է առաջացնել քնկոտություն:
Տագնապամարիչ դեղեր (անքսիոլիտիկներ). Դիազեպամը (Վալիում) և Ալպրազոլամը (Քսանաքս) պատկանում են բենզոդիազեպինների խմբին: Այս խմբի դեղերի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել հակում և կախվածություն: Որպես կողմնակի ազդեցություն, բենզոդիազեպիններն առաջացնում են նաև քնկոտություն:
Միգրենի կանխարգելման դեղեր. բժիշկը կարող է նշանակել միգրենի նոպաների կանխարգելմանն օգնող դեղեր:
Ոչ դեղորայքային բուժում (թերապիա)
Գլխի դիրքի մանևրաներ. կանալիթների վերադիրքավորման միջոցառումները (կամ Էփլեյի մանևրը) սովորաբար օգնում են բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգոյի (ԲՊԴՎ) մեղացման արագացմանը: Նման մանևրաները կարող են իրականացվել բժշկի, աուդիոլոգի կամ ֆիզիոթերապևտի կողմից: Դրանք հիմնված են ձգողության միջոցով հիվանդության պատճառ հանդիսացող կալցիումի կուտակված բյուրեղների տեղաշարժման վրա: Նախապես տեղեկացրեք մանևրա իրականացնողին, եթե ունեք պարանոցի կամ թիկունքի հետ կապված խնդիրներ, աչքի ցանցաթաղանթի շերտազատում կամ արյունատար անոթների հիվանդություններ:
Հավասարակշռության թերապիա. ֆիզիոթերապիայում սա կոչվում է վեստիբուլյար ռեաբիլիտացիա և կարող է առաջարկվել այն մարդկանց, ում մոտ գլխապտույտի հավանական պատճառը ներքին ականջի որևէ հիվանդություններն է, օրինակ՝ վեստիբուլյար նևրիտը:
Հոգեթերապիա. թերապիայի այս տեսակը կարող է օգնել տագնապային խանգարումներով պայմանավորված գլխապտույտի մեղմացմանը:
Վիրահատական կամ այլ միջամտություններ
Ներարկումներ. բժիշկը կարող է ձեր ներքին ականջի մեջ ներարկել Գենտամիցին հակաբիոտիկ, որն ընկճում է նույն ականջի հավասարակշռության գործունեությունը (վերջինս իր վրա է վերցնում առողջ ականջը):
Ներքին ականջի զգացող օրգանի հեռացում. այս միջամտությունը (լաբիրինթէկտոմիա) օգտագործվում է հազվադեպ: Հեռացնելով լաբիրինթը՝ կորում է տվյալ ականջի հավասարակշռության գործունեությունը, որն իր վրա է վերցնում մյուս ականջը: Լաբիրինթէկտոմիան կարող է առաջացնել լսողության ծանր կորուստ և երբեմն նշանակվում այն դեպքերում, եթե որևէ այլ մեթոդով անհանգստացնող գլխապտույտները վերացնել կամ մեղմացնել չի հաջողվում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։