Ուշագնացության առաջին օգնությունը

Ուշագնացության առաջին օգնությունը
Անգլերեն անվանումը՝ Fainting treatments, Syncope First Aid

Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկն ուշագնաց է լինում (ուշաթափվում է), դուք կարող եք օգնել նրան մի քանի պարզ միջոցառումներով:

Նույն կերպ, դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ, եթե զգում եք, որ կարող եք ուշագնաց լինել։

Եթե զգում եք մոտալուտ ուշագնացություն

  • Պառկեք այնպես, որ ոտքերը գլխից մի փոքր բարձր դիրքում լինեն։
  • Եթե չեք կարողանում պառկել, նստեք և գլուխն իջեցրեք ներքև՝ պահելով ձեր ծնկների միջև։
  • Հղիության առկայության ժամանակ խուսափեք մեջքի վրա պառկելուց (հատկապես հղիության վերջին ամիսներին)։
  • Պառկած կամ նստած դիրքում ձեր մարմնի դիրքը փոփոխեք ոչ կտրուկ շարժումներով, այլ՝ զգուշորեն և դանդաղ։
  • Մինչև անկողնուց վեր բարձրանալը, մի քանի րոպե մնացեք անկողնում նստած վիճակում։
  • Երբ կանգնած վիճակում զգում եք ուշագնացության նշաններ, հնարավորինս արագ փորձեք նստել որևէ տեղ։
  • Խուսափեք երկար ժամանակ կանգնած մնալուց։
  • Խուսափեք տոթ միջավայրերից։
  • Որևէ առիթով (նիհարել և այլն) ձեզ երբեք մի զրկեք սննդից, դրա փոխարեն անցեք առողջ սննդակարգի։
  • Խմեք մեծ քանակով ջուր կամ այլ հեղուկներ:

Եթե կարծում եք, որ ձեր ներկայությամբ որևէ մեկն ուշագնաց է լինում

  • Օգնեք այդ մարդուն պառկել, ցանկալի է՝ ոտքերը գլխից մի փոքր բարձր դիրքով։
  • Մի փոքր բարձրացրեք նրա ոտքերը (որը կնպաստի դեպի ուղեղ արյան հոսքի ավելացմանը)։
  • Եթե այդ մարդուն պառկացնելն անհնար է, նստեցրեք նրան և գլուխն իջեցրեք ներքև՝ պահելով իր ծնկների միջև։

Ինքնօգնություն և ուրիշներին օգնություն ցուցաբերելը

Եթե ձեզ մոտ առաջացել են ուշագնացության նշաններ, ապա՝

  • եթե մեքենա եք վարում, կանգ առեք և մի շարունակեք երթևեկելը, մինչև ձեր ինքնազգացողությունն ինքնուրույն կբարեավվի կամ կստանաք համապատասխան օգնություն
  • փորձեք հասկանալ ուշագնացության պատճառը և հնարավորության դեպքում վերացնել այն:

Եթե դուք հոգ եք տանում ուշագնաց վիճակում հայտնված ինչ-որ մեկի մասին, ապա՝

  • պառկացրեք նրան հորիզոնական դիրքով այնպես, որ նրա ոտքերը գլխի մակարդակից մի փոքր ավելի բարձր լինեն
  • ըստ հնարավորության, ապահովեք թարմ և մաքուր օդի առկայություն
  • եթե դիմացինի գիտակցությունը շուտ չի վերականգնվում, ապահովեք նրա վերին շնչուղիների անցանելիությունը (պրոթեզների հեռացում, բերանի պարունակության մաքրում, ծնոտի՝ քիչ բարձրացրած դիրք)
  • զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն
  • եթե անհրաժեշտություն կա (պարանոցի վրա անոթազարկի բացակայություն, ինքնուրույն շնչառության բացակայություն, մաշկի ընդհանուր գունատություն կամ կապտություն) սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:

Ուշագնացության դրվագից հետո, կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝

  • վայր ընկնելուց ստացել եք վնասվածքներ
  • ուշագնացության դեպքերը կրկնվում են
  • ձեր տարիքը 40-ից անց է և առաջին անգամ եք ուշագնաց եղել
  • դուք կին եք և ձեզ մոտ հղիություն կա
  • ձեզ մոտ ախտորոշվել է դիաբետ կամ սրտային հիվանդություն
  • մինչև ուշագնացությունը ունեցել եք կրծքավանդակի ցավեր կամ կրծոսկրի վրա ճնշման կամ ծանրության զգացում
  • ուշագնացության պահին ձեզ մոտ ի հայտ է եկել ակամա միզում կամ կղում
  • ձեր անգիտակից վիճակը տևել է 1 րոպե և ավելի երկար:

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019