Առողջական խնդիրներ
Սննդային ալերգիաներ

2 րոպե
Սննդային ալերգիան զարգանում է, երբ սննդի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ձեր իմունային համակարգը դրսևորում է սուր ալերգիկ ռեակցիա:
Ընդ որում, սննդի այն բաղադրիչը, որը ձեզ համար հանդիսանում է ալերգեն և առաջացնում ալերգիկ ռեակցիա, ինքնին անվնաս նյութ է և այլ մարդկանց մոտ որևէ խնդիր չի առաջացնում:
Սննդային ալերգիան կարող է լինել թույլ կամ ծանր ընթացքով: Երեխաների մոտ դիտվող սննդային ալերգիայի բազմաթիվ տեսակներ կարող են նրա աճի ընթացքում աստիճանաբար անհետանալ:
Մեղմ սննդային ալերգիայի ախտանիշներից են՝
- եղնջացան (մաշկի վրա կարմիր կլոր բծեր)
- դեմքի և հարբերանային շրջանի այտուցվածություն
- փսխում
- որովայնի (ստամոքսի) շրջանում անհարմարության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ:
Ծանր սննդային ալերգիան բնորոշվում է հետևյալ նշաններով՝
- շնչառության խնդիրներ՝ հևոց և շնչարգելություն, որը թույլ չի տալիս, որ դուք մի քանի բառից ավելի խոսք արտաբերեք
- շնչառությանն ուղեկցող խզզոցներ, որը կարող է լսվել տարածության վրա
- հազ
- կոկորդում օտար մարմնի կամ սեղմվածության զգացում
- զարկերակային ճնշման անկում (հիպոտոնիա) կամ կոլապս
- «աչքերի առաջ սևանալու» զգացում կամ գլխապտույտ
- փորլուծություն:
Ծանր դեպքերում կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա:
Որոշ սննդամթերքներ ավելի հաճախ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, քան մյուսները: Այսպիսի «ալերգիկ» մթերքներից են՝
- կաթնամթերքներ (ներառյալ կաթը)
- գետնանուշ (արախիս)
- ընկույզի և նուշի տարբեր տեսակներ
- ձու
- սոյա
- գլյուտեին պարունակող հատիկավորներ (ցորեն, գարի, տարեկան և վարսակ)
- ձկնեղեն և խեցգետնակերպեր
- որոշ մրգեր (օրինակ՝ ելակ):
Ալերգենի թեստավորում
Եթե ձեզ մոտ եղել և կրկնվում են սննդային ալերգիկ ռեակցիաները, դուք կարող եք զրուցել ձեր բժշկի հետ ալերգենային իմունոթերապիայի օգուտների և անվտանգության մասին: Նման դեպքերում մաշկային հատուկ փորձերի միջոցով ճշտվում է ձեր ալերգենը, այսինքն այն սննդամթերքը, որն ամենահավանականն է, որ ձեզ մոտ առաջացնում է ալերգիկ ռեակցիա:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2018 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: