Առողջական խնդիրներ

Աչքերի լարվածություն

Աչքերի լարվածություն

Time Read 3 րոպե

Ձեր աչքերը լարվում են, երբ դուք երկար ժամանակ դրանք կենտրոնացնում եք ինչ-որ բանի վրա։

Աչքերի լարվածությունը շատ հաճախ հանդիպող վիճակ է։ Ձեր աչքերը կարող են լարվել բազմաթիվ պատճառներից, սակայն կան նաև դրանք կանխարգելելու տարբերակներ։

Ի՞նչը կարող է առաջացնել աչքերի լարվածություն

Ձեր աչքերը կարող են լարվել հետևյալ դեպքերում՝

  • համակարգիչների, սմարթֆոնների, պլանշետների և խաղային համակարգերի երկարատև, առանց ընդմիջման օգտագործում
  • երկարատև, առանց ընդմիջման մեքենայի վարում
  • երկարատև, առանց ընդմիջման ընթերցանություն
  • վատ լուսավորություն
  • խիստ պայծառ լուսավորություն կամ թրթռացող լույս
  • հոգնածություն կամ սթրես
  • օպտիկական ակնոցների կամ կոնտակտային լինզաների չկրում կամ տեսողությունը չհամապատասխանող ակնոցների կամ լինզաների կրում
  • աչքերի հիվանդություններ։

Աչքերի լարվածությունը ստեղծում է անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), սակայն նման վիճակը սովորաբար աստիճանաբար մեղմանում և անհետանում է, եթե դուք ձեր աչքերին հանգիստ եք տալիս։ Աչքերի լարված լինելն իրականում ոչ թե հիվանդություն է, այլ՝ վիճակ։

Աչքերի լարվածության ախտանիշները

Երբ մարդկանց աչքերը դառնում են լարված, նրանք զգում են հոգնածություն, աչքերի քոր կամ ցավ կամ նշում են, որ իրենց աչքերը արցունքակալել կամ չորացել են։ Աչքերի լարվածությունը կարող է նաև առաջացնել՝

  • աչքերում այրոցի զգացողություն
  • տեսադաշտի աղավաղում կամ երկտեսություն
  • կենտրոնացման դժվարացում
  • լուսազգայունություն (երբ լույսն առաջացնում է աչքերում դիսկոմֆորտի զգացողություն)
  • գլխացավ
  • պարանոցի, ուսագոտու կամ թիկունքի ցավեր՝ պայմանավորված մկանային լարվածությամբ։

Աչքերի լարվածության ախտորոշումը

Եթե կարծում եք, որ ձեր աչքերը լարված են, մինչև բժշկին կամ ակնաբույժին այցելելը նշում կատարեք այն մասին, թե ինչով էիք զբաղված մինչև ձեր գանգատների առաջանալը։

Ակնաբույժը կզննի ձեր աչքերը և կստուգի ձեր տեսողությունը։ Նա կարող է հարցնել, թե ձեր կարծիքով ինչն կարող էր դառնալ ձեր աչքերի լարվածության պատճառը։

Աչքերի լարվածության բուժումը

Աչքերի լարվածության լավագույն բուժումը հանգիստն է։ Այն սովորաբար մեղմացնում է անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ), առնվազն՝ մոտակա րոպեների ընթացքում։

Ձեր բժիշկը կամ ակնաբույժը կարող են ձեզ խորհուրդ տալ այն մասին, թե՝

  • աչքերի ինչպիսի՞ վարժություններ անել, որ նրանց մկանները դառնան ավելի ամուր
  • ինչպիսի՞ ակնոց կամ կոնտակտային լինզա կրել և արժի՞ արդյոք դրանց ապակիները մթնեցնել։

Եթե ձեզ մոտ հայտնաբերվի ակնաբուժական որևէ խնդիր կամ հիվանդություն, ակնաբույժի նշանակած բուժումը կլուծի նաև աչքերի լարվածության խնդիրը։

Շատ տարածված խնդիր է նաև չոր աչքի համախտանիշը, որն առաջանում է, երբ աչքերը չեն արտադրում բավարար արցունք։ Չոր աչքերի որոշ ախտանիշները նման են աչքերի լարվածության ախտանիշներին։

Աչքերի լարվածության կանխարգելումը

Կան աչքերի լարվածությունը կանխարգելող տարբեր մեթոդներ։

Եթե դուք ստիպված եք երկար ժամանակ կենտրոնացնել ձեր տեսողությունը լարող ինչ-որ գործի վրա, ապա կարող եք հաճախակի ընդմիջել գործը և ձեր աչքերին հանգստանալու ժամանակ տալ։ Դա կարող եք անել ընթերցանության, համակարգիչներով և հեռախոսներով աշխատելու կամ մեքենա վարելու ժամանակ։

Երեխաները նույնպես կարող են ունենալ աչքերի լարվածություն, հատկապես եթե երկար ժամանակ առանց ընդմիջելու խաղում կամ զբաղվում են հեռախոսներով, հեռուստացույց են դիտում և այլն։ Նրանք նույնպես կարիք ունեն պարբերաբար ընդմիջելու իրենց զբաղմունքը։

Եթե դուք զբաղված եք ընթերցանությամբ կամ ձեր աչքերին մոտիկ ինչ-որ գործ եք անում, ապա լույսի աղբյուրը հարմարեցրեք այնպես, որ այն գտնվի ձեր հետևում և ուղիղ լուսավորի այն շրջանը, որտեղ դուք գործ եք անում։

Դուք կարող եք օգտագործել օդը խոնավացնող միջոցներ, որը թույլ կտա կանխարգելելու աչքերի եղջերաթաղանթի չորանալը։ Մեկ այլ դեպքում դուք կարող եք թուլացնել ձեր օդորակիչի հոսքի արագությունը։

Ծխելը նույնպես կարող է ձեր աչքերը դարձնել չոր։ Եթե ծխող եք, ապա իմացեք, թե ինչպես կարելի է ձերբազատվել ծխախոտից։

Դուք կարող եք նաև դեղատնից գնել և օգտագործել «արհեստական արցունք»։

Եթե դուք աշխատանքի բերումով համակարգչի առջև բազմաթիվ ժամեր եք անցկացնում, փորձեք հարմարեցնել էկրանի լուսավորությունը, կոնտրաստը և տեքստի չափն այնպես, որ աչքերն ավելի քիչ լարվեն։ Հարմարեցրեք նաև մոնիտորի դիրքն այնպես, որ էկրանի վերին եզրը լինի ձեր աչքերի մակարդակից քիչ ներքև։ Պահեք ձեր էկրանը մաքուր, որ փոշուց կամ կեղտից պատճառված փայլը կամ լուսային անդրադարձումները ավելորդ չլարեն ձեր աչքերը։

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով