Ականջի ծծումբը արտադրվում է արտաքին լսողական անցուղում և մասնակցում է այդ ուղիները մաքուր և առողջ պահելուն:
Սակայն, չափազանց մեծ քանակությամբ արտադրվելիս ականջածծումբը կարող է առաջացնել անհարմարավետություն և նույնիսկ առողջական խնդիրներ:
Ականջի ծծմբախցանի առաջացման պատճառները
Ականջի ծծումբը (անվանում են նաև «ականջի վաքս») անվնաս նյութ է, որն արտադրվում է լսողական ուղու պատերին տեղակայված փոքրագույն գեղձերի կողմից (ծծմբագեղձեր): Ականջի ծծումբն ունի կարևոր պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ չի տալիս, որ փոշին, կեղտը և բակտերիաները արտաքին լսողական ուղիով խորանան, հասնեն և ախտահարեն միջին և ներքին ականջները:
Սովորաբար արտադրվելուց հետո ականջի ծծումբն արտաքին լսողական ուղիով շարժվում է դեպի դուրս՝ իր հետ այս խողովակից դուրս հանելով նաև կեղտը և մահացած բջիջները: Ձեր ստորին ծնոտի յուրաքանչյուր շարժման հետ միասին (օրինակ՝ ծամելիս կամ խոսելիս), ականջի ծծումբը շարժվում է առաջ՝ դեպի արտաքին լսողական անցք: Դուք սովորաբար չեք տեսնում այս նյութը, քանի որ լոգանք ընդունելիս լսողական անցքի շրջակայքից ծծումբը լվացվում-հեռացվում է:
Ականջի ծծմբի գույնը կարող է լինել փոփոխական՝ սկսած բաց դեղնավունից մինչև մուգ շագանակագույն:
Որոշ մարդկանց մոտ կարող է ավելի շատ ականջի ծծումբ արտադրվել, քան մյուսների մոտ, և սա բնավ վատ հիգիենայի նշան չէ:
Ձեզ մոտ կարող է ականջածծմբի արտադրությունը շատանալ, եթե դուք՝
- ունեք բարակ և խիստ մազոտ արտաքին լսողական ուղիներ
- աշխատում եք փոշոտ կամ կեղտոտ միջավայրում
- ականջն ինքնուրույն մաքրելիս ծծումբը լսողական ուղիով ավելի եք հրել-խորացրել դեպի ներս
- կրում և հաճախակի օգտվում եք աուդիո-ականջակալներից
- ունեք մեծ տարիք, քանի որ տարիքի հետ ծծումբը թանձրանում-պնդանում է և ավելի դժվարությամբ դուրս գալիս դեպի արտաքին աշխարհ:
Ականջի ծծմբախցանի ախտանիշները
Ականջի ծծմբախցանի հիմնական գանգատներն ու նշաններն են՝
- ականջի լցվածության զգացողություն
- ականջում ծակոցներ կամ ցավ
- ականջներում «զնգացող» աղմուկ (հայտնի է նաև որպես «տինիտուս»)
- լսողության խանգարումներ (ծանրալսություն)
- գլխապտույտ:
Ականջի ծծմբախցանի ախտորոշումը
Ծծմբախցանը կարող է հայտնաբերվել արտաքին լսողական ուղու օտոսկոպով զննմամբ:
Եթե ձեր բժիշկը գտնում է, որ ականջի հետ կապված ձեր խնդիրն ավելի լուրջ բնույթ ունի, նա կարող է ձեզ ուղեգրել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության:
Ականջի ծծմբախցանի բուժումը
Ականջի ծծմբախցանը սովորաբար առանց բուժման ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն, եթե այն ձեզ մոտ առաջացնում է խնդիրներ կամ գանգատներ, կան պարզ քայլեր, որոնք դուք կարող եք ինքներդ ձեռնարկել ձեր տանը:
Առաջինը, ինչ կարող եք փորձել, դա ձեր ականջում այնպիսի հեղուկներ կաթեցնելն է, որոնք կարող են փափկեցնել ծծմբախցանը, օրինակ՝
- նշի կամ ձիթապղտի յուղ (ձեթ)՝ օրը մի քանի կաթիլ, օրը երկու անգամ, 2-3 օր
- դեղատնից գնված ականջի կաթիլներ, որոնք նախատեսված են ծծմբախցանը փափկեցնելու համար:
Մի փորձեք ձեր մատներով, բամբակյա փայտիկով կամ այլ բարակ առարկաներով հեռացնել խցանը, քանի որ կարող է ստացվել հակառակ արդյունքը, երբ խցանը ավելի է խորանում և վնասում ձեր թմբկաթաղանթը:
Պետք չէ փորձել ինքնուրույն հեռացնել ծծմբախցանը նաև այն դեպքերում, երբ՝
- չի բացառվում, որ ձեզ մոտ առկա է նաև ականջի վարակային բորբոքում
- ձեր ականջը լավ չի լսում
- նախկինում ձեր ականջի վրա կատարվել է վիրահատություն կամ եղել է թմբկաթաղանթի վնասում:
Նման դեպքերում այցելեք ձեր բժշկին:
Եթե ծծմբախցանը մեծ չափերի է կամ ամբողջապես խցանել է ձեր լսողական ուղին, բժիշկը կամ բուժքույրը կարող են այն հեռացնել՝ ներարկիչով գոլ ջուր ներմուծելով ձեր լսողական ուղին, որը դուրս գալով իր հետ բերում է նաև խցանը: Սակայն, եթե ականջը վարակված կամ վնասված է, բժիշկը կարող է համբերել, մինչև ականջի բորբոքումը մեղմանա:
Ականջի ծծմբախցանի կանխարգելումը
Դուք չեք կարող կանխարգելել ականջի ծծմբի արտադրությունը, առավել ևս, որ այն ունի կարևոր պաշտպանական նշանակություն: Սակայն, եթե ծծմբախցանի հետ կապված մշտական խնդիրներ եք ունենում, դուք կարող եք պարբերաբար փափկեցնել այն՝ օգտագործելով վերոնշյալ ականջի կաթիլները:
Դիմեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր լսողական ուղիները երկարատև՝ մինչև 5 օր մնում են փակված վիճակում
- ձեր լսողությունը կտրուկ թուլացել է
- դուք խիստ անհանգստացած եք ձեր առողջական վիճակով:
Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2019