Էրեկտիլ դիսֆունկցիա. դեղեր
27-05-2018
1 րոպե

Էրեկտիլ խանգարումը տղամարդկանց մոտ իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառն է։
Տղամարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ էրեկցիայի հետ կապված խնդիրներ, սակայն, երբ դա կրում է հաճախակի կամ մշտական բնույթ, ապա պետք է դիմել բժշկին (սեքսոպաթոլոգ)։
Էրեկցիայի խանգարումը կամ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է զարգանալ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ժամանակ, որոնք կարող են առաջանալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական պատճառներից։
Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժումը ներառում է տարբեր մոտեցումներ, սակայն ավելի հաճախ օգտագործվում են ներքին ընդունման (կուլ տալու) դեղեր, որոնցից են՝
- Սիլդենաֆիլ (Վիագրա)
- Տադալաֆիլ (Ադկիրկա, Սիալիս)
- Վարդենաֆիլ (Լևիտրա, Ստաքսին)
- Ավանաֆիլ (Ստենդրա):
Այս դեղերը խթանում են օրգանիզմի սեփական քիմիական միացությունների արտադրությունը (NO` ազոտի մոնօքսիդ), որը թուլացնում է առնանդամի անոթների մկանները և մեծացնում արյան ներհոսը դեպի առնանդամ, որի շնորհիվ ի պատասխան սեռական խթանիչի փապարային մարմինները լայնանում են և զարգանում է էրեկցիա։ Դեղերը կարող են ինչպես հաճախացնել էրեկցիաների թիվը, այնպես էլ երկարաձգել դրանց տևողությունը։
Կարևոր է իմանալ, որ այս հաբերից մեկնումեկի ընդունումն ինքնաբուխ (ավտոմատ կերպով) էրեկցիա չի առաջացնում. վերջինիս համար անհրաժեշտ է սեռական խթանիչ` գրգռիչ, որի ազդեցությամբ ձեր առնանդամի նյարդերից ազատվում է ազոտի մոնօքսիդ: Դեղերը պարզապես «բազմապատկում են» ազդանշանը՝ որոշ տղամարդկանց մոտ սեռական անդամի ֆունկցիան դարձնելով նորմալ: Նորմալ էրեկցիայի հասնող մարդիկ դրանք ընդունելու կարիք չունեն:
Էրեկցիայի դեղերը տարբերվում են իրենց դեղաչափերով, ազդեցության տևողությամբ և կողմնակի ազդեցություններով:
Հնարավոր կողմնակի ազդեցություններից են`
- տաք (ջերմային) ներհոսներ
- քթի փակվածություն (լցվածության զգացողություն)
- գլխացավ
- տեսողության փոփոխություն
- մեջքի ցավ
- ստամոքսի խանգարում:
Բժիշկը կքննարկի ձեր մասնավոր դեպքը, որպեսզի որոշի, թե դեղերից որը ձեզ առավելագույն չափով օգտակար կլինի: Դեղերը ձեր էրեկտիլ դիսֆունկցիան անմիջապես չեն բուժում. դուք կարիք ունեք բժշկի հետ գտնելու ձեզ համապատասխանող դեղը և լավագույն դեղաչափը:
Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման որևէ դեղ կամ բուսական հավելում ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Նախ, դրանք բոլոր տղամարդկանց մոտ նույն կերպ չեն ազդում, և կան հիվանդություններ, որոնց դեպքում քիչ արդյունավետ են (օրինակ, եթե ունեք դիաբետ կամ ենթարկվել եք շագանակագեղձի որևէ վիրահատության) կամ արդյունավետ չեն:
Որոշ դեղեր կարող են նաև դրսևորել վտանգավոր ազդեցություն, հատկապես, եթե դուք՝
- ստանում եք նիտրատներ, որոնք սովորաբար նշանակվում են կրծքահեղձուկի ժամանակ (ստենոկարդիա), օրինակ՝ Նիտրոգլիցերին, Իզոսորբիտի մոնոնիտրատ (Մոնոկետ) և Իզոսորբիտի դինիտրատ (Դիլատրատ-SR, Իզորդիլ, Բիդիլ)
- ունեք սրտանոթային հիվանդություն կամ սրտային անբավարարություն
- ունեք խիստ ցածր արյան ճնշում (հիպոտենզիա):
Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021