Կանանց սեռական դիսֆունկցիա. բուժում

Կանանց սեռական դիսֆունկցիա. բուժում

Հիշեք, որ սեռական դիսֆունկցիան դառնում է խնդիր, երբ սկսում է անհանգստացնել ձեզ:

Հակառակ դեպքում դուք որևէ բուժման կարիք չունեք:

Կանանց սեռական դիսֆունկցիան ունի բազմաթիվ հնարավոր ախտանիշներ և պատճառներ, ուստի յուրաքանչյուր առանձին դեպքում բժիշկը կարող է առաջարկել առանձնահատուկ բուժում:

Հաճախ ավելի նպատակարմար և արդյունավետ է լինում միաժամանակ տարբեր բուժական մոտեցումներ օգտագործելը, որը թույլ է տալիս հաղթահարել առողջական, փոխհարաբերությունների և հուզական խնդիրները:

Ոչ դեղորայքային բուժման մեթոդներ (թերապիաներ)

Սեռական դիսֆունկցիայի բուժման համար բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ սկսեք հետևյալ մոտեցումներից:

  • Խոսե՛ք և լսե՛ք. սեռական զուգընկերոջ հետ բաց զրույցը կարող է զգալիորեն բարելավել ձեր սեռական կյանքը: Քննարկեք միասին, թե ինչն է լավ և ինչը վատ ձեր անկողնային կյանքում և ինչպես բարելավել ձեր սեռական մտերմությունը:
  • Անցե՛ք առողջ ապրելակերպի. չափից դուրս շատ ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել սեռական պատասխանը՝ ցանկությունը և բավարարվածությունը: Դարձեք ֆիզիկապես ակտիվ, որ բարձրացնեք ձեր ֆիզիկական դիմադրողականությունը և բարելավեք ռոմանտիկ զգացողությունները: Սովորեք, թե ինչպես կրճատել սթրեսը։
  • Ստացե՛ք խորհրդատվություն. զրուցեք խորհրդատուի կամ սեռական և փոխհարաբերությունների խնդիրների ոլորտում մասնագիտացած թերապևտի հետ: Թերապիան հաճախ ներառում է սեռական կյանքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ստանալը և ինքնակրթվելը: Սովորեք, թե ինչպես բարելավել ձեր զուգընկերոջ հետ սեռական մտերմությունը կամ ինչպես լավագույն մակարդակի հասցնել սեռական պատասխանը:
  • Օգտագործե՛ք օծման միջոցներ (լուբրիկանտ). հեշտոցային լուբրիկանտը կարող է սեռական հարաբերությունը դարձնել ավելի հարմարավետ ու հաճելի, եթե ունեք հեշտոցի չորություն կամ սեռական ակտին ուղեկցող ցավեր:
  • Փորձե՛ք սարքեր. սեռական գրգռումը կարող է խթանվել ծլիկի (կլիտոր) նուրբ մերսմամբ կամ ծլիկային խթանում առաջացնող վիբրատորով:

Դեղորայքային բուժման մեթոդներ

Սեռական դիսֆունկցիայի արդյունավետ բուժումը հաճախ պահանջում է պատճառային հիվանդության կամ հորմոնային շեղման շտկում կամ վերացում: Բժիշկը կարող է առաջարկել ձեր ընդունած դեղերի փոփոխություններ կամ նշանակել նոր դեղամիջոցներ:

Կանանց սեռական դիսֆունկցիայի հնարավոր բուժումները կարող են ներառել հետևյալ դեղամիջոցների ընդունումը:

  • Էստրոգենային բուժում. տեղային էստրոգենային բուժում կարող է նշանակվել հեշտոցային օղերի, կրեմների համ հաբերի տեսքով: Նման բուժումը կարող է օգնել նորմալ սեռական գործունեության վերականգնմանը՝ բարելավելով հեշտոցի պատի մկանային տոնուսը և էլաստիկությունը, բարձրացնելով հեշտոցային արյունահոսքը և խթանելով լուբրիկացիան (հեշտոցի բնական օծումը): Հորմոնային բուժման ռիսկերը կախված են ձեր տարիքից, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի ռիսկից կամ առկայությունից, հորմոնի դեղաչափից և տեսակից, ինչպես նաև այն հանգամանքից, թե արդյոք էստրոգենը տրվում է միայնակ կամ Պրոգեստինի հետ միասին: Զրուցեք բժշկի հետ հնարավոր օգուտների և հավանական ռիսկերի մասին: Որոշ դեպքերում հորմոնային բուժումը պահանջում է լուրջ վերահսկում:
  • Օսպեմիֆեն (Օսֆենա). սա էստրոգենային ընկալիչների ընտրողական մոդուլյատոր է, որն օգնում է վուլվովագինալ ատրոֆիայով կանանց շրջանում սեռական հարաբերությանն ուղեկցող ցավերի մեղմացմանը:
  • Անդրոգենային բուժում. անդրոգեններն արական սեռական հորմոններ են, որոնցից է տեստոստերոնը: Տեստոստերոնը կարևոր դեր ունի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց սեռական գործունեության մեջ, թեև կանանց մոտ հորմոնի մակարդակն ավելի ցածր է: Անդրոգեններով սեռական դիսֆունկցիայի բուժումը հակասական է: Որոշ հետազոտություններ վկայում են, որ անդրոգենները կարող են օգտակար լինել սեռական դիսֆունկցիայով այն կանանց, ովքեր ունեն տեստոստերոնի անհամեմատ ավելի ցածր մակարդակներ, մինչդեռ այլ հետազոտություններով տեստոստերոնի օգուտն աննշան է կամ ընդհանրապես բացակայում է:
  • Ֆլիբանսերին (Էդդի). ԱՄՆ Դեղերի և սննդի գործակալությունը (FDA) հաստատել է Ֆլիբանսերինը որպես նախադաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ նվազած սեռական ցանկությունը բուժելու միջոց: Ֆլիբանսերինի հնարավոր կողմնակի ազդեցություններից են ցածր արյան ճնշումը (հիպոտենզիա), քնկոտությունը, սրտխառնոցը, թուլությունը, գլխապտույտը և ուշաթափությունը, հատկապես, եթե զուգակցվում է ալկոհոլի հետ: Փորձագետները խորհուրդ են տալիս դադարեցնել դեղի ընդունումը, եթե 8 շաբաթյա ամենօրյա ընդունումից հետո որևէ արդյունք չի գրանցվում:
  • Բրեմելանոտիդ (Վիլեեսի). սա նախադաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ նվազած սեռական ցանկության բուժման մեկ այլ դեղամիջոց է, որը նույնպես հաստատվել է ԱՄՆ Դեղերի և սննդի գործակալության (FDA) կողմից: Ի տարբերություն Ֆլիբանսերինի, Բրեմելանոտիդը ենթամաշկային ներարկման լուծույթ է, որն օգտագործվում է նախատեսված սեռական հարաբերությունից առաջ: Որոշ կանանց մոտ կարող է ի հայտ գալ սրտխառնոց, որը երկրորդ և հաջորդ օգտագործումների դեպքում սովորաբար մեղմանում կամ անհետանում է: Այլ կողմնակի ազդեցություններից են փսխումը, տաք ներհոսը, գլխացավը և ներարկման տեղում մաշկային ռեակցիան:

Հոդվածը վերանայվել է՝ 28-03-2021