Բարձր ջերմություն. բուժում

Բարձր ջերմություն. բուժում

Եթե մարմնի ջերմաստիճանի բարձրացումը թեթև է, բժիշկը կարող է ջերմիջեցնող որևէ բուժում խորհուրդ չտալ:

Այսպիսի ցածր աստիճանի՝ մինչև 38,5°C ջերմության բարձրացումը նույնիսկ կարող է լինել օգտարար և օգնել հիվանդության պատճառ դարձած միկրոբների թվի կրճատմանը:

Ազատ վաճառվող դեղամիջոցներ

Բարձր աստիճանի կամ ցածր աստիճանի, սակայն անհարմարավետություն առաջացնող ջերմության բարձրացման դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ առանց դեղատոմսի վաճառվող որևէ դեղամիջոց, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Տայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն):

Օգտագործեք այս դեղերն ինչպես խորհուրդ է տվել ձեր բժիշկը կամ հրահանգված է տեղեկատվական թերթիկում։ Ացետամինոֆենի կամ Իբուպրոֆենի բարձր դեղաչափերը կամ երկարաժամկետ օգտագործումը կարող են առաջացնել լյարդի կամ երիկամների վնասում, իսկ սուր գերդոզավորումը կարող է նույնիսկ բերել մահվան ելքի: Եթե երեխայի տենդը մեկ դեղաչափից հետո մնում է բարձր, մի՛ տվեք լրացուցիչ դեղեր, այլ առանց ուշացնելու զանգեք ձեր բժշկին:

Մի՛ տվեք ձեր երեխային Ասպիրին, որը կարող է նպաստել հազվադեպ, սակայն պոտենցիալ մահացու բարդության՝ Ռեյնոյի համախտանիշի առաջացմանը:շ

Մինչև որևէ դեղամիջոց խմելը, համոզվեք, որ այն ձեզ համար անվտանգ է, հաշվի առնելով հետևյալը՝

  • արդյոք ձեզ մոտ առկա չէ՞ մեկ այլ հիվանդություն, որի ընթացքը ջերմիջեցնողները կարող են վատթարացնել (օրինակ՝ գաստրիտ, 12-մատնյա աղու խոց)
  • արդյոք այլ դեղեր չե՞ք ստանում, որոնց հետ ջերմիջեցնողները կարող են անցանկալի փոխազդեցություն դրսևորել
  • արդյոք դուք հղի կամ կրծով կերակրող չե՞ք։

Դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցներ

Կախված տենդի պատճառից, բժիշկը կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ, հատկապես, եթե կասկածում է բակտերիալ վարակի առկայություն, օրինակ՝ բակտերիալ թոքաբորբ (պնևմոնիա) կամ ըմպանաբորբ (ստերպտոկոկային ֆարինգիտ):

Հակաբիոտիկները չեն բուժում վիրուսային վարակները, սակայն կան սակավաթիվ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են նշանակվել որոշ վիրուսային վարակների ժամանակ: Այնուամենայնիվ, թեթև վիրուսային վարակների լավագույն բուժումը հաճախ միայն հանգիստն է և առատ հեղուկները:

Նորածինների բուժումը

Եթե նորածնի, հատկապես մինչև 28 օրական երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն, ամենայն հավանականությամբ կա հիվանդանոցային պայմաններում հետազոտությունների և բուժման կարիք: Այս տարիքի երեխաների մոտ բարձր ջերմությունը կարող է վկայել ծանր վարակի մասին, որը պահանջում է ներերակային դեղամիջոցներ և շուրջօրյա բժշկական վերահսկում:

Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021