Ֆիբրոմիալգիա. բուժում

Ֆիբրոմիալգիա. բուժում

Ֆիբրոմիալգիայի վերջնական բուժում գոյություն չունի, սակայն ճիշտ բուժական մոտեցմամբ հնարավոր է մեղմացնել ցավերը և մկանային լարվածությունը:

Կարևոր է, որ ֆիբրոմիալգիայով մարդիկ հնարավորինս շատ տեղեկություն ստանան իրենց առողջական խնդրի և ախտանիշների մասին և բուժման մեջ ակտիվ դեր ստանձնեն:

Ընդհանուր առմամբ ֆիբրոմիալգիայի բուժումը ներառում է ինչպես դեղաբուժումը, այնպես էլ ինքնօգնության մոտեցումները: Երկու դեպքում էլ շեշտը պետք է դրվի ախտանիշների առավելագույնս մեղմացման և ընդհանուր առողջական վիճակի բարելավման վրա: Չկա որևէ դեղ կամ միջոց բոլոր ախտանիշների համար, սակայն տարբեր մոտեցումներով կարելի է հասնել հանրագումարային բուժական ազդեցության:

Դեղեր

Դերերը կարող են օգնել ֆիբրոմիալգիայի թիվ մեկ ախտանիշ համարվող ցավերի մեղմացմանը և քնի բարելավմանը:

  • Ցավազրկողներ. առանց դեղատոմսի վաճառվող սովորական ցավազրկող դեղերը կարող են օգտակար լինել: Դրանցից են՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ), Իբուպրոֆեն կամ Նապրոքսեն: Օփիոիդային ցավազրկողներ խորհուրդ չի տրվում, քանի որ ունեն զգալի կողմնակի ազդեցություններ, կարող են առաջացնել կախվածություն և ժամանակի ընթացքում վատթարացնել ցավը:
  • Հակադեպրեսանտներ. Դուլոքսետինը և Միլնացիպրանը կարող են օգնել ֆիբրոմիալգիայի հետ կապված ցավի և ընդհանուր թուլության մեղմացմանը: Բժիշկը կարող է նաև նշանակել Ամիտրիպտիլին կամ մկանային ռելաքսանտ համարվող Ցիկլոբենզապրին, որպեսզի նպաստի քնի կարգավորմանը:
  • Հակացնցումային դեղեր. էպիլեպսիայի բուժման մեջ կիրառվող դեղերը հաճախ օգտակար են ցավի որոշ տեսակների մեղմացման համար: Գաբապենտինը երբեմն նվազեցնում է ֆիբրոմիալգիայի ախտանիշները:

Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)

Տարբեր ոչ դեղորայքային բուժումներ կարող են օգնել ձեր առօրյա կյանքի վրա ֆիբրոմիալգիայի բացասական ազդեցությունների նվազեցմանը:

  • Ֆիզիոթերապիա. ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել վարժանքներ, որոնք որոշ չափով կբարելավեն ձեր ուժը, ճկունությունը և դիմացկունությունը: Ջրային վարժանքներն ունեն առանձնահատուկ օգտակարություն:
  • Զբաղվածության թերապիա. զբաղվածության թերապևտը կարող է օգնել, որ ձեր աշխատանքային միջավայրում անեք որոշ համապատասխանեցումներ և «շտկումներ»՝ ուղղված ձեր մարմնի վրա ֆիզիկական լարվածության նվազեցմանը:
  • Խորհրդատվություն. խորհրդատուն կարող է օգնել ձեր ունակությունների ամրապնդմանը և սովորեցնել մոտեցումներ, որոնք կարող են նպաստել սթրեսային իրավիճակների հաղթահարմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021