Առողջական խնդիրներ
Ականջի վարակներ

3 րոպե
Ականջի վարակները հաճախ հանդիպող առողջական խնդիրներ են, որոնք ավելի տարածված են երեխաների շրջանում։
Ներթափանցելով ականջ, վարակն առաջացնում է ականջացավ և լսողության հետ կապված ժամանակավոր խնդիրներ։
Ականջի վարակները սովորաբար լավանում են ինքնուրույն, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, սակայն երբեմն կարիք է լինում նախաձեռնել հակաբիոտիկներով բուժում՝ միայն բժշկի նշանակմամբ։
Դուք կամ ձեր երեխան նաև կարող եք ունենալ սովորական ցավավազրկողների կարիք։ Որոշ երեխաների մոտ, հատկապես ականջի կրկնակի վարակներից հետո կարող են զարգանալ երկարաժամկետ լսողության խնդիրներ։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում։
Որոշ դեպքերում նաև կարող է առաջանալ թմբկաթաղանթի պատռում, որը թուլացնում է միջին ականջում բարձր ճնշումը և ինքնուրույն լավանում է մի քանի օրվա ընթացքում։ Դիմեք բժշկին, եթե գանգատները չեն բարելավվում, առկա է սուր ականջացավ կամ ականջից հեղուկ կամ թարախային արտադրություն։
Ըստ միջազգային տարբեր ուղեցույցների, խորհուրդ է տրվում 2-12 տարեկան երեխաների մոտ միջին ականջի վարակը չբուժել հակաբիոտիկներով, քանի դեռ չեն առաջացել ջերմության բարձրացում և ինքնազգացողության վատացման այլ նշաններ։
Ի՞նչ է ականջի վարակը
Կան ականջի վարակային բորբոքման տարբեր տեսակներ, սակայն ամենատարածվածը միջին ականջի վարակն է (միջին օտիտ)։ Նորածինները և մանկահասակ երեխաներն առանձնահատուկ հակված են միջին օտիտի նկատմամբ։
Մյուս տեսակը արտաքին ականջի վարակն է (արտաքին օտիտ), որի ժամանակ վարակային բորբոքումն ընդգրկում է արտաքին լսողական ուղին։ Արտաքին օտիտն ավելի հաճախ զարգանում է լողալուց կամ լողանալուց հետո ականջներում մնացած ջրից (հայտնի է նաև որպես «լողորդների ականջ»):
Ականջի վարակները կարող են պատճառվել վիրուսներով կամ բակտերիաներով։
Ականջի վարակային բորբոքումից հետո երեխան կարող է դրսևորել կամ նշել լսողության հետ կապված խնդիրներ, որոնք կարող են տևել 2-6 շաբաթ։ Եթե լսողության նվազումը պահպանվում է ավելի երկար, դիմեք բժշկին։
Ականջի վարակի ախտանիշները
Ականջի վարակային բորբոքումները կարող են ընթանալ հետևյալ նշաններով՝
- ականջացավ
- ջերմության բարձրացում կամ գլխացավեր
- լսողության հետ կապված խնդիրներ կամ կորուստ
- ականջների փակվածության կամ լցվածության զգացում, որը որոշ դեպքերում ուղեկցվում է ականջներում աղմուկով (բզզոցներ կամ զնգոցներ)
- գլխապտույտ կամ հավասարակշռության խանգարումներ
- սրտխառնոց կամ փսխումներ։
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝
- ձեռքը տանում է դեպի հիվանդ ականջը կամ քորում այն
- բարձր ջերմություն (38°C կամ ավելի)
- ականջի շուրջը կարմրություն
- լաց, անհանգստություն կամ գերգրգռված վիճակ
- սովորաբար երեխայի ուշադրությունը գրավող ձայների կամ աղմուկների նկատմամբ անտարբերություն։
Ականջի վարակի կանխարգելումը
Միջին ականջի վարակները հաճախ զարգանում են ընդհանուր մրսածությանն ուղեկցող քթի փակվածության պատճառով (քթային կանգ)։ Երեխաների մոտ ականջի վարակման ռիսկը կարող է նվազեցվել, եթե հոգ տանեք, որ լողավազաններից օգտվելիս կրեն ականջները փակող պաշտպանիչ միջոցներ կամ վերջում լիարժեք չորացնեն ականջները։
Հաճախակի կրկնվող ականջի վարակների դեպքում բժիշկը հավանաբար խորհուրդ կտա կանխարգելիչ այլ՝ հատուկ միջոցներ։
Ահա որոշ խորհուրդներ ևս՝
- ականջների մեջ մի՛ դրեք ոչ մի բան (օրինակ՝ բամբակե խցան), նույնիսկ եթե ձեր այն փակված է կամ ցավում է
- մի՛ օգտագործեք ականջի կաթիլներ, քանի դեռ խորհուրդ չի տվել բժիշկը։
Այցելեք բժշկին, եթե ականջացավը տևական է, աստիճանաբար սաստկանում և ուղեկցվում է ինքնազգացողության վատացմամբ կամ բարձր ջերմությամբ։
Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 21-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: