Մարսողության խանգարում («ստամոքսի խանգարում», դիսպեպսիա)

Մարսողության խանգարումը կամ դիսպեպսիան տարածված առողջական խնդիր է, որը մարդկանց հայտնի է նաև որպես «ստամոքսի խանգարում»:

Չնայած գանգատների արտահայտվածությանը և մարդկանց առօրյայի վրա բացասակայն ազդեցության, դիսպեպսիան համարվում է ֆունկցիոնալ հիվանդություն, որը նշանակում է, որ «ստամոքսի խանգարումը» ոչ թե որևէ հիվանդության արդյունք է, այլ՝ առանձին հադես եկող կամ ինքնուրույն առողջական խնդիր:

Դիսպեպսիան առաջանում է ստամոսքի և 12-մատնյա աղու, իսկ ավելի հազվադեպ՝ նաև կերակրափողի գործունեության ֆունկցիոնալ խանգարման պատճառով: Կա տեսություն այն մասին, որ դիսպեպսիայի պատճառ կարող են հանդիսանալ աղիների զգացող նյարդերից եկող ոչ նորմալ ազդակները և շարժիչ նյարդերի ավելցուկային խթանումը:

Դիսպեպսիան քրոնիկ հիվանդություն է, որի ախտանիշները կարող են ժամանակի ընթացքում սրանալ և մեղմանալ: Ախտանիշների այսպիսի շրջադարձերը կարող են շարունակվել օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Դիսպեպսիայի ամենահաճախ հանդիպող գանգատներից են՝

  • որովայնի վերին՝ էպիգաստրալ շրջանի ցավեր կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ)
  • գղտոց (ռուսերեն՝ отрыжка)
  • սրտխառնոց
  • որովայնի փքվածության զգացում
  • նույնիսկ քիչ քանակով սնունդ ընդունելուց հետո լցվածության զգացում (վաղ հագեցում)
  • որովայնի փքվածություն
  • հազվադեպ՝ փսխում:

Որպես կանոն, այս գանգատները կապված են (սկսվում են) սննդի ընդունման հետ: Դիսպեպսիան հաճախ ի հայտ է գալիս հղիության ընթացքում, սակայն, ավելի հաճախ, մարսողության խանգարման ախտանիշները և այրոցքը պատճառվում է թթվային ռեֆլյուքսով:

Դիսպեպսիան ախտորոշվում է կլինիկական նշանների և ստամոքս-աղիքային, այդ թվում՝ բարձր թթվայնությամբ պայմանավորված հիվանդությունների (օրինակ՝ գաստրիտ, խոցային հիվանդություն), ինչպես նաև ոչ ստամոքս-աղիքային հիվանդությունների բացակայության հիման վրա: Այն կարող է երբեմն քողարկվել կամ քողարկել կրծոսկրի ստորին շրջանի ցավերով ընթացող սրտանոթային կամ որովայնային ցավերով ընթացող ստամոքս-աղիքային ծանր հիվանդությունները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտը:

Դիսպեպսիայի բուժումը կազմակերպվում է, եթե որևէ այլ հիվանդություն չի հայտնաբերվում: Սովորաբար նշանակվում են անտացիդներ, ստամոքսի մկանները թուլացնող և ստամոքս-աղիքային շարժողունակությունը կարգավորող դեղեր: Որոշ դեպքերում կարող են օգտակար լինել նաև հակադեպրեսանտները: Անպայման հետևեք բժշկի խորհուրդներին՝ կապված ձեր սննդակարգի և ապրելակերպի հետ:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2020